Հայաստանում ճախրում է պատմության և հնության խորհրդավոր ոգին

Բրունո Սկապինի.

Հայաստանում ճախրում է պատմության և հնության խորհրդավոր ոգին

PanARMENIAN.Net - «Ինձ համար մեծ անակնկալ էր Իտալիայից հեռու նրան այդքան նման երկիր գտնելը թե մարդկանց կենսակերպի, թե բնավորության տեսանկյունից»,- Հայաստանում իր առաքելության մասին զրույցը սկսեց Հայաստանում Իտալիայի դեսպան Բրունո Սկապինին: Իտալացիներին բնորոշ հմայքով Սկապինին PanARMENIAN.Net-ի թղթակցին ներկայացրեց հայկական ավանդույթների, կենսակերպի իր ընկալումը, ինչպես նաև Հայաստանում կատարած ճամփորդությունների պատմությունները:

«Մի քիչ մտածելով՝ ես հասկացա, որ հայերի և իտալացիների նմանության պատճառն այն է, որ երկու երկրները Հռոմեական կայսրության ժամանակներից ի վեր ընդհանուր պատմություն ունեն, ինչպես նաև սերտ կապ քրիստոնության ակունքների հետ, ինչն ազդել է արժեհամակարգի և որոշակի աշխարհայացքի ձևավորման վրա»:

Դուք նշեցիք հայերի և իտալացիների բարքերի նմանության մասին, իսկ ինչ-որ տարօրինակ բան կա՞ր Ձեզ համար, երբ նոր էիք ժամանել Հայաստան:

Ես ոչ մի տարօրինակ բանի չհանդիպեցի, ամեն ինչ բավական բարյացակամ էր և հետաքրքիր: Կարող եմ ասել, որ այստեղ տիրում է պատմության և վաղեմության ոգին: Այն հատկապես զգալի է դառնում հնամենի եկեղեցիներում և վանքերում:

Հետաքրքիր է, որ Հայաստանն ինձ համար շատ յուրահատուկ լանդշաֆտով երկիր է: Հայաստանում կատարած ճամփորդությունների ժամանակ ես միշտ շատ տարօրինակ զգացողություն ունեի: Այն է՝ լեռներում քեզ միշտ թվում է, որ հորիզոնը չափազանց մոտ է, բայց միաժամանակ անհասանելի: Դա բոլորովին նման չէ Ալպյան լեռներ կատարած ճամփորդության ժամանակ ապրած զգացողություններին: Ավելին, չնայած բարձրությանը, լեռները, եթե կարելի է այդպես արտահայտվել, «բաց» են թվում, դրանք չեն ստեղծում ահռելիության զգացողություն և չեն ճնշում:

Իտալիայի դեսպանի սիրած վայրը Նորավանքն է, որտեղ «ձեռակերտ վանքը և ժայռերը ստեղծում են անսովոր ներդաշնակ տեսարան»:

Ինչի՞ց եմ ամենից շատ զարմացել Հայաստանում… Հավանաբար նրանից, որ հայերն արվեստի մեծ երկրպագուներ են, մասնավորապես երաժշտության և թատրոնի: Այս փոքր քաղաքում բավական շատ թատրոններ կան, որոնք միշտ լի են հանդիսատեսով:

Զրույցի ժամանակ Սկապինիի դեմքին անսպասելի հայտնվեց խորամանկ ժպիտ, որից հետո նա ասաց. «Ես որոշեցի կիսվել իմ դիտողություններով, որոնք Դուք կարոք եք մի հարթության վրա դնել երևույթների հետ, որոնք ինձ այստեղ զարմացրել են: Բայց այն, ինչ կասեմ ավելի շատ ոչ թե տարօրինակություն է, հետաքրքիր փաստ. ես նկատել եմ, որ գեղեցիկ աղջիկների թիվը Հայաստանում ավելի շատ է, քան գեղեցիկ երիտասարդների...»:

Այնուհետև բարձրաձայն ծիծաղելով՝ դեսպանն անբռնազբոսիկ նշեց, որ դա ընդամենը կատակ էր, որում, իհարկե, ճշմարտության բաժին կա:

Գոհար Կարապետյան / PanARMENIAN News
 Ուշադրության կենտրոնում
Կոստանյան․ Բաքվին ենք փոխանցել համաձայնագրի 8-րդ խմբագրությունը, սպասում ենք պատասխանի

Կոստանյան․ Բաքվին ենք փոխանցել համաձայնագրի 8-րդ խմբագրությունը, սպասում ենք պատասխանի Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա

---