20 ապրիլի 2012 - 17:14 AMT
Սերժ Սարգսյան. Որպես նախագահ շահագրգռված եմ, որ ընտրություններն անցնեն ազատ ու արդար

Հայաստանում խորհրդարանական ընտրություններին ընդառաջ Հանրապետական կուսակցության նախընտրական քարոզարշավի շրջանակներում այսօր ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանն այցելել է Արագածոտնի մարզի Ապարան քաղաք: Ծաղկահովիտ համայնքի բնակիչների հետ հանդիպմանը նա նշեց, որ առաջիկա ընտրությունները շատ կարևոր նշանակություն ունեն Հայաստանի համար՝ որպես ՀՀԿ-ի նախագահ ցանկություն հայտնելով, որ հավաքի մասնակիցները ձայն տան հանրապետականին:

«Իսկ ահա որպես ՀՀ նախագահ, ես շահագրգռված եմ, որ ընտրություններն անցնեն ազատ ու արդար»,- ասաց նա՝ հավելելով, որ ազատ և արդար ընտրություններ անցկացնելու համար իշխանություններն ու քաղաքացիները պետք է «ձեռք-ձեռքի» տալով համագործակցեն։

Նախագահը խոսեց արտաքին քաղաքականությունից՝ նշելով, որ Հայաստանի հետ արդեն հաշվի են նստում աշխարհի գերհզոր երկրները: «Հինգ տարիների ընթացքում մենք աշխատել ենք, ծուլություն չենք արել, իսկ դուք կարող եք դրան տալ ձեր գնահատականը»,- ասաց Սերժ Սարգսյանը:

Ծաղկահովիտ համայնքի հանդիպումից հետո նախագահն այցելեց հիմնականում եզդիաբնակ Ալագյազ համայնք, որտեղ նա հարթակ հրավիրեց Գյուղապետ Ազիզ Մհոյանին՝ խնդրելով ներկայացնել գյուղի հիմնական խնդիրները: Գյուղապետն իր հերթին ընդգծեց նորակառույց դպրոցի հետ կապված խնդիրը, որն առաջացել է ոչ պրոֆեսիոնալ շինարարաների իրականացրած աշխատանքի պատճառով. նոր դպրոցի հատակն այժմ գրեթե ամբողջությամբ փտել է: Սերժ Սարգսյանը խոստացավ հարցերը գրանցել և ամենակարճ ժամանակահատվածում լուծում տալ:

Խորհրդարանական ընտրությունները Հայաստանում տեղի կունենան մայիսի 6-ին: Ընտրություններին մասնակցում են ութ քաղաքական ուժեր՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ), «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը (ԲՀԿ), ՀՅ «Դաշնակցությունը» (ՀՅԴ), «Օրինաց երկիր» կուսակցությունը (ՕԵԿ), «Ժառանգությունը», Հայաստանի Դեմոկրատական կուսակցությունը (ՀԴԿ), Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը, «Միավորված հայեր» կուսակցությունը և մեկ նախընտրական դաշինք ի դեմս ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ):