Տիգրան Սարգսյան. Մտածող մարդուն հնարավորություն պետք է տանք ստեղծելու նոր գիտելիք

Տիգրան Սարգսյան. Մտածող մարդուն հնարավորություն պետք է տանք ստեղծելու նոր գիտելիք

PanARMENIAN.Net - Վարչապետ Տիգրան Սարգսյանը մասնակցել է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի կողմից կազմակերպված հայկական «Փոխակերպվող հասարակության զարգացման տեսական և գործնական հիմնախնդիրներ» թեմայով միջազգային երկօրյա գիտաժողովի բացմանը:

Կառավարությունից հայտնում են, որ ողջունելով գիտաժողովի մասնակիցներին՝ վարչապետը նշել է, թե քննարկվող թեման խիստ արդիական է ոչ միայն գիտնականների, այլև քաղաքական գործիչների համար:

«Համոզված եմ, որ այս գիտաժողովը կնպաստի մանկավարժական համալսարանի միջազգային կապերի ամրապնդմանը: Մենք մշակել ենք համալսարանի զարգացման հավակնոտ ծրագիր՝ նրա մակարդակը միջազգային լավագույն համալսարանների չափանիշներին բարձրացնելու համար»,- ասել է Տիգրան Սարգսյանը:

Վարչապետը նշել է, որ համաշխարհային տնտեսական ճգնաժամն առավել սուր ձևով է ներկայացնում փոխակերպվող հասարակության խնդիրները և պահանջում քաղաքական գործիչներից գտնել այնպիսի լուծումներ, որոնք թույլ չեն որպեսզի նվազի քաղաքացիների կենսամակարդակը:

«Մյուս կողմից, շատ հարցերի պատասխաններ գիտությունն այսօր դեռևս ի վիճակի չէ ներկայացնել: Մենք ապրում ենք մի աշխարհում, որի թիվ մեկ բնութագիրն արագ փոփոխություններն են, որոնց արդյունքում էապես ուժգնացել են փոխադարձ ազդեցությունները, և աշխարհը դարձել է շատ ավելի բաց: Մեր աչքի առջև ձևավորվում է որակապես նոր տիպի՝ պոստինդուստրիալ հասարակություն, որի հենքային գործընթացը ոչ թե ապրանքների, այլ գիտելիքի արտադրությունն է:

Ժամանակակից է համարվում այն հասարակությունը, որն ի վիճակի է արտադրել ժամանակակից գիտելիք»,- ասել է Տիգրան Սարգսյանը՝ ավելացնելով, որ կառավարության պարտավորությունն է ստեղծել այնպիսի ենթակառուցվածքներ, որոնք մտածող մարդուն հնարավորություն կտան ստեղծել նոր գիտելիք:

ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, Փիլիսոփայության միջազգային ակադեմիայի նախագահ Գևորգ Բրուտյանը վարչապետին շնորհել է Փիլիսոփայության միջազգային ակադեմիայի պատվավոր դոկտորի կոչում:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---