14 մայիսի 2012 - 21:29 AMT
Հունիսին կնշվի հայ-կորեական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակը

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանը մայիսի 14-ին ընդունեց Կորեայի Հանրապետության Ազգային ժողովի փոխնախագահ Հոն Ջաե Հյոնի գլխավորած պատվիրակությանը: Ինչպես հաղորդում է ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը, ողջունելով հյուրերին` Նիկոյանը վստահություն հայտնեց, որ կորեացի խորհրդարանականների այցը նոր խթան կհանդիսանա ինչպես երկու երկրների, այնպես էլ Ազգային ժողովների միջև եղած հարաբերությունների զարգացման համար: ԱԺ նախագահը սերտ և ջերմ որակեց հաստատված հայ-կորեական և միջխորհրդարանական հարաբերությունները` կարևորելով դրանց շարունակականությունն ու խորացումը: Նա ընդգծեց Ազգային ժողովների` որպես ներկայացուցչական մարմինների դերը խորհրդարանական դիվանագիտության ընդլայնման ուղղությամբ, ինչը համընդհանուր խաղաղության և բարեկամական մթնոլորտի հաստատաման գրավականներից է:

Սամվել Նիկոյանը գոհունակությամբ նշեց երկու երկրների խորհրդարանների միջև արդեն իսկ գոյություն ունեցող լավ փոխհարաբերությունները: Նա շնորհակալություն հայտնեց Կորեայի կառավարությանը, որի աջակցության շնորհիվ հնարավոր եղավ հիմնովին վերանորոգել և ժամանակակից սարքավորումներով ապահովել խորհրդարանի նիստերի դահլիճը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` ԿՀ ԱԺ փոխնախագահ Հոն Ջաե Հյոն իր հերթին նշեց, որ վերջին քսան տարում հայ-կորեական հարաբերություններն ակտիվ զարգացում են ապրել, ինչն ապագա համագործակցության հեռանկարներին լավատեսորեն նայելու հիմք է տալիս: Հունիսին կնշվի հայ-կորեական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակը, Երևանի պետական լեզվաբանական համալսարանում գործում է կորեական բաժին, ընդլայնվում է համագործակցությունը տնտեսական, մշակութային, այլ ոլորտներում, և Հոն Ջաե Հյոնի խոսքով` խորհրդարանների խնդիրն է ապահովել նպաստավոր օրենսդրական դաշտ:

Երկու երկրներում էլ ձևավորվում են նոր խորհրդարաններ և երկուստեք հույս հայտնվեց, որ կշարունակվեն համագործակցության ստեղծված ուղղությունները:

ՀՀ ԱԺ նախագահի խոսքով` առկա է մեծ ներուժ Հայաստանի և Կորեայի միջև երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման ու ամրապնդման համար ամենատարբեր` առևտրատնտեսական, գիտատեխնիկական, կրթության, մշակույթի և այլ ոլորտներում: Նա նաև հույս հայտնեց, որ շահագրգիռ կողմերի համատեղ ջանքերի շնորհիվ հնարավոր կլինի Կորեական թերակղզում հասնել երկարատև խաղաղութան` պայմաններ ստեղծելով կորեական ժողովրդի երկու հատվածների վերամիավորման համար: Ներկայացվեց ղարաբաղյան հակամարտության կարգավորման հայկական կողմի դիրքորոշումը:

Կորեայի Հանրապետության Ազգային ժողովի պատվիրակության կազմում էր նաև պատգամավոր Նահ Յոուն Մին, ով ներկայացրեց իր հեղինակած «Ժամանակակից ողբերգություն» գիրքը: Վերջինիս առաջին գլխում պատմվում է Օսմանյան Թուքիայում իրականացված հայերի ցեղասպանության մասին, իսկ հեղինակը` ազդված մարդկության պատմության այդ ողբերգական էջից, ամեն տարի ապրիլի 24-ին ֆեյսբուքյան իր էջով տեղեկացնում է բոլոր օգտատերերին 20-րդ դարի առաջին եղերագործության մասին: Շնորհակալություն հայտնելով պատգամավորին հայանպաստ գործունեության համար` պարոն Նիկոյանը նշեց. «Այդպիսի դիրքորոշում կարող է ունենալ հզոր մշակույթ ունեցող ազգի ներկայացուցիչը, ով մտածում է համամարդկային արժեքներով: Որևէ ազգի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը հանցագործություն է մարդկության դեմ, և առաջադեմ պետություններն ու մարդիկ են, որ պայքարում են դրա դեմ»:

Հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ով ևս բարձր գնահատեց առկա երկկողմ կապերը: