Այգեպարի գյուղապետ. Ադրբեջանցիներն իրենց գյուղի լույսերն անջատում են ու սկսում կրակել մեր տներին

Այգեպարի գյուղապետ. Ադրբեջանցիներն իրենց գյուղի լույսերն անջատում են ու սկսում կրակել մեր տներին

PanARMENIAN.Net - Տավուշի մարզի սահմանամերձ Այգեպար և Մովսես գյուղերում այս գիշերը համեմատաբար խաղաղ է եղել: Մովսես գյուղի գյուղապետ Լյուդվիգ Ապերյանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ ադրբեջանական կողմը հրադադարի ռեժիմը մայիսի 9-ի լույս 10-ի գիշերը իրենց գյուղի հատվածում չի խախտել:

«Անցած գիշեր էր իրավիճակը շատ ծանր: Կրակում էին գյուղի տների վրա: Մի տան սառնարան է վնասվել գնդակից: Հիմնականում վնասվել են տների տանիքները, բայց դե արդեն սովորել ենք էս կրակահերթերին»,- ասաց Ապերյանը:

Սահմանամերձ մեկ այլ՝ Այգեպար գյուղի գյուղապետ Անդրանիկ Այդինյանն էլ PanARMENIAN.Net ի հետ զրույցում նշեց, որ նախորդ գիշեր հնչած կրակոցները ամենաերկարն էին հրադադարի ռեժիմի հաստատումից հետո:

«ԴՇԿ-ով էին կրակում պատերին, շենքերին, տանիքներին: Բարեբախտաբար, վիրավորներ չունենք: Արդեն սովորել ենք, որ ժամը 10-ին իրենց գյուղի լույսերն անջատում են, ու սկսում կրակել մեր տներին: Հենց տեսնում ենք՝ իրենց լույսերն անջատեցին, թաքնվում ենք տներում. արդեն գիտենք՝ կրակելու են: Հենց տեսնում ենք՝ լույսերը միացրեցին, թեթևացած շունչ ենք քաշում»,- ասաց Այդինյանը:

Շուշիի ազատագրման, ԼՂՀ ՊԲ կազմավորման 20-ամյակների և Մեծ Հայրենական պատերազմում տարած հաղթանակի 67-ամյակի նախօրեին ողջ գիշեր ադրբեջանական բանակը խախտել է հրադադարի ռեժիմը Տավուշի մարզի սահմանային գծում՝ ժամեր շարունակ կրակահերթի տակ պահելով սահմանից ընդամենը 400-500 մետր հեռավորության վրա գտնվող Ներքին Կարմիրաղբյուր, Այգեպար, Մովսես և Չինարի գյուղերը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---