Ջավախքում Թումո կբացվի

Ջավախքում  Թումո կբացվի

PanARMENIAN.Net - Նախատեսվում է Ջավախքում ևս բացել «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն։ Ծրագրի իրագործման համար ներկայումս առաջնահերթ խնդիրը կենտրոնի համար համապատասխան շենքի ընտրությունն է։ Այս մասին նոյեմբերի 16-ին հայտարարել է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի գլխավոր տնօրեն Մարի Լու Փափազյանը «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի առաջին հաշվետու նիստի ժամանակ:

«Կենտրոնի ստեղծման համար մեր նախատեսած երկու շենքը փլատակ վիճակի մեջ են, և մեծ աշխատանք է պահանջվում դրանք բարեկարգելու համար։ Մոտավորապես երկու տարի անհրաժեշտ կլինի վերանորոգման, անհրաժեշտ ռեսուրսներով ապահովման (համապատասխան կահույք, համակարգիչներ և այլ տեխնիկական պարագաներ) համար»,- մանրամասնել է Փափազյանը:

Կենտրոնը լինելու է Ախալքալաք քաղաքում: Ընտրվելու է այնպիսի տարածք, որը հետագայում ընդլայնվելու հնարավորություն ունենա, եթե կենտրոնում սովորել ցանկացողների թիվը նախատեսված 900-ը գերազանցի։

Աշակերտները հաճախելու են տարբեր հերթափոխերով, որովհետև բոլորին միանգամից ընդունել հնարավոր չէ։ Փափազեանի խոսքերով, կստեղծվեն բոլոր հնարավոր պայմանները, որպեսզի կենտրոնը հասանելի լինի ոչ միայն Ախալքալաք քաղաքի, այլև շրջանի գյուղերի երեխաների համար։ Նրանց կապահովեն տրանսպորտային միջոցներով և այլ հարմարություններով։ Կենտրոնում կարող են ուսանել 12-18 տարեկան բոլոր ցանկացողները ՝ առանց բացառության։

«Մեր առաքելությունն է պատրաստել անհատներ, որոնք կլինեն մրցունակ, ինքնավստահ և օգնել նրանց բացահայտել իրենց ստեղծագործական ներուժը։ Առաջին երկու ամիսը կարելի է համարել ընդհանուր ունակությունների զարգացման շրջան, երբ նորեկը ծանոթանում է միջավայրին ու ուսուցման պայմաններին, ստանում ընդհանրական գիտելիքներ: Հետո, կողմնորոշվելով իր նախընտրությունների հարցում, ընտրում է կոնկրետ ուղղվածություն և խորացնում հմտություններն այդ բնագավառում», - ասել է կենտրոնի գլխավո ր տնօրենը:

Թումո կենտրոնն անվճար արտադպրոցական ծրագիր է, որտեղ 12-18 տարեկան պատանիներն ուսանում են սեփական հանձնառությամբ: Առաջին Թումոն ստեղծվել է Երևանում՝ Սեմ և Սիլվա Սիմոնյանների նախաձեռնությամբ՝ Սիմոնյան կրթական հիմնադրամի կողմից և իր դռներն է բացել աշակերտների առջև 2011-ի օգոստոսի 14-ին: Կենտրոնական բանկի «Գիտելիք հանուն զարգացման» ծրագրի շնորհիվ 2013-ի փետրվարից Թումոն գործում է նաև Դիլիջանում (մոտ 300 ուսանող ունի): ԹՈՒՄՈxՀԲԸՄ գործակցությամբ 2015-ի մայիսին նաև բացվեց Գյումրիի Թումո կենտրոնը: 2015-ի սեպտեմբերի 2-ին Թումո կենտրոն է բացվել ԼՂՀ մայրաքաղաքում:

Գործակցությունը միտում ունի տարածել Թումոն Հայաստանի այլ քաղաքներով, ինչպես նաև երկրի սահմաններից դուրս:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 20-ին Լոռու մարզպետի և մարզպետարանի պատասխանատուների մասնակցությամբ խորհրդակցության ժամանակ հայտնել է, որ«Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը կբացվի Վանաջորում:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---