Տեղեկատվական ոլորտի ընկերությունները ամփոփում են անցած տարին

Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ընկերությունները շարունակում են ամփոփել անցած տարին

Թեեւ 2009 թվականը ճգնաժամային էր Հայաստանի տնտեսության մի շարք ճյուղերի համար, Հայաստանում անցած տարվա հունվար-դեկտեմբեր ամիսներին ստացիոնար հեռախոսակապի եւ բջջային կապի ծառայությունների տրամադրումից ստացված հասույթը (առանց ԱԱՀ-ի, ընթացիկ գներով) կազմել է 164 422 մլն դրամ: Ընդ որում, Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 3.3 անգամ աճել է շահույթը ինտերնետ ծառայությունների մատուցման բնագավառում եւ կազմել 10 404.2 մլն դրամ:

PanARMENIAN.Net - Նույն ժամանակահատվածում բջջային կապի ծառայությունների տրամադրումից ստացված շահույթը կազմել է 105 766.6 մլն դրամ, իսկ ստացիոնար հեռախոսակապից՝ 40 341.2 մլն դրամ:

Փետրվարի 2-ին երեւանյան խանութներից մեկում 19-ամյա Լուսինե Հարությունյանը, ձեռք բերելով բջջային կապի Orange-Արմենիա ընկերության «Խոսենք» ծառայության SIM քարտը, դարձավ ընկերության 200 000-րդ բաժանորդը:

Այդ առնչությամբ ընկերության գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան նվերներ հանձնեց հոբելյանական հաճախորդին` նոութբուք համակարգիչ եւ «Ինտերնետ Հիմա» սակագնային փաթեթով միացում համացանցին:

Այս առիթով լրագրողների հետ հանդիպմանը Դյութուան նաեւ հայտարարեց, որ բաժանորդների թվի վերաբերյալ գրանցված արդյունքները գերազանցեցին ընկերության ակնկալիքները 10 տոկոսով:

«Ֆրանս Տելեկոմ խմբի» ապրանքանիշը հանդիսացող Orange-ը Հայաստանում շարժական հեռախոսակապի եւ ինտերնետի ծառայություններ է մատուցում 2009թ. նոյեմբերի 5-ից, եւ այս ընթացքում բաժանորդների թվով գրավել է բջջային կապի շուկայի մոտ 7 տոկոսը: Այս ցուցանիշով առաջատարը շարունակում է մնալ «ՎիվաՍելլ-ՄՏՍ» ապրանքանիշը, որը 2009-ի դեկտեմբերի դրությամբ ուներ 2 միլիոն 70 հազար բաժանորդ, որին հաջորդում է «Բիլայն» ընկերությունը՝ ավելի քան 502 հազար ակտիվ բաժանորդներով ( 2009-ի երրորդ եռամսյակ):

Շաբաթասկզբին մեկնարկեց Orange-ի նոր «Անվճար րոպեներ քո եւ քո ընկերների համար» առաջարկը, որը ուժի մեջ է մինչեւ փետրվարի 28-ը եւ նպատակ ունի խրախուսել նոր բաժանորդների միացումը այս բջջային օպերատորի ցանցին: Այդ ընթացքում ինչպես ներկայիս, այնպես էլ նոր միացող բաժանորդները կարող են հրավիրել իրենց ընկերներին միանալ Orange-ին եւ յուրաքանչյուր նոր ընկերոջ հետ ստանալ 300-ական անվճար րոպե Orange-ի ցանցում զանգեր կատարելու համար:

Այս շաբաթ նոր առաջարկությամբ հանդես եկավ նաեւ Beeline ապրանքանիշը ներկայացնող «ԱրմենՏել» ընկերությունը՝ կրկնապատկելով «Քեզ համար-էքսկլուզիվ» սակագնային պլանի մեկնարկային հաշվեկշիռը եւ այն հասցնելով 200-ից 400 դրամի:

Ինչպես PanARMENIAN.Net ին հայտնեցին «ԱրմենՏել» ՓԲԸ հասարակայնության հետ կապերի ծառայությունից, այս սակագնային պլանը, որը տարբերվում է բջջային ու ֆիքսված ցանցերում զանգերի, ինչպես նաեւ տվյալների փոխանցման ծառայությունների հավասարակշռված գներով, զգալի դեր է խաղացել տարվա վերջին Beeline-ի բաժանորդների թվի ավելացման մեջ:

***

Հայաստան-Եվրամիություն քաղաքական համագործակցության եռամյա ծրագրի համաձայն` 2012 թվականի հունվարից Հայաստանում պետք է ներդրվի էլեկտրոնային կառավարման ամբողջական համակարգ:

Փետրվարի 4-ին կայացել է Հայաստանում էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրման հայեցակարգի մշակման միջգերատեսչական աշխատանքային խմբի նիստը: Նիստը վարել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը: Նրա փոխանցմամբ, աշխատանքային խումբը մինչեւ սեպտեմբեր պետք է մշակի Հայաստանում էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրման հայեցակարգ:

Համակարգի ներդրումը հնարավորություն կտա տնտեսվարող սուբյեկտներին, պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմիններին աշխատել էլեկտրոնային հաղորդակցության միջոցով: Ենթադրվում է, որ համակարգի ներդրումը կհանգեցնի կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը, ավելորդ թղթատարության վերացմանը, բյուրոկրատական քաշքշուկների նվազեցմանը:

Միեւնույն ժամանակ, պաշտոնական գրագրությունը էլեկտրոնային հաղորդակցության միջոցով վարելու դեպքում կարիք է առաջանում ապահովել փոխանցվող տվյալների պաշտպանությունը: Այս նպատակով աշխատանքային խումբը պատրաստվում է մշակել եւ կառավարություն ներկայացնել «Տվյալների շտեմարանների մասին» եւ «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրինագծերը:

***

Business Software Alliance եւ IDC Global Software ամերիկյան ընկերությունների ուսումնասիրությունների համաձայն, Հայաստանը շարունակում է մնալ ոչ լիցենզավորված արտադրանքի խոշորագույն սպառողներից մեկը աշխարհում` Վրաստանի, Բանգլադեշի եւ Զիմբաբվեի հետ մեկտեղ: Տարբեր գնահատականներով, Հայաստանում օգտագործվող ծրագրային ապահովման ավելի քան 90 տոկոսը համապատասխան լիցենզիա չունի:

Մասնավորապես, Microsoft ընկերությունը տարեկան մինչեւ 50 մլն դոլար է կորցնում հայկական շուկայում ծրագրային ոչ լիցենզավորված արտադրանքի պատճառով: Այս մասին հայտարարել է Հայաստանում Microsoft ընկերության ներկայացուցչության տնօրեն Գրիգոր Բարսեղյանը: Microsoft-ի ներկայացուցչի խոսքերով, դա նշանակում է, որ համապատասխանաբար չեն վճարվում նաեւ պետությանը հասանելիք հարկերը: Նախորդ տարվա վերջում Microsoft ընկերությունը ներկայացրել է ոչ լիցենզավորված ծրագրերի պատճենների դեմ պայքարի ծրագիր:

«Այդ ծրագիրը լուրջ քննարկումների թեմա դարձավ էկոնոմիկայի նախարարությունում, որոնց արդյունքում ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվեց միջգերատեսչական հանձնաժողովը», - PanARMENIAN.Net ի թղթակցին հաղորդել է Գրիգոր Բարսեղյանը: Ըստ նրա, հանձնաժողովը քննարկում է օրենսդրության մեջ գոյություն ունեցող խնդիրները, միջազգային համագործակցության եւ հեղինակային իրավունքի պաշտպանությանը վերաբերող հարցերը:

Ուշագրավ է, որ Microsoft ընկերության տվյալներով, ՀՀ պետական կառույցների համակարգիչների միայն 30%-ն ունի լիցենզավորված ծրագրային ապահովում:

***

Վերջին օրերին Հայաստանում, ինչպես նաեւ ամբողջ աշխարհում, մեծ հետաքրքրություն է առաջացրել ամերիկյան Apple Macintosh ընկերության նոր առաջարկը` iPad դյուրակիր համակարգիչը:

Հայաստանում Apple Macintosh ներկայացուցչության տնօրեն Էռնեստ Մարդոյանը PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնել է, որ Հայաստանում iPad համակարգիչների գինը ԱՄՆ-ում հայտարարված գնից՝ 500 դոլար, ավելի կլինի մոտ 1.5 անգամ:

«Ամբողջ աշխարհն է սպասում iPad -ի վաճառքին», - ասել է Էռնեստ Մարդոյանը: Նա դժվարացել է ստույգ ժամկետ նշել, թե երբ նորույթը Հայաստանում կհայտնվի:

Ըստ պաշտոնական հայտարարությունների, ԱՄՆ-ում iPad -ը վաճառքի դուրս կգա երկու ամիս հետո:

***

Անցած տարվա նոյեմբերից Հայաստանում հնարավորություն է ստեղծվել ճանապարհային ոստիկանության սահմանած տուգանքները վճարել Telcell ընկերության շուրջ 300 վճարային տերմինալ-սարքերի միջոցով: Այս ընթացքում, ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում նշել է Telcell ընկերության մարքեթինգի գծով տնօրեն Սերգեյ Հյուսնունցը, առաջարկվող նոր ծառայությունից օգտվել է 1800 մարդ:

Նոր ծառայության շնորհիվ տուգանքի վճարումը տեւում է ընդամենը 2 րոպե, իսկ վճարման լրացուցիչ հաստատում հարկավոր չէ (այսինքն, հարկավոր չէ անդորրագիրը ներկայացնել ոստիկանություն, ինչը անհրաժեշտ պայման էր բանկային փոխանցման միջոցով վճարում կատարելիս): Վճարումը կատարելուց հետո վճարողը բջջային հեռախոսով այդ փաստը հավաստող SMS-հաղորդագրություն է ստանում:

Արթուր Պապյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Ջեյմս Ուեբի աստղադիտարանը Տիեզերքի խորքային ուսումնասիրության ընթացքում խիստ անսովոր օբյեկտներ է գտնում
Instigate Mobile-ը հանդես է գալիս նոր` zealous բրենդով
Մեծ ադրոնային կոլայդերում սկսել են ռեկորդային էներգիայով մասնիկների բախումները
Որոնք էին Summer Game Fest 2022-ի գլխավոր անոնսները
 Ուշադրության կենտրոնում
Փորձագետ․ Տելեգրամով նոր վիրուս են տարածում, զգուշացեք

Փորձագետ․ Տելեգրամով նոր վիրուս են տարածում, զգուշացեք Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում

 Բաժնի այլ նյութերը
Revolut-ը՝ ՀՀ-ում Արագ և անվճար դրամական փոխանցումներ՝ առանց «թաքնված» վճարների
Վերջին սլոուփոքը Internet Explorer-ի «մահն» ու դրա հետևանքները
Սոֆթը շատ, երկաթը՝ քիչ WWDC 2022-ին Apple-ի գլխավոր նորույթները
---