Հայ պատգամավորները նորմալ են համարում հանուն նախընտրական քարոզարշավի խորհրդարանի նիստերից «բացակայելը»

Հայ պատգամավորները նորմալ են համարում հանուն նախընտրական քարոզարշավի խորհրդարանի նիստերից «բացակայելը»

PanARMENIAN.Net - Այս շաբաթ չկայացավ Հայաստանի Ազգային ժողովի նիստերի հերթական քառօրյակը: Պատճառը չափազանց պարզունակ էր` քվորումի բացակայություն, ինչի հետևանքով խորհրդարանի ղեկավարությունը չորս օր շարունակ նիստերը չկայացած հայտարարեց: Հայրենակից խորհրդարանականները, ովքեր առանց այդ էլ սիրում են բաց թողնել Ազգային ժողովի նիստները, նախընտրական քարոզարշավի ժամանակ բոլորովին մոռացել են իրենց ուղղակի պարտականությունների` օրինաստեղծ գործունեության մասին: Ընդ որում, այս անգամ ավանդական «բացականերին» միացել են նաև նրանց կարգապահ գործընկերները:

PanARMENIAN.Net ը փորձել է Ազգային ժողովի այսօրվա ավանդական ճեպազրույցում պարզել խորհրդարանականների վերաբերմունքը խորհրդարանի աշխատանքի հանդեպ փաստացի սաբոտաժին: Առաջինը հարցին պատասխանել է «Օրինաց երկիր» խորհրդարանական խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը, ով ափսոսանք հայտնելով, որ քառօրյակը ձախողվել է, այնուամենայնիվ, կոչ է արել դրանում չմեղադրել պատգամավորներին: Որպես արդարացում նա նկատել է, որ անգամ իրենց եվրոպական գործընկերները նշում են, որ նախընտրական քարոզարշավի եռուն շրջանում նույնը կատարվում է նաև նրանց մոտ:

Բիշարյանի կարծիքով` հարկավոր է ապագայում օրենսդրորեն չեղյալ հայտարարել խորհրդարանի նիստերը նախընտրական քարոզարշավի ժամանակ, որպեսզի այսուհետ նման դեպքեր տեղի չունենան:

ՀՅ Դաշնակցությունից պատգամավոր Արծվիկ Մինասյանը նույնպես ոչ մի ամոթալի բան չի գտել նրանում, որ պատգամավորները բաց են թողել քառօրյակը: Ընդ որում PanARMENIAN.Net ի թղթակցի այն դիտողությանը, որ պատգամավորներն աշխատավարձ են ստանում իրենց օրինաստեղծ գործունեության համար, Մինասյանն ի պատասխան նշել է, որ աշխատավարձը պատգամավորի սահմանադրական իրավունքն է: Այդպես էլ անհասկանալի մնաց` արդյո՞ք Մինասյանը չհասկացավ հարցը, թե՞ կարծում է, որ պատգամավորի աշխատավարձի մեջ մտնում է նաև վճարը հանուն սեփական վերընտրման նրա քարոզչական աշխատանքի դիմաց:

Ինչպես միշտ իր «յուրահատուկ հումորի զգացումով» փայլել է Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: Նույն հարցին, որը տրվել է Մինասյանին, նա պատասխանել է, որ «պատգամավորները գումար են ստանում ամենակարևորի` ժողովրդի հետ հաղորդակցության համար»: Ըստ երևույթին, իրենց պատգամավորության ողջ ընթացքում նրանց ժամանակը չէր բավականացնում դրա համար և զգալով իրենց լիազորությունների ժամկետի սպառումը` նրանց մեջ արթնացել է սեփական ընտրողների, հասարակ ժողովրդի հետ հաղորդակցության հանդեպ յուրահատուկ մի ձգողականություն, որ անգամ Ազգային ժողովի կանոնադրությունն ու պատգամավորի սահմանադրական պարտականությունները չկարողացան խոչընդոտել դրան: Սակայն Գալուստ Սահակյանին չարժե առանձնապես մեղադրել բացակա պատգամավորների համար, չէ որ անգամ սովորական օրերին ՀՀԿ խմբակցությունն առանձնանում է խորհրդարանի նիստերը բաց թողնելու հանդեպ իր պատգամավորների «սիրով»:

Ինչ վերաբերում է «Բարգավաճ Հայաստան» և «Ժառանգություն» խմբակցություններին, ապա դրանց ներկայացուցիչները ներկա չէին ճեպազրույցին: Հավանաբար, այդ կուսակցություններում տրամաբանորեն ենթադրել են, որ եթե նիստերին բացակայել են, ապա ճեպազրույցներին ներկա գտնվելը հարիր չէ:

Վերջում կուզենայի միայն հիշեցնել մեր պատգամավորներին, որ նրանց ուղղակի պարտականությունը օրինաստեղծ գործունեությունն է, որի համար նրանք, ի դեպ, փոքր գումար չեն ստանում, որի մասին նրանց համաքաղաքացիների մեծ մասը կարող է միայն երազել: Եվ որ իրենց վերընտրվելը պետք է ապահովել ակտիվ աշխատանքով խորհրդարանում իրենց պատգամավորության 5 տարիների ընթացքում, այլ ոչ թե նախընտրական քարոզարշավի մեկ ամսում, վստահեցումներով և խոստումներով, որոնց նպատակը շատերի դեպքում մեկն է` ևս մեկ ժամկետով ապահովել Ազգային ժողովի նիստերին բացակայելու հնարավորությունը:

Հայկ Խալաթյան / PanARMENIAN News
 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---