2011թ. հայկական ընկերությունները հասկացան, որ տեղեկատվական անվտանգության համար պետք է գումարներ ծախսել

Սամվել Մարտիրոսյան.

2011թ. հայկական ընկերությունները հասկացան, որ տեղեկատվական անվտանգության համար պետք է գումարներ ծախսել

PanARMENIAN.Net - Տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) և տեղեկատվության անվտանգության (ՏԱ) մասնագետ Սամվել Մարտիրոսյանը 2011-ի ընթացքում բազմիցս հանդես է եկել մամլո ասուլիսներով և ներկայացրել Հայաստանում տեղեկատվական անվտանգության վիճակն ու զարգացումները։ PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում, Սամվել Մարտիրոսյանն ամփոփեց 2011-ը և կանխատեսումներ արեց 2012 թվականի համար տեղեկատվության անվտանգության տեսանկյունից։
Ինչպե՞ս եք գնահատում հայկական կայքերի անվտանգության մակարդակը 2011-ի ընթացքում:
2011-ին ինչ-որ առումով անվտանգության մակարդակը բավական բարձրացել է։ Այն կազմակերպությունները, որոնք միշտ գումար են ունեցել, վերջապես հասկացել են, որ անվտանգության համար արժե և պետք է մեծ գումարներ ծախսել։ Սակայն մյուս կողմից, կան մեծ քանակի կայքեր, որոնք լուրջ չեն. չեն հետևում անվտանգությանը և ոչ էլ գումարներ ունեն անվտանգության համար ներդրումներ անելու։ Սա նորմալ գործընթաց է։

Տարվա ընդհանուր միտումը և դինամիկան լուրջ մոտեցումն էր անվտանգությանը։ Օրեցօր աճող հարձակումները սովորեցրել են մարդկանց, որ անվտանգությունը կարևոր է։

Սակայն շատ դեպքերում էլ անվտանգությունը ոչ այնքան կայքերի խնդիրն է, որքան հոսթինգի։ 2011-ին ամենազանգվածային հաջողված հարձակումները եղել են հենց հոսթինգներին ուղղված և ոչ առանձին կայքերին։ Հայաստանում հոսթինգի խնդիրը դեռ ետ է մնում։ Ըստ իս, հոսթինգի անվտանգությունն ավելի քիչ քննարկված թեմա է, քան կայքերինը։ Հասարակությունը շատ է խոսում կայքերի անվտանգությունից՝ մոռանալով հոսթինգների պաշտպանված լինելու կամ չլինելու փաստը։

Ըստ Ձեզ որո՞նք են 2011-ի ամենամեծ և տպավորիչ հաքերային հարձակումները:
Համացանցում համաշխարհային մակարդակով ամենալուրջ զանգվածային հաքերային հարձակումները կատարում էր Anynomous հաքերային խմբավորումը։ Նրանց հաջողվեց կոտրել թե՛ պետական կառավարական կայքեր, թե՛ մեծ ընկերությունների համակարգեր։ Սակայն, պետք է նշել, որ այս խմբավորումը ոչ թե բարբարոսական կամ ֆինանսական հարձակումներ էր կատարում, այլ պայքարում էր ցանցում ազատության համար։ Նրանք այսպես կոչված կիբերանարխիստներ են։

Դե իսկ Հայաստանում 2011-ին երկու մեծ հարձակում եղավ։ Տարվա սկզբում՝ հունվարին մոտ 200 կայք, որոնք գտնվում էին միևնույն սերվերի վրա, հարձակման ենթարկվեցին թուրք հաքերների կողմից։ Իսկ մյուս զանգվածային հարձակումը վերջերս էր՝ նոյեմբերին. ադրբեջանցիների կողմից կոտրվել էր գրեթե 100-ից ավելի կայք՝ կրկին միևնույն սերվերում գտնվող։ Փաստորեն երկու դեպքերում էլ հոսթիգի անվտանգության խնդիր էր։ Քանի որ պետական սեգմենտում լուրջ կայք չի կոտրվել, այդ երկուսն են եղել տարվա զանգվածային հարձակումները։

Իսկ հայ հաքերները ձեռնարկե՞լ են պատասխան հարձակումներ:
Այո, եղել է մի քանի փոքր պատասխան՝ ադրբեջանական լրատվականների և հանրային հեռուստաընկերության կայքերին ուղղված։ Սրանք բոլորը ցուցադրական հարձակումներ են եղել. որ մենք էլ կարող ենք։ Հայկական կողմը կիբերբարբարոսություններով գրեթե չի զբաղվում։

Ինչպիսի՞ն են կանխատեսումները 2012-ի համար։ Վիրուսների և վնասակար ծրագրերի տարածման ո՞ր մեթոդներն են «մոդայիկ» լինելու հաքերների շրջանում:
Անվտանգության խոցելիությունը հիմնականում առաջանում է այնտեղ, որտեղ մեծ շուկա կա։ Օրինակ դրանք են բջջայինները և պլանշետները, Android օպերացիոն համակարգը, որն այսօր ամենաաճողն է։ Մյուս խոցելի շուկան է էլեկտրոնային կոմերցիան, օնլայն banking-ը։ Հենց այս աճող շուկաներում հաքերների տեսանկյունից իմաստ ունի լուրջ ներդրումներ անել։

Հաշվի առնելով, որ Հայաստանում նոր է սկսում էլեկտրոնային կոմերցիան զարգանալ և իրականության մի մաս դառնալ՝ ուշ թե շուտ մենք էլ կդառնանք թիրախային շուկա։ Դե իսկ ստանդարտ թիրախային շուկան հիմնականում սոցցանցերն են, ուր համաճարակային հարձակումներ են կատարում վնասակար հղումներով, տեսանյութերով, ծրագրերով՝ հատկապես պոռնոգրաֆիկ բնույթի։

Ինչպե՞ս անել, որ վտանգներով լի գալիք 2012-ին մեր համակարգիչները և տեղեկատվությունը չվտանգվեն։
Պետք է միշտ ուշադիր լինել, թե ինչ հղում ես սեղմում, ինչ ֆայլ է և այլն։ Լավ է, երբ օպերացիոն համակարգը լիցենզիոն է կամ գոնե բաց կոդով գրված (open source): Որքան քիչ լինեն ոչ օրինական ծրագրերը, այնքան ապահով կլինի։ Բացի այս ամենից, հակավիրուսային ծրագիրը պետք է մշտապես թարմացնել, ունենալը քիչ է։ Այսքանը որ արվի, դրախտ կլինի։

Լուսինե Պառավյան / PanARMENIAN News
---