Վարդան Մինասյան.Պետք է կարողանաս գնահատել այն, ինչ ունես ու այդ ժամանակ կզգաս, որ երջանիկ ես13 դեկտեմբերի 2011 PanARMENIAN.Net - Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը PanARMENIAN.Net – ին տված հարցազրույցի երկրորդ մասում ներկայանում է մարզչի աշխատանքից դուրս: Մինասյանը պատմում է՝ ինչպես է ծանոթացել իր կնոջ հետ, ինչու չի սիրում «երազանք» բառը, առանց ինչի չի պատկերացնում իր կյանքն ու ինչ է խորհուրդ տալիս լրագրողներին: Խոսենք Վարդան Մինասյանից առօրեա կյանքում, ինչո՞վ է նա տարբերվում Վարդան Մինասյան մարզչից: Ավելի շատ նմանություն կա, քան տարբերություն: Ասում են չէ, որ ֆուտբոլիստն ինչպիսին խաղադաշտում է, այնպիսին էլ կյանքում է: Նույնը կարող եմ ասել նաև իմ մասին: Պարզապես ֆուտբոլում էլ ավելի պահանջկոտ եմ: Մարզչի աշխատանքը շատ ստեղծագործական է, ու շատ կաևոր է ոգևորության աղբյուր ունենալը: Ի՞նչն է Ձեզ մղում նոր գաղափարների ու մտքերի: Հովհաննես Թումանյանի քառյակները նույնիսկ չգիտեմ էլ քանի անգամ եմ վերընթերցել ու ամեն անգամ նրանցից նոր բան եմ սովորում: Կյանքի տարբեր իրավիճակներում, երբ ընկճվածություն կամ էլ նեղվածություն է լինում մոտս, ես անպայման կարդում եմ Թումանյան: Կարդալով այս հանճարեղ գրողի քառյակները` կյանքին ավելի ռեալ եմ սկսում նայել, զգում եմ, որ շատ ավելի կարևոր բաներ կան: Այսօր կյանքի ռիթմն այնքան արագ է, որ ընկնում ես հոսանքի մեջ ու շատ բաներ մոռանում ես կամ չես նկատում: Թումանյանն ինձ հետ է բերում ռեալ կյանք: Սա է ինձ շատ ոգևորում ու տրամադրում: Կարծում եմ, պետք է մեկ-մեկ էլ կտրվես ֆուտբոլից, որ հետո ավելի կարոտած հետ վերադառնաս: Ֆուտբոլային ի՞նչ երազանք եք ունեցել, որ արդեն կարողացել եք իրագործել: Ես երազանք բառը չեմ սիրում: Որ ասում են երազանք, ինձ թվում է, ինչ-որ մեկը նստում է մի տեղ ու պարզապես սկսում է երազել: Ես իմ առջև դնում եմ ռեալ նպատակներ ու փորձում եմ հասնել դրանց: Ասում են, որ պետք է ձգտես անհնարինին, որպեսզի ունենաս մաքսիմումը, բայց ես այդքան էլ համաձայն չեմ այս մտքի հետ: Մեր հավաքականի հետ կապված իմ նպատակներից է, որ այն մասնակցի Եվրոպայի կամ աշխարհի առաջնությունների եզրափակիչ փուլերին ու կապ չունի, թե ով կլինի թիմի մարզիչը կամ էլ ով կխաղա թիմում:
Դուք միշտ այնքան նորաձև ու գեղեցիկ եք հագնվում, հետևո՞ւմ եք նորաձևությանը: Այո, ես հետևում եմ նորաձևությանը և գտնում եմ, որ մարդու համար կարևոր է կոկիկ ու գեղեցիկ տեսքը: Կարծում եմ, արտաքինն էլ է շատ բան ասում մարդու մասին ու միշտ պետք է հավուր պատշաճի ներկայանալ: Ասացիք, որ սիրում եք կարդալ: Սովորաբար ի՞նչ գրքեր եք ընթերցում և ո՞ր հեղինակներին եք նախապատվություն տալիս: Ինչպես նշեցի, Թումանյանն իմ ամենասիրելի գրողն է: Նա հանճար է ու աշխարհահռչակ մտածող: Նրա ստեղծագործությունները միշտ էլ կլինեն ակտուալ, որովհետև ինչ որ գրել է, այսօր մենք տեսնում ենք կյանքում: Վերջերս կարդում եմ արտասահմանյան գրականություն, վերջին գիրքը Կոելյոից եմ ընթերցել: Ձեզ երջանիկ մարդ համարո՞ւմ եք ու, ըստ ձեզ, ի՞նչ է պետք լիակատար երջանիկ լինելու համար: Շատ լավ հարց էր: Այո, ես ինձ համարում եմ երջանիկ մարդ: Հաճախ երջանկությունը մեր կողքին է լինում, բայց մենք դա չենք տեսնում, ուղղակի հարկավոր է գնահատել այն: Միշտ մարդկանց թվում է, որ մի այլ տեղ ավելի լավ է, բայց կարծում եմ դա այդպես չէ: Պարզապես պետք է կարողանաս գնահատել այն, ինչ ունես ու այդ ժամանակ էլ կզգաս, որ երջանիկ ես: Իսկ որքանո՞վ է ընտանիքը ձեզ աջակցում ու օգնում դժվարին պահերին: Այնքանով, որ ծանր օրից հետո ես գնում եմ տուն ու այնտեղ ինձ լիակատար հանգիստ եմ զգում: Իմ ընտանիքն ինձ իսկապես շատ է օգնում ու շատ լավ է, որ ես կենցաղային խնդիրներին շատ չեմ խառնվում: Տան հարմարավետությունն ու հանգստությունն ինձ տալիս են նոր լիցքեր աշխատանքիս համար:
Եթե դեմ չեք, խոսենք նաև ձեր կնոջից: Երկրպագուներից շատերին է հետաքրքրում, թե ինչպես եք ծանոթացել նրա հետ ու ամուսնության առաջարկություն անել: Պատմեք նաև ձեր երեխաների մասին: Ես չեմ սիրում անձնական կյանքից խոսել: Ինչպես ենք ծանոթացե՞լ, դե մենք մի դասարանում ենք սովորել ու դժվար չէր ծանոթանալ կնոջս հետ (ծիծաղում է), 7 տարեկանից ճանաչում ենք իրար: Կինս` Գոհարը, մասնագիտությամբ բանասեր – թարգմանիչ է, ավարտել է Երևանի պետական համալսարանը: Կինս, ի դեպ, Վահագն Դավթյանի թոռն է: Տղաս` Վահեն, հաճախում էր «Փյունիկի» դպրոց, բայց մի քանի ամիս առաջ դուրս եկավ ու իր կրթությամբ է զբաղվում: Նա շատ է սիրում ուսումնասիրել լեզուներ ու պատմություն: Ես իր հետ խոսել ու ասել եմ ֆուտբոլիստի առավելությունները, բայց պարտադիր չէ, որ ինքը ֆուտբոլիստ դառնա, և նա էլ որոշեց իր մասնագիտությունը: Աղջիկս` Նանեն, 11 տարեկան է, նա մեր տան աշխուժությունն է, և երբ տանը չի լինում, մի բան անպայման պակասում է: Ոնց որ ընկերս է ասում, նա մեր տան էներգիան է: Զգացվում է, որ դուք ձեր սաների հետ շատ ջերմ հարաբերություն ունեք: Որքանո՞վ է այդ մտերմությունը խաղադաշտից դուրս օգնում թիմում առողջ մթնոլորտ ունենալուն: Մեր հարաբերությունները շատ լավ են, ու դա չի խանգարում, որ ես մարզումների ժամանակ նրանց ասեմ իրենց սխալների մասին: Սակայն շատ բաներ էլ ես եմ նրանցից սովորում, ու շնորհակալ եմ դրա համար: Իրոք իմ բախտը բերել է, քանի որ տարիքային տարբերությունը իմ ու տղաների միջև մեծ չէ, ու մեր նախասիրությունները շատ չեն տարբերվում: Ինչքան թիմում կարողանաս ստեղծել ընտանեկան մթնոլորտ, այնքան ֆուտբոլիստն իրեն անկաշկանդ կզգա: Մարդու հնարավորություններն անսահմանափակ են, ու ինչքան միջավայրը լավ ու առողջ լինի, այնքան նրանք իրենց պոտենցիալը կդրսևորեն: Հավաքականը գլխավորելուց հետո Ձեր մեջ ինչ որ բան փոխվե՞լ է: Մի բան եմ նկատել, որ մարդիկ սկսել են ավելի ուշադրություն դարձնել, բայց ճիշտն ասած, չեմ սիրում ուշադրության կենտրոնում լինել: Իսկ իմ մեջ բան կարծես թե չի փոխվել, ես ունեմ սկզբունքներ ու փորձում եմ դրանց չդավաճանել: Հետևո՞ւմ եք մամուլում գրված նորություններին ու Ձեզ վրա կարո՞ղ է այս կամ այն հոդվածն ազդեցություն ունենալ: Հետևում եմ ինչպես մարզական, այնպես էլ այլ նորությունների: Կարծում եմ, որ մարդ ամեն ինչից պետք է տեղեկացված լինի: Սոցիալական ցանցերից չեմ օգտվում, քանի որ դրա կարիքը չեմ զգում: Ասում են, պետք է նաև նման ձևով շփվեմ մարդկանց հետ, բայց ես ասուլիսներին լրագրողների միջոցով շփվում եմ նրանց հետ: Այսինքն ինչ-որ չափով ձեզ վրա է ընկնում պատասխանատվությունը, դուք էլ այնպիսի հարցեր տվեք, որ երկրպագուների հետաքրքրությունները բավարարվեն (ժպտում է): Եթե փորձեք ամփոփել 2011 թվականը, Ձեզ համար 3 ամենանշանակալից իրադարձությունները որո՞նք էին: Մի փաստ կառանձնացնեմ. ես տեսա, թե հավաքականի հաղթանակներից հետո ինչպես են ուրախացել ու ցնծացել մարդիկ: Քանի որ ֆուտբոլի մեջ եմ, շատ բան չեմ զգում, երբ հետո տեսա տեսագրությունները, իսկապես զարմացա: Ֆուտբոլը սոցիալական մեծ ազդեցություն ունի, ու հաղթանակը շատ բան կարող է անել մարդկանց հետ: Ես կառանձնացնեի հենց ֆուտբոլային վերածնունդը:
Ձեր ամենասիրած մուլտֆիլմը: Հայկական մուլտերն եմ շատ սիրում, հատկապես Ռոբերտ Սահակյանցի: Նաև «Աշխարհի շուրջն 80 օրում», որը միշտ Նոր տարվա ժամանակ էին ցույց տալիս ու շատ էի սիրում նայել: Իսկ ֆիլմը: Մեր հայկական ֆիլմերն եմ սիրում, Մհեր Մկրտչյաի կամ էլ ասենք Արմեն Ջիգարխանյանի մասնակցությամբ: Այն ինչ այսօր մենք ապրում ենք, արտացոլված է այդ ֆիմերում: Շատ եմ սիրում խորհրդային ժամանակաշրջանում նկարահանված ֆիլմեր, որոնք ուսուցողական են ու շատ ավելի լավն են, քան այսօրվա հոլիվուդյան ֆիլմերը: Ձեր ամենասիրելի ուտելիքը: Տոլմա, օրիգինալ չլինեմ էլի (ժպտում է): Ձեր ուժեղ կողմը: Չգիտեմ: Ես շատ եմ կարևորում մարդկային փոխհարաբերությունները: Երբեմն ասում են ինչ-որ բան բացատրելու համար պետք է գոռալ, բայց ես դա չեմ ընդունում: Կա խոսք ու պետք է հասկանալ իրար նորմալ խոսելով, եթե խոսքով չենք հասկանում, ուրեմն չենք կարող միասին աշխատել: Ի՞նչ երբեք չեք անի: Կարծում եմ մարդն անկանխատեսելի էակ է: Մեկ-մեկ ասում են, կարո՞ղ ես մարդ սպանել, սա այնպիսի հարց է, որ չես կարող ասել այո կամ ոչ: Երբեք չես իմանա ինչ կանես կամ չես անի: Բայց էլի կկրկնեմ, որ ամեն դեպքում ես չեմ դավաճանի իմ սկզբունքները: Ես չեմ պատկերացնում իմ կյանքն առանց… Իմ ընտանիքի: Ես ուզում եմ, որ մի օր… Հայաստանի հավաքականը դուրս գա Եվրոպայի կամ աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ: Ես ահավոր չեմ սիրում… Անպատասխանատվությունը, ոչ պրոֆեսիոնալիզմը: Ինձ համար ամենատաղանդավոր մարդը… Միանշանակ չեմ կարող ասել, օրինակ կան մարդիկ, ովքեր վատն են եղել, բայց մեկ է` տաղանդավոր են: Ինձ բախտ է վիճակվել զրուցել Վահագն Դավթյանի հետ, ու ինքն այնքան հետաքրքիր էր խոսում ու պատմում, որ ես նստած ուղղակի լսում էի ու չէի էլ փորձում ընդհատել: Վ տառով միակ բառը… Վայ (ծիծաղում է): Իրականում ֆուտբոլը… Աշխատանք է, շատ սիրելի աշխատանք:Հասմիկ Բաբայան, Գոհար Նալբանդյան | Համազեկուցող․ ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է մի շարք պահանջներ կատարի Ադրբեջանը նաև պետք է իր պարտավորությունները կատարի մարդու իրավունքների ոլորտում Տոնոյան․ Եթե երկրի ղեկավարը կախիչների որակը զննելու ժամանակ ունի, թող նաև հրթիռները «զննելու» ժամանակ գտնի Ըստ նրա, զննության արդյունքներով հօդս են ցնդել հրթիռներին տրված «անորակ», «անպիտան» և «ժամկետանց» որակումները Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Կուլիասը նշել է, որ ապրիլի 24-ին ոգեկոչվում է Հայոց ցեղասպանության «սև տարելիցը» Փաշինյանը ԵԱՀԿ ՄԽ Ֆրանսիայի համանախագահի հետ քննարկել է տարածաշրջանային հարցեր Քննարկվել են Հայաստան-Ֆրանսիա համագործակցության հետևողական զարգացմանը վերաբերող օրակարգային հարցեր |