2012-ին Երևանի հասարակական տրանսպորտում կներդրվի վճարման միասնական համակարգ

Վահագն Ծատուրյան.

2012-ին Երևանի հասարակական տրանսպորտում կներդրվի վճարման միասնական համակարգ

PanARMENIAN.Net - 2011-ին Երևանի քաղաքապետարանին կից գործող կառույցը՝ Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոնն իրականացրել է ավելի քան 10 նորարար նախագծեր՝ ուղղված Երևանի տրանսպորտի, քաղաքային տնտեսության և այլ ոլորտների բարելավմանը։ PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոնի փոխտնօրեն Վահագն Ծատուրյանը ամփոփեց 2011-ի նախագծերը և պատմեց 2012-ի նախատեսվող ծրագրերի մասին։
2011-ին ձեր կենտրոնի կողմից իրականացված ծրագրերի մեծ մասը տրանսպորտի ոլորտին էին առնչվում։ Դրանցից որո՞նք են ավարտվել և որո՞նք են դեռ պիլոտային փուլում գտնվում։
2011-ին մեկնարկել ենք քաղաքային տրանսպորտի ժամանակացույցը վերահսկող նախագծի պիլոտային փուլը, որի շրջանակներում Երևանի 4 ավտոբուսներում տեղադրվել են GPS մոնիտորինգային համակարգեր և 1 կանգառասրահում ժամանակացույցը ցուցադրող էլեկտրոնային վահանակ։ Ծրագիրը կշարունակվի նոր ավտոբուսների խմբաքանակի Երևան ժամանելուն պես։

Երկու ծրագիր գործարկել ենք Օրանժ Արմենիայի հետ համատեղ՝ կրկին պիլոտային փուլով։ Երևանի 5 ավտոբուսներում և 5 կանգառասրահներում տեղադրել ենք Wi-Fi անլար ինտերնետ տարածող Օրանժ MyFi մոդեմները, որոնք ապահովում են մինչև 7,2Մբ/վ արագությամբ ինտերնետ։

Տրանսպորտի ոլորտի մյուս ծրագրերից է Երևանի բանուկ փողոցներում կանգառասրահների դիտման նպատակով 60 տեսախցիկի տեղադրումը, որն իրականացրել ենք Տրանսպորտի վարչության և «Երևանտրանս» ընկերության հետ միասին։

Մյուս ծրագրերից էր շտապօգնության մեքենաներում և կոմունալ վարչության աղբատար մեքենաներում GPS համակարգերի տեղադրումը։ Սա գրաֆիկի վերահսկում է ապահովում, իսկ շտապօգնության մեքենաների դեպքում՝ որևէ պատահարի ժամանակ, GPS-ի միջոցով կարելի է իմանալ թե որ մեքենան է ավելի մոտ գտնվում և կապ տալ։ Գրեթե բոլոր աղբատար մեքենաների վրա արդեն տեղադրել ենք համակարգերը։ 2012-ին կավարտենք այս նախագիծը։

Քաղաքային տնտեսությանը նպաստող ծրագրերը որո՞նք էին։
Քաղաքային տնտեսության մասով Երևանի շենքերից մեկի վերելակում տեղադրել ենք վերելակների ավտոմատացված կառավարման համակարգ։ Դա մի համակարգ է, որը տեղադրվում է վերելակի վրա։ Այն հնարավորություն է տալիս օպերատորին օնլայն հետևել վերելակի աշխատանքին՝ մարդ կա կամ չկա ներսում, շարժ կա թե ոչ, ինչ տեխնիկական խնդիրներ են առաջացել, փչացել է արդյոք և այլն։ Բացի դրանից վերելակում մնացած քաղաքացին կարող է կապվել օպերատորի հետ և վերջինս մասնագետների խումբ կուղարկի՝ խնդիրը լուծելու համար։ Այս ծրագիրը դրական է գնահատել ՀՀ կոմունալ վարչության համապատասխան բաժինը։

Քաղաքային տնտեսությանը նպաստող մյուս ծրագիրը 2011-ին եղել է արտաքին լուսավորության ավտոմատացված կառավարման համակարգը։ Այն նույնպես փորձնական փուլով է մեկնարկել։ Քաղաքի լուսավորության մի հենակետում տեղադրել ենք այդ համակարգը, որը նպատակ ունի էլեկտրախնայողություն անել և խնդիրների դեպքում արագ արձագանքել դրա մասին սպասարկող ընկերությանը։ Համակարգն աշխատում է օնլայն ռեժիմով՝ ավտոմատ միացնելով և անջատելով լուսավորությունը։ Այդպես քաղաքի էլեկտրոնային քարտեզում երևում է, թե տվյալ գծում քանի լուսատու է միացած։ Այս նախագծի պիլոտային փուլին դեռևս անհրաժեշտ է 4-5 ամիս վերջնական արդյունքի համար։

Մյուս ծրագրերից էր QR կոդերով վահանակների տեղադրումը քաղաքի կենտրոնի հուշարձանների և պատմամշակութային շենքերի վրա։ Ծրագրի շրջանակներում 39 հուշարձանի և 53 շենքի վրա տեղադրվեցին QR կոդեր, որոնք պարունակում էին տվյալ հուշարձանի կամ շենքի մասին պատմող տեղեկություններ՝ կառուցման պատմությունը, նկարներ, հոլովակներ և այլն։ Այս ծրագրի պիլոտային փուլն ավարտվել է։ Ծրագիրը մեծ հետաքրքրություն է առաջացրել թե՛ քաղաքացիների շրջանում և թե՛ զբոսաշրջիկների։ 2012-ին հավանական է, որ կսկսվի ծրագրի 2-րդ փուլը։

Մենք կատարել ենք նաև ծրագրեր՝ ուղղված քաղաքացի-քաղաքապետարան շփման ապահովմանը։ Դրանցից են քաղաքապետարանի կայքում օնլայն դիմում ներկայացնելու և օնլայն զրույց-չաթ անելու հնարավորությունները, ինչպես նաև այդ դիմումի ընթացքին ՍՄՍ կարճ հաղորդագրության միջոցով հետևելու հնարավորությունը։ Բացի դրանից 2011-ին գործարկել ենք myyerevan.am նախագիծը, որը Երևանում կայանալիք իրադարձությունների մասին տեղեկատու է։

Փաստորեն Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոնը նախագծել է թե՛ Երևանի քաղաքապետարանի կայքը՝ Yerevan.am-ը, թե՛ myyerevan.am տեղեկատվական կայքը։ Իսկ ե՞րբ եք պատրաստվում գործարկել կենտրոնի սեփական կայքը։
Նախատեսում ենք 2012-ի հունվարին գործարկել մեր կենտրոնի կայքը, որտեղ կտեղադրենք մեր իրականացրած և իրականացման փուլում գտնվող բոլոր նախագծերի մասին տեղեկությունները։

2012-ին բացի պիլոտային ծրագրերի շարունակումից, ի՞նչ նոր նախագծեր է պատրաստվում իրականացնել Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոնը։
Մենք այժմ ուսումնասիրում ենք քաղաքային տրանսպորտի վճարման միասնական համակարգ ստեղծելու հնարավորությունը, որը մեր հետագա նախագիծն է՝ կապված երևանյան տրանսպորտի բարելավման հետ։ Անհրաժեշտ է, որ Երևանում լինի տոմսերի միասնական վճարման համակարգ, միգուցե քարտային տեսքով։ Նախատեսում ենք, որ լինի կարգավարական կետ, որտեղ կհավաքվի ողջ տեղեկատվությունը՝ որքան քարտ է լիցքավորվել և այլն։ Քաղաքացին հնարավորություն կունենա լիցքավորելու իր քարտը տերմինալների միջոցով։

Այս պահի դրությամբ մենք ուսումնասիրում ենք ուղևորահաշվարկի տեխոնոլգիան։ Անհրաժեշտ է իմանալ, թե կոնկրետ տրանսպորտից օրական քանի մարդ է օգտվում, մի ավտոբուսը քանի ուղևոր է տեղափոխում։ Ուսումնասիրում ենք նաև աշխարհում ընդունված տոմսային համակարգերը։

Բացի դրանից մտածում ենք, ինչպես մեկնարկել փորձարկման փուլը, ինչպես անել, որ արդյունավետ լինի։ Այս ծրագիրը ծախսատար է և ներդրումներ է պահանջում։

2012-ին կիրականացնենք նաև մի շարք այլ ծրագրեր, որոնք կլուծեն քաղաքացիների և քաղաքային տնտեսության խնդիրները նոր տեխնոլոգիաների միջնորդությամբ։

Ի՞նչ միջոցներով է կենտրոնն իրականացնում այս բոլոր նախագծերը։ Որքա՞ն է կազմում կենտրոնի բյուջեն։
Մեր կառույցը ֆինանսավորվում է Երևանի քաղաքապետարանի կողմից։ Թե որքան է կազմում բյուջեն, կոնկրետ չեմ կարող նշել։ Սակայն կան նախագծեր, որոնք մենք իրականացնում ենք մեր խնայած միջոցներով։ Մեկ անգամ եղել է նաև համագործակցություն միջազգային ընկերության հետ։

Լուսինե Պառավյան / PanARMENIAN News
---