Ծովի, մեղրի և Սևանա լճի մասին

Զիադ Աթալլա.

Ծովի, մեղրի և Սևանա լճի մասին

PanARMENIAN.Net - Դիվանագետի մասնագիտությունը հնագույն մասնագիտություններից է, որի ակունքները հասնում են դեռ Հնագույն աշխարհ: Բարձրագույն ներկայացուցչական առաքելությունը ստիպում է հասարակությանը դիվանագետներին նայել որպես պաշտոնատար անձանց՝ միաժամանակ բաց թողնելով մարդկային և անհատական գործոնը: PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում Լիբանանի գործերում ժամանակավոր հավատարմատար Զիադ Աթալլան համաձայնվեց պատմել Հայաստանում եղած ժամանակ ձևավորված տպավորությունների մասին և կիսվել իր հետ պատահած հետաքրքիր պատմություններով:

«Ես հաճելիորեն զարմացած էի, երբ եկա Երևան…»,- խոսքը սկսեց պարոն Աթալլան,- «Մինչև ժամանելն իմ ընկերները շատ հակասական կարծիքներ էին հայտնել Հայաստանի մասին, ոմանք ասում էին, որ այստեղ չկա էլեկտրականություն, և Երևանը քաոսային քաղաք է, մյուսներն ասում էին, որ Երևանը հիանալի քաղաք է և այլն»:

Այսքան հակասական կարծիքները ստիպեցին Աթալլային գալ Երևան առանց ինչ-որ նախապաշարմունքների, որպեսզի ստեղծի իր, մյուսներից առանձին տպավորությունները:

Երևանում ամենաաչքի ընկնող երևույթն Աթալլայի համար անվտանգությունն էր, որը նա զգաց՝ լինելով այստեղ. «Երևանը շատ անվտանգ քաղաք է: Բացի դրանից, ինձ դուր է գալիս եղանակը, չնայած նրան, որ խոնավությունն ավելի քիչ է, քան Լիբանանում, մարդիկ բավական բարյացակամ են, խոսում են նորմալ անգլերենով, այստեղից Լիբանան ինքնաթիռով երկու ժամ է…Այսինքն, կարելի է ասել, ես բավական շատ առավելություններ գտա Հայաստանում աշխատանքի մեջ»:

Իսկ արդյոք հեշտ հարմարվեցի՞ք հայերի կենսակերպին: Ինչ-որ տարօրինակ բան կա՞ր, որի հետ ստիպված եղած բախվել Երևանում:
Մինչև Երևանը ես աշխատել էի Տոկիոյում, այնուհետև՝ Վաշինգտոնում և, կարելի է ասել, ես վարժվել էի արագ հարմարվել իրավիճակին և տարբերություններ ու նմանություններ գտնել լիբանանյան հասարակության և տվյալ երկրի հասարակության միջև: Եթե անկեղծ, հայերի և լիբանանցիների միջև մեծ տարբերություն չկա: Երկու ժողովուրդների խոհանոցները նույնպես շատ նման են: Եթե խոսելի ուտելիքի մասին, ինձ հատկապես դուր են գալիս ձեր մրգերը և բանջարեղենը: Միակ բանը, որը, իմ կարծիքով, անհրաժեշտ է Հայաստանին, ծովն է… Ծովն ազդում է մարդկանց բնավորությունների, նրանց կենսակերպի վրա, և ամեն ինչից զատ ես նախընտրում եմ միշտ հանգստանալ ծովի մոտ:

Քանի որ Հայաստանում ծով չկա, Աթալլան հաճախ է լինում Սևանա լճում: Ինչպես կիսվեց նա PanARMENIAN.Net ի հետ, հենց Սևանա լիճ կատարած ուղևորություններից մեկի ժամանակ նրա հետ պատահել է մի դեպք:

«Մի անգամ մենք մեծ պատվիրակությամբ մեկնեցինք Գեղարդ, որտեղ եպիսկոպոսը հյուրիասիրեց մեզ տեղի համեղ մեղրով: Մեղրն այնքան լավն էր, որ մենք չափից շատ կերանք այն: Իսկ Գեղարդից հետո մենք պետք է մեկնեինք Սևան, քանի որ հրավիրված էինք ճաշի: Պատկերացնում եք, ինչ վատ զգացինք մեզ, երբ պարզվեց, որ ճաշացանկի մեջ մտնում են բացառապես ձկնային ուտեստներ, որոնք մենք նույնիսկ չփորձեցինք»:

Ամանորի նախաշեմին ցանկալի կլիներ իմանալ, թե ինչպես են լիբանանցիները նշում Նոր տարին:
Լիբանանցիների յուրահատկությունը նրանում է, որ մահմեդականները և քրիստոնյաները միշտ միասին են նշում բոլոր տոները: Ավելին, կարող եմ հավաստիացնել, որ Նոր տարին մահմեդականներն ավելի մեծ շուքով են նշում, քան քրիստոնյաները: Այդ մասին վկայում է տարվա այդ ժամանակ մահմեդական թաղամասերում դեկորացիաների առատությունը:

Լիբանանցիների մեծամասնությունը նախընտրում է Ամանորը դիմավորել տանը հարազատների հետ, իսկ ոմանք նշում են ակումբներում կամ ընկերների հետ: Սովորաբար այս շրջանում շատ լիբանանցիներ մեկնում են արտասահմանից հարազատներին տեսնելու համար, և Լիբանանում նախատոնական շրջանում միշտ եռուզեռ է տիրում:

Գոհար Կարապետյան / PanARMENIAN News
 Ուշադրության կենտրոնում
Կոստանյան․ Բաքվին ենք փոխանցել համաձայնագրի 8-րդ խմբագրությունը, սպասում ենք պատասխանի

Կոստանյան․ Բաքվին ենք փոխանցել համաձայնագրի 8-րդ խմբագրությունը, սպասում ենք պատասխանի Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա

---