Հայաստանի երիտասարդական հիմնադրամում մեկնարկեց «Կամավորության նախաձեռնություն» խորագրով դասընթացը

Հայաստանի երիտասարդական հիմնադրամում մեկնարկեց «Կամավորության նախաձեռնություն» խորագրով դասընթացը

PanARMENIAN.Net - Ապրիլի 4-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամում մեկնարկեց «Կամավորության նախաձեռնություն» խորագրով եռօրյա դասընթացը, որը կազմակերպել է ԱՄՆ Խաղաղության կորպուսի հայաստանյան գրասենյակը` Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հետ համագործակցությամբ։ Ծրագրի աջակիցն է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (USAID)։

Ողջունելով դասընթացի մասնակիցներին` Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանն ընդգծեց, որ «Կամավորության նախաձեռնությունը» երիտասարդական հիմնադրամի գործառույթներից բխող ծրագիր է։ «Հայաստանի երիտասարդական հիմնադրամի ծրագրերն ու աշխատանքները հիմնականում հիմնված են կամավորության վրա։ Ճիշտ է, վերջերս ավելի գործածական է դարձել «կամավորություն» եզրույթը, բայց մենք սա անվանում ենք նաև հասարակական աշխատանք և երկար տարիներ հասարակական հիմունքներով իրականացրել ենք բազմաթիվ ծրագրեր»,- նշեց Կարեն Ավագյանը` ավելացնելով, որ հասարակական աշխատանքը ոչ միայն մասնագիտական հմտությունների կատարելագործման մեծ հնարավորություն է, այլև քաղաքացիական հասարակության զարգացման և քաղաքացիական պատասխանատվության ամրապնդման նախադրյալ։

Հայաստանում ԱՄՆ Խաղաղության կորպուսի ծրագրերի և դասընթացների ղեկավար Նիքոլաս Բռունոն նշեց, որ կամավորությունը և համայնքին ծառայելը նոր գաղափար չէ, և յուրաքանչյուր ոք, հետադարձ հայացք ձգելով իր կյանքին, կարող է տեսնել, որ որոշակիորեն ներգրավված է եղել կամավորության և կամավորական շարժման մեջ։ Ըստ Նիքոլաս Բռունոյի, կամավորությունը ոչ թե ծառայություն է, այլ կենսակերպ։

Երիտասարդական ակումբների դաշնության նախագահ Ատոմ Մխիթարյանը վստահություն հայտնեց, որ եռօրյա դասընթացում ստացած գիտելիքները երիտասարդ կամավորները հետագայում կներդնեն իրենց համայնքների զարգացման գործում։ Դասընթացը, ըստ նրա, կնպաստի նաև միջմշակութային հաղորդակցության հեշտացմանը։

«Կամավորության նախաձեռնություն» խորագրով եռօրյա դասընթացին մասնակցում է ավելի քան 35 երիտասարդ, այդ թվում` ԱՄՆ Խաղաղության կորպուսի ամերիկացի կամավորներ և հանրապետության մարզային համայնքների (Գյումրի, Սպիտակ, Չարենցավան, Արտաշատ, Դիլիջան, Նոյեմբերյան, Բերդ, Սևան, Ապարան, Թեղենիկ, Դսեղ և այլն) ներկայացուցիչներ։

«Կամավորության նախաձեռնություն» ծրագրի նպատակն է երիտասարդների շրջանում կամավորականության մասին իրազեկության բարձրացումը, բնակչության, հատկապես երիտասարդների կամավոր մասնակցությունը համայնքային աշխատանքներին։ Ծրագրի մասնակից հայ երիտասարդները ստացած հմտությունները հետագայում կփոխանցեն իրենց համայնքների երիտասարդներին` այդպիսով խթանելով կամավորականությունը հանրապետությունում։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---