Սերժ Սարգսյանը Սերգեյ Լավրովի հետ քննարկել է ՀՀ և ՌԴ ռազմավարական համագործակցության հարցերը

Սերժ Սարգսյանը Սերգեյ Լավրովի հետ քննարկել է ՀՀ և ՌԴ ռազմավարական համագործակցության հարցերը

PanARMENIAN.Net - Ապրիլի 3-ին նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է պաշտոնական այցով Երևան ժամանած Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին: Զրուցակիցները հանդիպման սկզբում շնորհավորել են միմյանց Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև 20 տարի առաջ հենց այս օրը դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակի կապակցությամբ: Հանրապետության նախագահը և ՌԴ արտգործնախարարը երկուստեք ընդգծել են, որ ՀՀ և ՌԴ միջև քաղաքական երկխոսությունը, բոլոր ոլորտներում՝ առևտրատնտեսական, ռազմական, ռազմատեխնիկական, հումանիտար, նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում դինամիկ զարգացող համագործակցությունը վկայում է բարեկամ երկու ժողովուրդների և պետությունների միջև առկա ռազմավարական գործընկերության և ամուր դաշնակցային փոխհարաբերությունների մասին, որոնք տարեցտարի ամրապնդվում են երկու երկրների նախագահների միջև պարբերաբար տեղի ունեցող բարձր մակարդակի հանդիպումներով:

Սերգեյ Լավրովը տարին հոբելյանական է համարել նաև ս.թ. օգոստոսին լրացող Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին Հայաստանի և Ռուսաստանի միջև ստորագրված պայմանագրի 15-ամյակի առիթով և նշել, որ հոբելյանական տարում այդ կապակցությամբ կազմակերպվող միջոցառումները համատեղվում են համագործակցության առավել զարգացմանն ուղղված որոշակի ծրագրերի իրագործմամբ:

Նախօրեին ՌԴ ԱԳ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդ` հարգանքի տուրք մատուցելով Ցեղասպանության զոհերի հիշատակին, ինչից հետո աշխատանքային հանդիպում է ունեցել իր հայ գործընկերոջ` Էդվարդ Նալբանդյանի հետ: Նա նաև հանդիպել է ԵՊՀ ուսանողներին:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---