Վագները  հանգստյան օրվա լավ սկիզբ է

Զդիսլավ Ռաչինսկի.

Վագները հանգստյան օրվա լավ սկիզբ է

PanARMENIAN.Net - Դասական երաժշտության սիրահար և գիտակ Հայաստանում Լեհաստանի դեսպան Զդիսլավ Ռաչինսկին սովորություն ունի հանգստյան օրը սկսել Վագների երաժշտությունից: Այդ մասին դեսպանը կիսվեց PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ հարցազրույցում: «Կարծում եմ՝ Վագները օրվա լավ սկիզբ է: Նա արթնացնում է: Դա լավ խթան է ողջ օրվա համար... Թեև, իհարկե, ամբողջ օրը նրա ստեղծագործությունները լսելը բավական հոգնեցնող կլիներ»,- նկատեց նա:

Դեսպանի սիրած կոմպոզիտորներից է Բախը. «Սիրում եմ Բախին, որովհետև նա բազմապլանային է: Դա բարոկկո է, շատ հագեցած հնչեղություն, դա աշխարհի պատկերն է: Սակայն չի կարելի չնշել Մոցարտին: Նա թեթև է, հիանալի: Կարելի է ասել, նա նկարագրել է իր կյանքը: Բայց դրա հետ մեկտեղ նրա երաժշտությունը հստակ է ինչպես մաթեմատիկան, որտեղ անհնար է փոխել որևէ նոտայի տեղը»:

Նրա կարծիքով, ամենաերաժշտական կոմպոզիտորը Չայկովսկին է: «Մի կողմից թեթև, բայց միաժամանակ բավական ծանր ներքին դրամատուրգիայով»:

Դեսպանն անուշադրության չմատնեց այնպիսի վիրտուոզների արվեստը, ինչպիսիք են Լիստը և Շոպենը: «Շոպենը մարմնավորում է ժողվորդի ոգին՝ հպարտություն, նյարդայնություն, բայց միաժամանակ նրա ստեղծագործություններում առկա է երգեցիկություն և վիրտուոզություն, իսկ Լիստը վիրտուոզ է և դրանով ամեն ինչ ասվում է»:

Ռաչինսկին խոսում էր այնպիսի հափշտակվածությամբ, որ անհնար էր չվարակվել դասական երաժշտության հանդեպ աննկարագրելի մեծ սիրով:

Իսկ հայ կոմպոզիտորներից ո՞ւմ եք նախընտրում:

Ձեր հարցին պատասխանելու փոխարեն ես կպատմեմ մի պատմություն, որը պատահել է ինձ հետ... Դա առաքելության սկզբում էր, երբ ես նոր էի եկել Երևան: Մի անգամ ես գնացել էի Էջմիածին և այդ ժամանակ եկեղեցիներից մեկում մատուցվում էր պատարագ: Երբ լսեցի, համակվեցի հայոց լեզվի և կրոնական շարականների հանդեպ սիրով:

Հետաքրքիր է, որ Զդիսլավ Ռաչինսկու ամենասիրած վայրը Խոր Վիրապի եկեղեցին է:

«Հնարավոր է՝ այդ պատմությունն է այն այդքան գրավիչ դարձնում: Համենայն դեպս, այնտեղ ինչ-որ սրբազան բան կա...»,- նշեց դեսպանը:

Դեսպանը շատ է սիրում ժամանակ անցկացնել Երևանի սրճարաններում, որոնք գտնվում են Օպերայի և բալետի թատրոնի մոտ և զբոսնել Ծիծեռնակաբերդի այգում:

«Դիվանագետի կյանքը շատ կազմակերպված է, հստակ պլանավորված, այստեղ չեն կարող լինել անակնկալներ, էքսպրոմտներ... մենք պաշտոնյաներ ենք, բայց երբեմն ժամանակ ենք գտնում մեզ համար»:

Գոհար Կարապետյան / PanARMENIAN News
 Ուշադրության կենտրոնում
Կոստանյան․ Բաքվին ենք փոխանցել համաձայնագրի 8-րդ խմբագրությունը, սպասում ենք պատասխանի

Կոստանյան․ Բաքվին ենք փոխանցել համաձայնագրի 8-րդ խմբագրությունը, սպասում ենք պատասխանի Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա

---