Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմը կընդգրկվի Ստամբուլի միջազգային կինոփառատոնի ծրագրում

Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմը կընդգրկվի Ստամբուլի միջազգային կինոփառատոնի ծրագրում

PanARMENIAN.Net - Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմի (ՀԹԿՊ) հերթական աշխատաժողովը կայանալու է ապրիլի 12-14-ը` Ստամբուլի 31-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակում: Ինչպես հայտնում է «Ոսկե ծիրան» երևանյան միջազգային կինոփառատոնի մամլո ծառայությունը, ՀԹԿՊ 2012 ծրագիրն իրականացվում է «Եվրասիա» համագործակցության հիմնադրամի աջակցությամբ:

Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմը «Ոսկե ծիրան»-ի և «Անադոլու Քյուլթուր» կազմակերպության համատեղ նախաձեռնությունն է, որի նպատակն է խթանել միջմշակութային երկխոսությունը Հայաստանի և Թուրքիայի միջև կինոյի ոլորտում: Այդ ծրագրի շրջանակում մի քանի համատեղ ֆիլմեր են նկարահանվել, որոնք ներկայացվել են լայն հասարակությանը Հայաստանում և Թուրքիայում, ինչպես նաև Գերմանիայում, ԱՄՆ-ում և այլուր: Այս պահին ևս 4 ֆիլմ ընթացքի մեջ է, ինչը ՀԹԿՊ-ի մեծ հաջողության վկայությունն է:

Այս տարի Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմը ընդգրկված կլինի Ստամբուլի կինոփառատոնի Meetings on the Bridge ֆորումում:

Աշխատաժողովի նախապատրաստական աշխատանքները սկսվել են փետրվարի կեսից: Հայտերի ընդունման հայտարարությունը տարածվել էր ցանցով: Մինչև ապրիլի սկիզբը ավելի քան 35 կարճամետրաժ, վավերագրական և լիամետրաժ խաղարկային ժանրերի հայտ է ընդունվել: Այդուհետ հայ և թուրք կինոմասնագետներից բաղկացած նախընտրական հանձնաժողովը ընտրեց 10 կինոնախագիծ – յուրաքանչյուր երկրից 5-ը:

Կինոպլատֆորմին մասնակցելու են Արսեն Առաքելյանի «Երկխոսություն», Գագիկ Ղազարէի «Իմ և քո Կիրակին», Հելեն Քուրքճյանի «Գրանցման նավահանգիստ», Նիկա Շեկի «Երևակայական կարոտ», Վարդան Դանիելյանի «Բացիկներ «Անմեղության թանգարանից», Ազրա Դենիզ Օկիայի «Փոքր սև ձկներ», Դեվրիմ Ակկայայի «Գյավուրի թոռները… Իմ ազգությամբ հայ պապիկը», Դիլեկ Այդինի «Փնտրում եմ Մանուկին», Էզգի Կիլինջասլանի «23 ու կես» և Օզլեմ Սարիյիլդիզի «Մանուկի ուղևորությունը» նախագծերը:

Հաղթող նախագծի հեղինակը կստանա 10.000 ԱՄՆ դոլար «Եվրասիա» համագործակցության հիմնադրամի կողմից: Այս տարի ժյուրիի անդամներից են նաև «Ոսկե ծիրան» կինոփառատոնի գլխավոր տնօրեն, կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը և թուրք հայտնի ռեժիսոր Եշիմ Ուստաօղլուն:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---