Ընդդիմության համագործակցությունը մեծամասնական տարածքներում ձախողվեց ՀԱԿ դիրքորոշման պատճառով

Ընդդիմության համագործակցությունը մեծամասնական տարածքներում ձախողվեց ՀԱԿ դիրքորոշման պատճառով

PanARMENIAN.Net - «Ժառանգության» առաջարկը մեծամասնական ընտրատարածքներում ընդդիմադիր ուժերի հետ համագործակցության և նրանց կողմից յուրաքանչյուր տարածքում մեկական թեկնածուի աջակցելու մասին մնում է ուժի մեջ, լրագրողներին հայտարարել է «Ժառանգության» փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը: Նա նշել է, որ իշխանափոխությանն անհնար է առանց մեծամասնական ընտրատարածքներում համագործակցության, և որ հակառակ դեպքում իշխանությունը կօգտվի դրանից և իր թեկնածուներին կանցկացնի ապագա խորհրդարան:

Հակոբյանն ափսոսանք է հայտնել, որ ՀԱԿ բանակցողները «սխալ» տեղեկատվություն են ներկայացրել մեծամասնական ընտրատարածքներում համագործակցության վերաբերյալ «Ժառանգության» առաջարկների մասին՝ առաջարկելով լրագրողներին հետևություն կատարել դրա հիման վրա: Նրա խոսքով, Րաֆֆի Հովհաննիսյանը մտադիր էր ցանկացած դեպքում հանել իր թեկնածությունն այն բանից հետո, երբ իմացել է նույն ընտրատեղամասում Նիկոլ Փաշինյանի առաջադրման մասին, և դա չի մտել ՀԱԿ-ի հետ բանակցությունների մեջ: Նա հաղորդել է, որ «Ժառանգությունը», Երևանում ունենալով 5 թեկնածուներ, առաջարկել է ՀԱԿ-ին աջակցել Երևանում կոնգրեսի 8 թեկնածուներին և ևս 12-ին մարզերում, սակայն ՀԱԿ-ը չի համաձայնվել: «Վերջում պարզվել է, որ բանակցություններ ընթանում են, բայց ՀԱԿ-ը բանակցություններ է վարում ոչ թե ընդդիմադիր ուժերի, այլ իշխող կոալիցիայի ներկայացուցիչների հետ»,- հեգնանքով նշել է Հակոբյանը: Նրա խոսքով, 12-րդ և 13-րդ ընտրատարածքում ՀԱԿ-ի և ՀՀԿ-ի ներկայացուցիչները պայմանավորվել են համագործակցության մասին:

Հակոբյանը տարակուսանք է հայտնել, թե ինչպես է ՀԱԿ-ը պատրաստվում իշխանափոխություն ապահովել, եթե օգնում է իշխանություններին անցկացնել նրա թեկնածուներին ապագա խորհրդարան: «Իշխանափոխությունն աբստրակցիա չէ, այն պետք է ապահովել մեխանիզմներով: Իսկ մեխանիզմներից մեկը մեծամասնական ընտրատարածքներում ընդդիմության մեծամասնությունն ապահովելն է, ինչը տապալվել է ՀԱԿ ապակառուցողական դիրքորոշման պատճառով»,- ասել է նա:

Միաժամանակ, լրագրողներին այն հարցին, թե ինչպես է պատրաստվում «Ժառանգությունն» այս ամենից հետո համագործակցել ՀԱԿ-ի հետ, Հակոբյանը պատասխանել է. «Տարբեր առիթներով նման բան եղել է, և մենք համոզվել ենք, որ ոչ միայն համատեղ համագործակցություն չի եղել, այլ որոշ առումով մենք նույնիսկ թիկունքից հարված ենք ստացել: Բայց դրանք քաղաքական գործընթացներ են և չի նշանակում, որ մենք պետք է նեղանանք և հայտարարենք, որ վերջ, այլևս մտադիր չենք ձեզ հետ (ՀԱԿ) գործ ունենալ»:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---