Էրդողանը բողոքել է Օբամային, թե որքան են թուքերը «հոգնել» Հայոց ցեղասպանության խնդրից

Էրդողանը բողոքել է Օբամային, թե որքան են թուքերը «հոգնել» Հայոց ցեղասպանության խնդրից

PanARMENIAN.Net - Սեուլում միջուկային անվտանգության գագաթաժողովի շրջանակներում ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի և Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպմանը քննարկվել է Հայոց ցեղասպանության հարցը: Մասնավորապես, Էրդողանը բողոքել է Օբամային, թե որքան են թուքերը «հոգնել» այդ խնդրից: «Ամեն տարի ապրիլին մենք ունենում ենք միևնույն խնդիրը, կապ չունի` ով է իշխանությունում` հանրապետականները, թե դեմոկրատները»,-«դժգոհել» է թուրք վարչապետը, մեկ անգամ ևս հիշեցնելով, որ Թուրքիան 2010թ ավարտել է Վանա լճի Ախթամար կղզու հայկական Սբ. Խաչ եկեղեցու վերականգնումը: Վերականգնունից հետո, թուրքական իշխանությունները եկեղեցին վերածել են թանգարանի:

Էրդողանը նաև կոչ է արել ԱՄՆ նախագահին «չշփոթել ամերիկացի սենատորներին, օրենսդիրներին և քաղաքագետներին պատմաբանների հետ»:

Սենատորներ Ռոբերտ Մենենդեզն ու Մարկ Քիրքը ԱՄՆ Սենատի քննարկմանն են առաջադրելՀայոց ցեղասպանության մասին 399 բանաձևը: «Ժամանակն է, որպեսզի ԱՄՆ-ը միանա 19 երկրներին, այդ թվում` Բելգիային, Կանադային, Ֆրանսիային, Իտալիային և ԵՄ-ին, որոնք Օսմանյան Թուրքիայում 1,5 մլն հայերի զանգվածային սպանությունները Ցեղասպանություն են ճանաչել: Հայոց ցեղասպանությունը պատմական փաստ է, որը Ցեղասպանության մասին կոնվենցիայի ընդունման պատճառներից մեկն է դարձել: Միայն ճանաչելով անցյալի հանցագործությունները` մենք կկարողանանք կանխել դրանք ապագայում»,- հայտնել է սենատոր Մենենդեզը:

Նոր բանաձևում լրացում կա Ցեղասպանության հանցագործության կանխման և պատժի մասին կոնվենցիայի վերաբերյալ 1951թ. Միջազգային դատարանին ԱՄՆ ուղերձից:

1948թ Փարիզում Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունվեց 260-րդ որոշումը` ցեղասպանությունների` որպես հանցագործության և դրանց պատժման մասին կոնվենցիան: Կոնվենցիան ուժի մեջ մտավ 1951թ հունվարի 12-ին: Այն հաստատում է «ցեղասպանություն» հասկացության միջազգային իրավական կարգավիճակը որպես մարդկության դեմ իրականացավծ ծանրագույն հանցագործության, ինչպես նաև տալիս է դրա իրավական գնահատականը: Բոլոր մասնակից-պետություններին իրավունք է տրվում ձեռնարկել միջոցներ ցեղասպանությունները կանխելու և պատժելու համար` խաղաղ կամ ռազմական ճանապարհներով: Այս կոնվենցիան 2011թ հաստատած երկրների թիվը հասնում է 141-ի:

Հայոց ցեղասպանություն

Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին:

Դեռևս Ցեղասպանության իրագործման տարիներին` 1915-23թթ. տերությունները ընդունեցին հայերի կոտորածը դատապարտող բանաձևեր: ԱՄՆ-ն երեք անգամ (1916, 1919, 1920) նմանատիպ բանաձևեր է ընդունել, սակայն դա չկասեցրեց Օսմանյան կայսրության գործողությունները: 1915թ. Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Ռուսաստանը հանդես եկան համատեղ հռչակագրով` դատապարտելով հայերի բնաջնջումը:

Աշխարհի շատ երկրներ և ազդեցիկ միջազգային կազմակերպություններ ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը: Պաշտոնապես առաջինը Հայոց ցեղասպանությունն ընդունել և դատապարտել է Ուրուգվայը 1965թ-ին: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաև Եվրոպայի Խորհուրդը, Եվրախորհրդարանը, ՄԱԿ-ի խտրականության կասեցման և փոքրամասնությունների պաշտպանության կանխարգելման ենթահանձնաժողովը, ՄԱԿ-ի ռազմական հանցագործությունների գծով հանձնաժողովը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը: Հայերի ոչնչացումը պաշտոնապես ցեղասպանություն են ճանաչել Ֆրանսիան, Ավստրիան, Իտալիան, Գերմանիան, Բելգիան, Լյուքսեմբուրգը, Շվեդիան, Նիդերլանդները, Շվեյցարիան, Ռուսաստանը, Լեհաստանը, Լիտվան, Հունաստանը, Սլովակիան, Կիպրոսի Հանրապետությունը, Լիբանանը, Ուրուգվայը, Արգենտինան, Վենեսուելան, Չիլին, Բոլիվիան, Կանադան, Վատիկանը, Բրազիլիան, Լյուքսեմբուրգը, Գերմանիան, Պարագվայը, Սիրիան և ԱՄՆ-ի 45 նահանգ:

Բելգիայում և Շվեդիայում Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն է սահմանված (45 հազար եվրո տուգանքից մինչև 1 տարվա ազատազրկում): 2006թ. հոկտեմբերի 12-ին Ֆրանսիայի խորհրդարանն օրինագիծ ընդունեց, որի համաձայն Հայոց ցեղասպանության ժխտումը կքրեականացվի, ինչպես Հոլոքոսթը:

Ժամանակակից Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանության պատմական փաստը և վարում է այդ փաստի ժխտման ներքին և արտաքին քաղաքականություն: Թուրքական պետության գործողությունները ներկայացվում են որպես «բռնագաղթ»` հայերի անվտանգությունն ապահովելու նպատակով: Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին խոսում են միայն առանձին թուրք մտավորականներ, որոնց թվում են պատմաբան Թաներ Աքչամն ու Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---