
2012 թ. ապրիլի 16-ին Վանաձոր քաղաքում Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի մոտ ադրբեջանական ֆիլմերի փառատոնի դեմ տեղի ունեցած բողոքի ակցիայի և այդ ընթացքում արձանագրված միջադեպի կապակցությամբ որոշում է կայացվել քրեական գործի հարուցումը մերժելու մասին, իսկ հավաքված նյութերը փոխանցվել են իրավասու մարմնին՝ համապատասխան անձանց վարչական պատասխանատվության ենթարկելու հարցը լուծելու համար:
Ոստիկանությունից հայտնում են, որ վարչական վարույթի արդյունքում Վանաձոր քաղաքի բնակիչ Մարգարիտա Խաչատրյանի նկատմամբ նշանակվել է տուգանք՝ քառասուն հազար դրամի չափով: Նրա անօրինական գործողություններով դիտավորությամբ վնասվել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի գույքը, որն առաջացրել է մանր չափերի վնաս:
Հավաքի վայրում ոստիկանության արդյունավետ գործողությունների կատարման համար անհրաժեշտ նախապայմաններ չեն ապահովվել, ինչի համար էլ ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության պետի հրամանով կարգապահական պատասխանատվության են ենթարկվել ոստիկանության Լոռու մարզային վարչության Վանաձորի բաժնի պետի ծառայության գծով տեղակալ Միքայել Չոբանյանը և ոստիկանության Լոռու մարզային վարչության ծառայության բաժանմունքի պետ Ալեքսանդր Արզումանյանը:
Ինչ վերաբերում է հավաքի անցկացման վայրում գտնվող ոստիկանության փոքրաթիվ անձնակազմի առերևույթ անգործությանը, ապա վերը նկարագրված իրավիճակին բնորոշ պայմաններում այն գնահատվել է որպես իրավաչափ, քանզի տակտիկական նպատակահարմարությունից ելնելով, ըստ էության, ուղղված է եղել հնարավոր լարվածության և առճակատման, ինչպես և բռնության կիրառման վտանգների նվազեցմանը: