ԱՄՆ-ում ՄԱԿ-ի շենքում ընթանում են ցեղասպանության դեմ պայքարի մեթոդներին նվիրված միջոցառումներ

ԱՄՆ-ում ՄԱԿ-ի շենքում ընթանում են ցեղասպանության դեմ պայքարի մեթոդներին նվիրված միջոցառումներ

PanARMENIAN.Net - Ապրիլի 12-ին ՄԱԿ-ի կենտրոնատեղիում Հայաստանի մշտական ներկայացուցչության հովանավորությամբ «Ցեղասպանության կանխարգելում» խորագրով քննարկումներ են անցկացվել: Հանդիպման սկզբում ելույթով հանդես է եկել ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Կարեն Նազարյանը, ով նշել է, որ հայ ազգը, վերապրելով 1915թ. ցեղասպանությունը որպես ռասիզմի ծայրահեղ դրսևորում, ունի բարոյական պարտավորություն աշխատել ցեղասպանությունների կանխարգելման ուղղությամբ: Նա իր ելույթում անդրադարձ է կատարել Օսմանյան կայսրության կողմից պետականորեն ծրագրված ոճրագործությանն ու դրա հետևանքներին, նշելով որ Հայաստանն ողջունում է կառավարությունների, խորհրդարանների, միջազգային ու հասարակական կազմակերպությունների, ցեղասպանագետների, ինչպես նաև թուրք մտավորականների ու պարզապես քաղաքացիների ջանքերը, ովքեր սատարում են Հայաստանին այդ հանցագործության միջազգային ճանաչման հարցում: Քննարկումների ընթացքում ցուցադրվել է Մայքլ Հակոբյանի «Գետը կարմրեց» վավերագրական ֆիլմը, որից հետո մեկնաբանություններով հանդես են եկել Միչիգանի համալսարանի պատվավոր պրոֆեսոր Դենիս Փափազյանը, Մասաչուսեթսի համալսարանի պրոֆ. Էրվին Շտուբը, Հայկական ֆիլմերի հիմնադրամի տնօրեն, ռեժիսոր Կարլա Գարաբեդյանը: Հանդիպման կազմակերպման հարցում իրենց աջակցությունը և մասնակցությունն էին բերել ամերիկահայ կառույցները ու հասարակական կազմակերպությունները:

Ապրիլի 3-ից Նյու Ջերսի նահանգի Բերգեն համալսարանի ցուցասրահում ներկայացվում են հայաստանաբնակ և սփյուռքահայ ժամանակակից արվեստագետների գործերը: Ցուցահանդեսը, որը նվիրված է Հայոց ցեղասպանության ոգեկոչման 97-րդ տարելիցին,ղեկավարում է ամերիկահայ արվեստագետ Շողակ Հովհաննիսյանը և կրում է «Ճեղքված պատմություն և վերականգնված ինքնություն» խորագիրը:

Ցուցահանդեսի բացմանը, ի թիվս 300 մասնակիցների ներկա է եղել ՀՀ դեսպան Կարեն Նազարյանը, ով, կարևորելով այդ մշակութային նախաձեռնումը, նշել է, որ կանխարգելման համար անհրաժեշտ է ստեղծել լայն կրթական ու տեղեկատվական համացանց` ահազանգելու ու պայքարելու համար ցեղասպանության ոճրագործության վտանգի ու դրա լռակյաց շարունակության դեմ, որպիսին է մերժողականությունը:

Ապրիլի 23-ին` ցուցահանդեսի փակման օրը, դասախոսությամբ հանդես կգա ամերիկահայ հայտնի գրող-արձակագիր Պիթեր Բալաքյանը:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---