ԵԱՀԿ Մինսկի խումբն արձագանքել է ադրբեջանցիների կողմից երեք հայ զինծառայողների սպանությանը

ԵԱՀԿ Մինսկի խումբն արձագանքել է ադրբեջանցիների կողմից երեք հայ զինծառայողների սպանությանը

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեն (ԱՄՆ), Իգոր Պոպովը (Ռուսաստան) և Ժակ Ֆորը (Ֆրանսիա) այսօր հանդես են եկել հերթական հայտարարությամբ: Միջնորդների հայտարարությունում, մասնավորապես, ասվում է. «ԵԱՀԿ ՄԽ համանախագահները լուրջ մտահոգություն են հայտնում հայ-ադրբեջանական սահմանին և շփման գծում հրադադարի ռեժիմի խախտումների մասին վերջին հաղորդագրությունները, որոնք հանգեցրել են մարդկային զոհերի: Նման անիմաստ գործողություններն ուժիի կիրառումից զերծ մնալու կողմերի պարտավորությունների խախտում են, ինչպես նաև հակասում են 2012-ի հունվարի 23-ին նախագահներ Սարգսյանի և Ալիևի համատեղ հայտարարության ոգուն:

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները դատապարտում են ցանկացած զոհ և կրկին հայտարարում, որ հակամարտության լուծման խաղաղ բանակցություններն այլընտրանք չունեն: Միջնորդները կոչ են անում կողմերին հարգել 1994-ին հաստատված հրադադարի ռեժիմը և զերծ մնալ պատասխան միջոցներից, որոնք կարող են հանգեցնել իրավիճակի թեժացմանը»:

27.04.2012թ.՝ժամը 04:15-ի սահմաններում, ՀՀ ՊՆ քննչական ծառայության վեցերորդ կայազորային քննչական բաժնում հաղորդում է ստացվել այն մասին, որ Տավուշի մարզի Այգեպար-Մովսես գյուղերի միջև ընկած ճանապարահատվածում ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայողներից մեկին պատկանող «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենայով երթևեկելիս հրազենային մարմնական վնասվածքներ են ստացել վարորդը և ևս երկու պայմանագրային զինծառայողներ:

Պաշտպանության նախարարությունից PanARMENIAN.Net ին հայտնում են, որ ձեռնարկված միջոցառումներով վերջիններիս կյանքը փրկել հնարավոր չի եղել՝ երկու պայմանագրային զինծառայողներ մահացել են Բերդի զինհոսպիտալ տեղափոխելու ճանապարհին, իսկ մեկը՝ Բերդի զինհոսպիտալում: Դեպքի վայրի զննության ժամանակ բազմաթիվ հրազենային հետքեր են հայտնաբերվել նաև վերը նշված ավտոմեքենայի վրա:

Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայության վեցերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քր. օր-ի 104 հոդվածի 2–րդ մասի 1-ին (անձի կամ նրա մերձավորի սպանությունը ՝ կապված այդ անձի կողմից իր ծառայողական գործունեության կամ հասարակական պարտքի կատարման հետ) և 6-րդ (շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով) կետերով հարուցվել է քրեական գործ և կատարվում է նախաքննություն:

Ապրիլի 25-ին հայ-ադրբեջանական սահմանագոտու հյուսիս-արևելյան հատվածում արձանագրվել էր հրադադարի ռեժիմի խախտման դեպք: Ադրբեջանական կողմից տարբեր տրամաչափի հրազենային զենքերից գնդակոծվել էին Տավուշի մարզի Դովեղ գյուղի պաշտպանական դիրքերը, կրակոցներ էին արձակվել գյուղի ուղղությամբ: Վնասվել էր գյուղի մանկապարտեզը և մանկապարտեզի մոտ կայանած «Գազ 53» մակնիշի ավտոմեքենան:

Անվտանգության նկատառումներից ելնելով`մանկապարտեզի սաները և անձնակազմը տարհանվել էին: ՀՀ ԶՈւ առաջապահ ստորաբաժանումների ձեռնարկած համապատասխան միջոցառումների արդյունքում հակառակորդը լռել էր: Հայկական կողմից տուժածներ և վիրավորներ չկային:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---