Թուրքիայի, Ադրբեջանի ու Սլովակիայի միջև Հայոց ցեղասպանության շուրջ սկանդալը թեժանում է

Թուրքիայի, Ադրբեջանի ու Սլովակիայի միջև Հայոց ցեղասպանության շուրջ սկանդալը թեժանում է

PanARMENIAN.Net - Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի /ԵՀՄՖ/ մամլո քարտուղարությունից հայտնում են, որ Թուրքիայում, ինչպես նաև Ադրբեջանում վերջին շաբաթվա ընթացքում հասունացել է քաղաքական սկանդալ ընդդեմ Սլովակիայի, այն պատճառով, որ 2011թ-ի նոյեմբերին բազմաթիվ թուրքական և ադրբեջանական ԶԼՄ-ներ հերքել էին Սլովակիայի Գերագույն Դատարանի նախագահ Շտեֆան Հարաբինի հայտարարությունը, ըստ որի 2009թ-ի սեպտեմբերից Սլովակիայում գործում է Հայոց ցեղասպանության մերժման շուրջ քրեական օրենք: Աղմուկ բարձրացնողներին նույնիսկ չէր համոզում այն փաստը, որ տվյալ օրենքի վերջնական տեսքը լրացման միջոցով պատրաստել և Սլովակիայի Ազգային Խորհուրդ (ԱԽ) էր ներկայացրել հենց ինքն` օրենքի հեղինակ Շտեֆան Հարաբինը, իր 2006թ-ի ապրիլից մինչև 2009թ-ի վերջը Սլովակիայի փոխվարչապետ-արդարադատության նախարար եղած ժամանակահատվածում: ԶԼՄ-ներն օգտագործել էին Ադրբեջանում և Հայաստանում Սլովակիայի դեսպան (նստավայրը Մոսկվա) պարոն Յոզեֆ Միգաշի ոչ ստույգ տեղեկատվությունն այն մասին, որ «Սլովակիայում ցեղասպանությունների մերժման շուրջ քրեկան օրենք երբևիցե չի գործել ու Սլովակիայի ԱԽ-ում օրինագիծ չի քննարկվել»:

ԵՀՄՖ-ի նախագահ պարոն Աշոտ Գրիգորյանը ժամանակին դիմել էր Սլովակիայի դեսպան պարոն Միգաշին` պահանջելով բացատրություն իր կատարած աղաղակող սխալի շուրջ, զգուշացնելով, որ այդ սխալի պատճառով կարող է զարգանալ լուրջ քաղաքական սկանդալ: Այսօր այդ սկանդալը հասել է գագաթնակետին, իսկ պարոն Միգաշը որոշել է թաքնվել «վարագույրների հետևում»` չտալով ոչ մի բացատրություն: Ստիպված լայն զանգվածներին ենք տրամադրում Ադրբեջանում և Հայաստանում Սլովակիայի դեսպան Յոզեֆ Միգաշին ուղղված մեր նամակն` այս անգամ արդեն հրապարակավ պահանջելով բացատրություն:

Նամակում մասնավորապես ասվում է. «Հարգելի պարոն դեսպան, անցյալ տարվա նոյեմբերի կեսերին բազմաթիվ եվրոպական ԶԼՄ-ներում կա տեղեկատվություն այն մասին, որ Սլովակիայում ընդունված և հաստատված օրենքի համաձայն ցեղասպանության հերքումը համարվում է քրեական հանցագործություն: Այս տեղեկատվությունը ԵՀՄՖ-ի նախագահ դր. Աշոտ Գրիգորյանին ներկայացրել էր Սլովակիայի Գերագույն Դատարանի նախագահ դր. Շտեֆան Հարաբինը, որը մինչ այդ Սլովակիայի փոխվարչապետ–արդարադատության նախարարն էր հանդիսանում: Պարոն Հարաբինը հաղորդել էր, որ Քրեական Օրենսգրքի լրացմամբ մտցվել է ցեղասպանության մերժման դեպքում քրեական պատասխանատվություն, որը տարածվում է նաև մարդկության դեմ գործած ոճիրների և պատերազմական հանցագործությունների վրա: Սլովակիայի Ազգային Խորհրդի 2004թ-ի նոյեմբերի 30-ի համար 1341 որոշմամբ ԱԽ-ը ընդունում է Հայոց ցեղասպանությունը որպես մարդկության դեմ կատարված ոճիր: Քրեական Օրենսգրքի § 424ա կետը վերոհիշյալ որոշման շնորհիվ տարածվում է ուղղակիորեն Հայոց ցեղասպանության վրա: Այս տեղեկատվությունը դր. Գրիգորյանը հայտնել է բազմիցս հայկական ԶԼՄ-ների միջոցով ի լուր աշխարհին: 2011թ-ի նոյեմբերի 24-ին ադրբեջանական ԶԼՄ-ները հրապարակել են Մոսկվայում Սլովակիայի դեսպանատան հայտարարությունը, որտեղ ասվում է, որ Սլովակիայում այդպիսի օրենք ոչ միայն չի ընդունվել, այլև երբևիցե չի ներկայացվել Սլովակիայի Ազգային Խորհուրդ: ԵՀՄՖ-ի նախագահ պարոն Աշոտ Գրիգորյանը, որը հանդիսացել է 2004թ-ի նոյեմբերի 30-ի ԱԽ-ի համար 1341 որոշման բանաձևի գլխավոր կազմակերպիչը, շատ լավ ծանոթ է Քրեական Օրենսգրքի համար 300/2005 օրենքին կատարված լրացմանը ու հատկապես համար 257/2009 օրենքում կատարված ուղղումներին և հայտարարում է, որ Սլովակիայի դեսպանի կողմից ներկայացված հերքումը կոռեկտ չէ, չի համապատասխանում իրականությանը և պահանջում է Ձեզնից, պարոն դեսպան, բացատրություններ, թե ինչի հիման վրա Դուք տվել եք այդպիսի հերքում:

Այն հայտարարությունները, որը կատարել է դր. Գրիգորյանը մի շարք մամլո ասուլիսների ժամանակ, համապատասխանում է իրականությանը: Դրանք արվել են Սլովակիայի ԱԽ-ի համար 300/2005 օրենքի շուրջ կատարված ուղղման և այդ ուղղումը ձևակերպած Սլովակիայի փոխվարչապետ-արդարադատության նախարար Շտեֆան Հարաբինի 2008թ-ին Հայաստան կատարած այցի ժամանակ արված հայտարարությունների հիման վրա: Ընդ որում պարոն Հարաբինի հայտարարությունների մեջ ընդգծվում էր, որ ՔՕ-ի կատարված փոփոխությունները արվել են հենց հատկապես Հայոց ցեղասպանության համար, քանի որ Սլովակիայի ԱԽ-ը 2004թ-ի նոյեմբերի 30-ի համար 1341 հայտնի որոշմամբ հաստատել էր Հայոց ցեղասպանությունը որպես ոճիր ընդդեմ համայն մարդկությանը, որը նաև համապատասխանում է միջազգային տրիբունալի Հռոմեական Ստատուտի ձևակերպումներին:

Հարգելի պարոն դեսպան, մենք հարգում ենք Ձեր երախտիքները դիվանագիտական ասպարեզում և հավատացած ենք, որ Ձեր աշխատակիցները սխալ են թույլ տվել և Ձեզ լիովին չեն ներկայացրել այս հարցի շուրջ կապված անհրաժեշտ տեղեկատվությունը, որը և ի չարն են օգտագործել Ադրբեջանի պաշտոնական ներկայացուցչությունները: Այդ պատճառով պահանջում ենք Ձեզնից կատարել համապատասխան քայլեր, որպեսզի կանխարգելեք ծավալվող քաղաքական սկանդալը»,-հայտնում է ԵՀՄՖ-ի մամլո քարտուղարությունը:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---