Այսօր Հեմոֆիլիայի համաշխարհային օրն է

Այսօր Հեմոֆիլիայի համաշխարհային օրն է

PanARMENIAN.Net - 1989 թվականից նշվում է Հեմոֆիլիայի համաշխարհային օրը: Այդ օրը բազմաթիվ երկրներում կազմակերպվում են միջոցառումներ, որոնք ուղղված են հեմոֆիլիայով տառապող հիվանդների բուժման, դեղերով ապահովման և կյանքի որակի բարելավման հետ կապված խնդիրների լուսաբանմանը: Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ այսօր հեմոֆիլիայով տառապող հիվանդների թիվն աշխարհում կազմում է մոտ 400 հազար մարդ (10 000 տղամարդուց մեկը):

Արյան մակարդման ժառանգական հիվանդություններից 92- 95% կազմում են հեմոֆիլիաները` A, B, և Վիլլեբրանդի գործոնի անբավարարությունը: Յուրաքանչյուր վտանգից խուսափելու և լիարժեք ապրելու համար ամեն 10 կգ քաշին անհրաժեշտ է 200 Միջազգային միավոր հակահեմոֆիլային պատրաստուկ: Նմանատիպ ամեն մի ներարկման արժեքը կազմում է 100-120 դոլար:

Հեմոֆիլիան արյան մակարդման համակարգի հիվանդություն է, որը պայմանավորված է մակարդման գործոնների պակասով և անցնում է ժառանգաբար` կապված X քրոմոսոմի հետ:

Հիվանդությունը կլինիկորեն դրսևորվում է տարաբնույթ արյունահոսություններով, արյունազեղումներով հոդերում, մկանային բունոցներում և օրգանիզմի այլ խոռոչներում: Կրկնվող ներհոդային արյունազեղումները առաջացնում են հողերի քրոնիկական բորբոքում, հետագայում` հաշմանդամության:

Հակահեմոֆիլային պատրաստուկներով բուժումն ունի իր առավելությունները, սակայն դեղորայքի ամբողջ ծավալով ապահովումը թանկարժեք է: Մեկ հիվանդի հակահեմոֆիլային պատրաստուկի տարեկան պահանջարկի արժեքը կազմում է 12000 – 13000 դոլար: Հեմոֆիլիայի կենտրոնում ներկայումս հսկվում է հեմոֆիլիայով տառապող 236 հիվանդ, որոնցից 57-ը երեխաներ են:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---