Ռուսաստանի ամենահարուստ հայը Դանիիլ Խաչատուրովն է 2 մլրդ դոլար կարողությամբ

Ռուսաստանի ամենահարուստ հայը Դանիիլ Խաչատուրովն է 2 մլրդ դոլար կարողությամբ

PanARMENIAN.Net - Ռուսաստանյան Forbes-ը հրապարակել է 200 ամենահարուստ ռուսաստանցիների հերթական վարկանիշը, որտեղ նաև 5 հայ կա: Ռուսաստանի ամենահարուստ հայը «Ռոսգոսստրախի» գլխավոր տնօրեն Դանիիլ Խաչատուրովն է, որը 2 մլրդ դոլար կարողությամբ զբաղեցնում է ցուցակի 45-րդ հորիզոնականը: Նախորդ տարվա համեմատ Խաչատուրովի կարողությունն ավելացել է 500 մլն դոլարով:

Երկրորդը «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանն է, որը 1,6 մլրդ դոլարով 63-րդ տեղն է: Նախորդ տարվա համեմատ Կարապետյանի կարողությունն ավելացել է 200 դոլարով:

Forbes-ի վարկանիշի 82 և 83-րդ տեղերը գրավում են Նիկոլայ և Սերգեյ Սարկիսով եղբայրները, որոնցից յուրաքանչյուրի կարողությունը 1,2 մլրդ դոլար է: Մեկ տարվա ընթացքում նրանց կարողությունը պակասել է 300 մլն դոլարով:

Վարկանիշի վերջին հայ ներկայացուցիչը «Տռոյկա Դիալոգ» ընկերությունների խմբի նախագահ Ռուբեն Վարդանյանն է: Ինչպես և 2011-ին Վարդանյանը 180-րդ հորիզոնականում է 500 մլն դոլար կարողությամբ:

Ինչ վերաբերում է համառուսաստանյան առաջատարին, ապա այստեղ փոփոխություն կա: Վարկանիշը երկու տարի գլխավորող Վլադիմիր Լիսինն իր տեղը զիջել է «Մետալոինվեստի» հիմնադիր Ալիշեր Ուսմանովին: Նրա կարողությունը գնահատվում է 18,1 մլրդ դոլար: Վլադիմիր Լիսինն այժմ երկրորդն է 15,9 մլրդ դոլար կարողությամբ: Առաջատարների եռյակը եզրափակում է Ալեքսեյ Մորդաշովը 15,3 մլրդ դոլար կարողությամբ:

Ըստ Forbes-ի, մեկ տարում Ռուսաստանի դոլարային միլիարդերների թիվը նվազել է հինգով, կրճատվել է նաև ձեռնարկատերերի՝ այսպես կոչված «Ոսկե հարյուրակի» համախառն հարստությունը: 2012թ. այն կազմում է 446,3 մլրդ դոլար, 2011թ. 498,6 մլրդ դոլարի դիմաց:

Ցուցակի անդամների միջին տարիքը 50 է: Ամենաերիտասարդ մասնակիցը 16-ամյա Դենի Բաժաևն է 750 մլն դոլարով, իսկ ամենատարեցը՝ 79-ամյա Վլադիսլավ Տետյուխինը 650 մլն դոլարով: Ամենահարուստ ռուսաստանցիների բնակության հիմնական վայրը Մոսկվան ու Սանկտ Պետերբուրգն են:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---