«ՏՏ զարգացման կենտրոնի» բացումն Արցախի տեխնոլոգիաների ոլորտում իրավիճակի փոփոխման լուրջ հայտ է

Վլադիմիր Գրիգորյան.

«ՏՏ զարգացման կենտրոնի» բացումն Արցախի տեխնոլոգիաների ոլորտում իրավիճակի փոփոխման լուրջ հայտ է

PanARMENIAN.Net - 2010 թվականի մայիսի 12-ին Լեռնային Ղարաբաղում Արցախի Հանրապետության կառավարության, մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության, ինչպես նաև Արցախի ներդրումային հիմնադրամի աջակցությամբ տեղի է ունեցել «Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման կենտրոնի» բացումը: Կենտրոնի ղեկավար Վլադիմիր Գրիգորյանը PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ հարցազրույցում պատմել է Արցախում բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման հեռանկարների մասին:
Ի՞նչ նպատակ է հետապնդում «ՏՏ զարգացման կենտրոնի» բացումը
Նախագիծն իրականացվում է երիտասարդական ծրագրերին աջակցության նախագծի շրջանակներում: Ծրագրերը ներկայացնում և իրագործում են ԼՂՀ-ում պետական երիտասարդական քաղաքականությունն իրականացնող հասարակական կառույցները: Նախագծի հեղինակն ու կատարողը Կրթական հիմնադրամն է: Կենտրոնի առանձնահատկությունն է նրա ուղղվածությունը ոչ պաշտոնական կրթության տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում, բարձր որակավորման մասնագետների ներգրավմամբ, այդ թվում նաև արտերկրից, ինչպես նաև նրա առաջատար տեխնիկական հագեցվածությունը բարձր արագության (ապագայում նաև արբանյակային) ինտերնետ կապով:

Կենտրոնում և կենտրոնի աջակցությամբ կազմակերպվող դասընթացների թվում են տեղեկատվական տեխնոլոգիաները, նրանց դերը գործունեության տարբեր ոլորտներում, ՏՏ զարգացումը, տեղեկատվականա պատերազմները, համաշխարհային տեղեկատվական ցանցերը և ազգային տեղեկատվական անվտանգության հարցը, աշխատանքը սոցիալական ցանցերում եև այլն: Նախագիծն ենթադրում է ԼՂՀ երիտասարդության ակտիվ ներգրավում երկրի սոցիալ-քաղաքական, հասարակական և տնտեսական կյանքին, ԼՂՀ մասին տեղեկատվկան դաշտի ստեղծմանը, տեղեկատվական ռեսուրսների զարգացմանը, Ղարաբաղում բլոգերների ինստիտուտի ներդրմանն ու զարգացմանը, ինչպես նաև համաղարաբաղյան ոչ կառավարական երիտասարդական տեղեկատվական պորտալի ստեղծմանը:

Արդյո՞ք Ղարաբաղում եղել են ավանդույթներ տեխնոլոգիաների ոլորտում խորհրդային տարիներին:
Մենք միշտ հպարտացել ենք այն փաստով, որ Արցախը եղել է ամենատարբեր ոլորտներում վերնախավի ձևավորման դարբնոցը: Հայաստանի բուհերի ու ԳՀԻ-ների պրոֆեսորադասախոսական կազմի գրեթե կեսը ծագումով Արցախից է: Բուն Արցախում իրավիճակը շատ ավելի բարդ է` որակյալ կադրերի պակաս է զգացվում գրեթե բոլոր ոլորտներում, այն դեպքում, երբ Ստեփանակերտոմ 4 բուհ է գործում: Խնդիրը բաղմիցս է արծարծվել ամենաբարձր մակարդակով, սակայն կրթության ոլորտը բավական պահպանողական է, այն չի հանդուրժում հեղափոխական փոփոխություններ: Մենք կորցրեցինք խորհրդային կրթական համակարգի լավագույն ավանդույթներն, իսկ նոր համակարգը դեռևս քիչ է հարմարեցված մեր միջավայրին:

Ի՞նչ հեռանկարներ ունի ՏՏ ոլորտի զարգացումն Արցախում:
Հեռանկարներն ինքը հանրությունն է ստեղծում` գիտակցելով այս կամ այն ոլորտի կարևորությունը: Երկար տարիներ այդ ոլորտը անարդարացիորեն ետին պլան էր մղված: Հարկ է նշել, որ դեռ մի քանի տարի առաջ Արցախի կառավարությունը ոլորտը հայտարարեց ռազմավարական ուղղություն, սակայն որոշումը մնաց թղթի վրա: Մեր կենտրոնի բացումը լուրջ հայտ է այդ ոլորտում իրավիճակը փոխելու համար, և մենք հուսով ենք, որ դա տեղի կունենա: Անշուշտ, կան բազում խնդիրներ, որոնք այս կամ այն կերպ ազդում են ՏՏ ոլորտի իրավիճակի վրա, սակայն կրկնվեմ, նման խոշոր նախագծի ֆինանսավորումը, ինչպիսին մեր կենտրոնն է, մեզ թեկուզ զգուշավոր, բայց լավատեսություն է ներշնչում:

Ի՞նչ հնարավորություններ կան տեխոնոլգիաների և նորարարության ոլորտների մասնագետներ պատրաստելու համար:
Մենք ջանում ենք չսահմանափակվել Արցախի սահմաններով, կապեր ենք հաստատում արտաքին աշխարհի հետ: Կան որոշակի պայմանավորվարծություններ Հայաստանի մի շարք կազմակերպությունների հետ սեմինարների կազմակերպման վերաբերյալ: Կաշխատենք փորձի փոխանակման ուղղությամբ ինչպես ուսանողների, այնպես էլ մասնագետների շրջանում: Ասեմ Ձեզ, որ Արցախի հանդեպ հետաքրքրություն են դրսևորում ոչ միայն Հայաստանում: Այլ երկրների մասնագտեները ևս պատրաստակամություն են հայտնել սեմինարներ անցկացնել Արցախում, նրանց հետ բանակցություններ են ընթանում: Բացի այդ, մենք աշխատում ենք զուգահեռ սեմինարներ անցկացնել նաև ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության թեմայով: Մեր կենտրոնում արդեն հյուրընկալվել է հայտնի քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը, որը մի շարք հետաքրքիր գաղափարներ առաջարկեց մեզ, որոնք համատեղ ենք կյանքի կոչելու: Պայմանավորվածություն կա ևս մեկ հայտնի քաղաքագետ Արտակ Զաքարյանի հետ` մեր կենտրոնում սեմինար անցկացնելու վերաբերյալ: Ակնկալվում են այլ հետաքրքիր հանդիպումներ:

Կան արդյո՞ք տվյալներ Ղարաբաղում բջջային և ֆիքսված հեռախոսակապի, ինչպես նաև ինտերնետի տարածման մասին:
Ըստ «Ղարաբաղ Տելեկոմ» հեռահաղորդակցային ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի տրամադրած տվյալների, Արցախում ֆիքսված հեռախոսակապի մոտավորապես 24 000 բաժանորդ կա և բջջային կապի շուրջ 60 000 բաժանորդ և Ինտերնետ-կապի շուրջ 1000 բաժանորդ:

Ի՞նչ խնդիրներ է իր առջև դնում ՏՏ զարգացման կենտրոնն առաջիկա տարում:
Գաղտնիք չէ, որ ադրբեջանական քարոզչամեքենան անում է ամեն ինչ, ներկայացնելու համար Արցախը որպես մի անվերահսկելի տարածք, որտեղ քաոս ու ավեր է տիրում: Մենք հուսով ենք, որ մի շարք միջոցառումների օգնությամբ լրջորեն կկարողանանք փոխել ինտերնետ հանրության կարծիքն Արցախում տիրող իրավիճակի մասին: Այսօրվա դրությամբ դա ամենաարդիական խնդիրն է, մեծ հաշվով, մեր բոլոր միջոցառումներն ուղղված են լինելու այդ խնդրի լուծմանը: Ցանկացած տեղեկատվություն Արցախից, անկախ ոլորտից, հետևողական կերպով կփոշիացնի այդ միֆը:

Այս տարի «ՏՏ զարգացման կենտրոնն» Արցախում առաջին անգամ կազմակերպում է ՏՏ ոլորտի ոչ պաշտոնական BarCamp խորհրդաժողովը: Ո՞րն է այդ միջոցառման անցկացման նպատակը:
Նպատակն է բլոգերի զարգացումն Արցախում` որպես Արցախի մասին ոչ պետական և ոչ պաշտոնական տեղեկատվության, նրա ներքին կյանքի, խնդիրների ու հեռանկարների, կապերի հաստատման աղբյուր:

Մոտավորապես որքա՞ն մասնակիցներ եք ակնկալում, ո՞ր երկրներից:
Այսօրվա դրությամբ միայն Հայաստանից մասնակցության ցանկություն է հայտնել 140 հոգի, սակայն ցուցակը դեռևս համալրվում է: Կարող են ժամանել Վրաստանի բլոգերները, հյուրեր ենք ակնկալում նաև այլ երկրներից:

Գայանե Միրզոյան / PanARMENIAN News
---