97  65-րդ Կաննի կինոփառատոնը

Կաննի կինոփառատոն, օր 10-րդ. Առաջին մրցանակ, Մարքս և ինչ-որ մեկի դնովի ծնոտը (վիդեո)

Կաննի կինոփառատոն, օր 10-րդ. Առաջին մրցանակ, Մարքս և ինչ-որ մեկի դնովի ծնոտը

PanARMENIAN.Net - Մայիսի 25` Կաննի կինոփառատոնի 10-րդ օր: Կաննից հոյակապ, անկրկնելի հաղորդագրություն է եկել. Լի Դենիելսի «Թղթակիցը» ֆիլմի պրեմիերայի ժամանակ հյուրերից ինչ-որ մեկը կարմիր ուղեգորգին կորցրել է դնովի ծնոտը, որն ավելի ուշ հայտնաբերել են փառատոնի հսկիչները: «Մենք չգիտենք, թե ումն է այն, բայց, կարծես, տղամարդու է պատկանում»,- ասել է հսկիչների պետը:

Փառատոնի որոշ մասնակիցներ և հյուրեր ենթադրում են, որ դնովի ծնոտը կարող է պատկանել հանրահայտ ֆրանսիացի դերասան Ժան Լուի Տրենտինյանին, սակայն այդ վարկածը դեռևս չի հաստատվել:

Առաջին ծիծեռնակ

Ի դեպ, փառատոնում արդեն հանձնել են առաջին մրցանակը. իսպանացի ռեժիսոր Անտոնիո Մենդես Էսպարզան Քննադատության շաբաթվա Գրան-պրին է ստացել «Այստեղ և այնտեղ» լիամետրաժ ֆիլմի համար: «Այստեղ և այնտեղ»-ը իսպանացի ռեժիսորի առաջին լիամետրաժ աշխատանքն է: Ֆիլմի սցենարը նա ինքն է գրել: Կինոնկարի գլխվոր հերոսը երաժիշտ է, որը նվագել է Նյու Յորքի ռեստորաններում և վերադառնալով տուն` Մեքսիկա` որոշում է սեփական նվագախումբ ստեղծել, պատմում է «Դելո»-ն:

Քննադատության շաբաթը Կաննի 65-րդ կինոփառատոնին զուգահեռ բաժինն է, որում հայտնվում են երիտասարդ ռեժիսորների դեբյուտային և երկրորդ ֆիլմերը: Այն հիմնադրվել է Կինոքննադատների ֆրանսիական միության կողմից 1962 թվականին: Ծրագիրը հայտնի է նրանով, որ ապագայում հայտնի ռեժիսորների համար մեկնարկային կետ է դառնում. հենց Քննադատության շաբաթվա շնորհիվ է սկսվել ռեժիսորներ Բեռնարդո Բերտոլուչիի, Օտար Իոսելիանիի, Վոնգ Կար Վայի, Ժակ Օդիարի և շատ այլոց փառատոնային երթը:

Այս տարի Քննադատության շաբաթը տեղի ունեցավ մայիսի 17-ից 25-ը: Հիմնական ծրագրում ներկայացված էր յոթ լիամետրաժ և տասը միջին ու կարճամետրաժ ֆիլմ և ևս երկուսը` հատուկ ցուցադրության շրջանակներում:

Լավագույններն ու վատագույնը

Ի դեպ, փառատոնի ֆավորիտները շարունակում են մնալ Միխայել Հանեքեի «Սերը», Կրիստիան Մունջուի «Բլուրներից այն կողմ» և Ժակ Օդիարի «Ժանգ և ոսկոր» կինոնկարները:

Իսկ այս տարվա Կաննի կինոփառատոնի գլխավոր անհաջողությունը մեքսիկացի Կառլոս Ռեյգադասի «Խավարից հետո լույս» ֆիլմն է, որի ցուցադրությունը կայացավ նախօրեին և միանշանակ արձագանք չառաջացրեց պրոֆեսիոնալ հանդիսատեսի կողմից:

Փառատոնամերձ նորություններ

Երեկ Կաննի կինոփառատոնի շրջանակում տեղի ունեցավ ամենասպասված երեկույթը` amfAR բարեգործական երեկոն: Այս տարի «Կինեմատոգրաֆիան ընդդեմ ՁԻԱՀ-ի» աճուրդն այցելեցին մեծ քանակությամբ աստղեր ամենատարբեր ոլորտներից` Միլա Յովովիչ, Քիրստեն Դանսթ, Կառլ Լագերֆելդ, Կարին Ռոյթֆելդ, Նատաշա Պոլի, Ջանեթ Ջեքսոն, Իրինա Շեյք, Ալեք Բոլդուին և շատ ուրիշներ: Eden-Roc հյուրանոցում ավանդաբար տեղի ունեցավ աստղային լոտերով աճուրդը: Ամենացանկալիներից մեկը Կառլ Լագերֆելդի և Հարվի Վայնշթեյնի առաջարկն էր` Chanel մինի-ֆիլմի նկարահանման իրավունքը, հաղորդում է hochu.ua-ը:

Աճուրդից բացի միջոցառման ժամանակ տեղի ունեցավ փոքրիկ սև զգեստների ցուցադրություն, շքեղ ընթրիք և զանազան արտիստների ելույթներ: Ընդհանուր առմամբ կազմակերպիչներին հաջողվեց մի քանի միլիոն դոլար հավաքել, որոնք կուղղվեն ՁԻԱՀ-ի դեմ պայքարի վերաբերյալ հետազոտությունների ֆինանսավորմանը:

Իսկ ինչ վերաբերում է ֆիլմերին, ապա 10-րդ մրցութային օրը շարունակեցին երկու ֆիլմեր` Սերգեյ Լոզնիցայի «Մշուշում» և Դևիդ Քրոնենբերգի «Կոսմոպոլիսը»:

Ռուսական մշուշը Կաննում

Սերգեյ Լոզնիցան ցուցադրությունից առաջ պատմել է, որ պատերազմի մասին չի նկարահանել ֆիլմը, թեև գործողությունը տեղի է ունենում 1942թ. օկուպացված Բելոռուսիայում, այլ մարդկանց մասին որոշակի պայմաններում:

«Մշուշում»-ը Վասիլ Բիկովի համանուն վիպակի էկրանավորումն է. երկու պարտիզաններ, որոնց մարմնավորում են մոսկովյան դերասան Վլադիսլավ Աբաշինն ու Սերգեյ Կոլեսովը Եկատերինբուրգից, մեկնում են պատժելու դավաճանին` շրջիկ տեսուչ Սուշչենյային (Ֆոմենկոյի թատրոնի դերասան Վլադիմիր Սվիրսկի): Իրականում դավաճանություն չի եղել, բայց Սուշչենյայի համար իր անմեղությունն ապացուցելը գրեթե անհնար է:

Օրհնություն հեղինակից

«Եթե թեման սահմանենք երկու խոսքով, ապա դրանք գրված են Բիկովի գրքում: Մարդը ամեն ինչ չէ, որ կարող է: Լինում են իրադրություններ, երբ նա գրեթե ոչինչ չի կարող: Ահա այդ իրադրությունն էլ հուզում է ինձ»,- Լոզնիցայի խոսքն է մեջբերում ՌԻԱ Նովոստին: Լոզնիցան պատմել է նաև, որ «Մշուշում» վեպի էկրանավորման մասին սկսել է մտածել դեռևս տասը տարի առաջ, երբ վեպի հեղինակը կենդանի էր: «Ես Վասիլ Բիկովի հետ շփվել եմ, երբ մենք առաջին անգամ նրանից իրավունք ստացանք նկարահանելու կինոնկարը: Նա ինձ խնդրեց չներգրավել իրեն սցենարի ստեղծման մեջ. գիտեր, որ իրեն քիչ ժամանակ է մնացել, և նա դեռ շատ բան պետք է գրեր: Բայց օրհնեց ինձ այս ֆիլմը ստեղծելու համար և հաջողություն մաղթեց»,- բացատրել է ռեժիսորը:

Լոզնիցայի խոսքով` Բիկովի վիպակում չկա բախում անմիջական թշնամու հետ: «Կան բախումներ մի տարածաշրջանի խաղաղ բնակիչների միջև պատերազմի և օկուպացիայի ֆոնին: Պատերազմը ներկա է որպես միջավայր, որտեղ գոյություն ունեն մարդիկ, և նրանք էլ ստեղծում են այդ միջավայրը»,- հավելել է նա: «Որքանով ես լսել եմ, Կաննի մրցույթում կա մի ֆիլմ, որը մոտ է թեմայով: Կինոյի պատմության մեջ կան ֆիլմեր, որոնք նույնպես աղերսներ ունեն այդ թեմայի հետ: Օրինակ` Կլուզոյի «Արջնագռավը» կամ Հիչքոքի «Ոչ այն մարդը»: Կինոնկարը քիչ ավելին է, քան քաղաքական քննարկումը»,- հայտնել է ռեժիսորը:

24 ժամ լիմուզինում

Իսկ կանադացի ռեժիսոր Դևիդ Քրոնենբերգը ներկայացրել է իր նոր` «Կոսմոպոլիս» ֆիլմը` Դոն Դելիլլոյի ապոկալիպտիկ վեպի էկրանավորումը. «Նյու Յորքի եռացող կյանքում կապիտալիզմի դարաշրջանն իր ավարտին է մոտենում: Երիտասարդ ֆինանսիստ Էրիկ Փարքերը (Ռոբերտ Պատինսոն) նստում է իր սպիտակ լիմուզինը և մեկնում քաղաքի մյուս ծայրը` իր վարսավիրի մոտ, ուր նա ամեն գնով պետք է հասնի այսօր: Սակայն Մանհեթենը անդամալուծված է ԱՄՆ նախագահի այցի պատճառով: Քաղաքն աստիճանաբար լցվում է քաոսով, և Էրիկը, անզոր լինելով որևէ բան փոխել, հետևում է իր աշխարհի կործանմանը: Էրիկը համոզվում է, որ իրեն ուզում են սպանել: Ո՞վ: Ե՞րբ: Նրան սպասվում են իր կյանքի ամենակարևոր 24 ժամերը»:

Մի ամբողջ օր ձգված ճանապարհին նա խորհում է այն մասին, թե որտեղ են գիշերում լիմուզինները, և ինչու յուանը չի արդարացնում կանխատեսումները, բաժանվում է կնոջից (Սառա Գեդոն), սեքսով է զբաղվում մի քանի կողմնակի կանանց, այդ թվում` արտ-դիլերի հետ ի դեմս Ժուլյետ Բինոշի, հայտնվում է հակագլոբալիստների ցույցի կենտրոնում, ովքեր առաջարկում են բոլոր համաշխարհային արժույթները փոխարինել առնետներով, տորթով երեսին հարված է ստանում նկարիչ-ակցիոնիստից Մատյե Ամալրիկի կատարմամբ: Արդյունքում նա կորցնում է իր ունեցվածքը և ակնկալում, որ իրեն կսպանեն:

«Ես ընթերցեցի վեպը, երկու օր անց հասկացա, որ ուզում եմ ըստ դրա ֆիլմ նկարահանել և ինչ-որ վեց օրում գրեցի սցենարը: Այդքան քիչ ժամանակ պահանջվեց, որովհետև Դելիլոյի երկխոսություններն ուղղակի փայլուն են, և դրանք բոլորովին պետք չէ փոփոխել»,- պատմել է Քրոնենբերգը: «Ես չէի ուզում փոխել և ոչ մի ձայն իմ խոսքերում, կարծես դա ոչ թե սցենար էր, այլ երգ»,- համաձայնել է Ռոբերտ Պատինսոնը: Գործողությունների մեծ մասը տեղի է ունենում լիմուզինի ներսում:

«Դա արտաքին աշխարհից բոլորովին մեկուսացած, լիովին վերահսկվող միջավայր է, ուր Էրիկ Փարքերը ստիպում է մտնել նրանց, ովքեր գործ ունեն իր հետ: Նա բացատրում է, որ լիմուզինը «պրուստացված է», այսինքն խցանով է պատված, ինչպես Պրուստի սենյակը և ոչ մի ձայն բաց չի թողնում: Իմ ձայնատեխնիկները շատ նյարդային էին այս առնչությամբ»,- ասում է Քրոնենբերգը:

Կոսմոպոլիս ըստ Մարքսի

«Ես ինձ շատ տարօրինակ էի զգում, երբ ֆիլմի նկարահանումների մի ամբողջ օրից հետո, որտեղ ամբոխները Նյու Յորքի փողոցներում բողոքում էին կապիտալիստների դեմ, վերադառնում էի տուն, միացնում հեռուստացույցն ու լուրեր դիտում Occupy Wall Street շարժման մասին: Այնպիսի զգացողություն էր, որ իմ գեղարվեստական նախագիծը հանկարծակիորեն վավերագրականի է վերածվում: Բայց դա բացարձակ պատահականություն է»,- նշում է Քրոնենբերգը:

«Կոսմոպոլիսի» տեսարաններից մեկում հսկայական գովազդային էկրանին թարթում է «Ուրվականը շրջում է աշխարհով մեկ` կապիտալիզմի ուրվականը»: «Հղումը Մարքսին շատ կարևոր է: Մարքսի «Կոմունիստական կուսակցության մանիֆեստում» խոսքը գնում է մոդեռնիզմի` մի դարաշրջանի մասին, երբ կապիտալիզմը զարգացման այնպիսի աստիճանի հասավ, որ արագությունը, որով հասարակությունն առաջ էր շարժվում, անտանելի դարձավ մարդկանց մեծամասնության համար, և վրա հասավ անկայուն ու անկանխատեսելի իրականության թագավորությունը: Մարքսն այդ մասին գրում է 1848 թվականի'ն: Եվ մենք հենց դա ենք տեսնում ֆիլմում: Ես հաճախ էի մտածում, թե ինչ կասեր Մարքսն իմ կինոնկարի մասին, դրանում նա շատ բաներ էր կանխագուշակել»,- գրում է Քրոնենբերգը ֆիլմին կից ռեժիսորական մեկնաբանության մեջ:

Օր 11-րդ` վերջին

11-րդ օրը Կաննի կինոփառատոնի մրցութային ծրագիրը կավարտեմ Ջեֆ Նիքոլսի «Կեղտ» դրաման, որտեղ ֆիլմի գլխավոր հերոսը թաքնվում է օրենքից և անսպասելիորեն օգնական գտնում ի դեմս 14-ամյա դեռահասի, և հարավկորեական ռեժիսոր Իմ Սան Սուի «Փողի համը» էրոտիկ դրաման երիտասարդի մասին, որն իր կնոջ` հարուստ գործարարի ժառանգորդուհու մոտ քարտուղար է աշխատում և սիրավեպ ունի մի կնոջ հետ, որը շուտով ծանոթանում է նրա իսկ դստեր հետ, որը բոլորովին նման չէ իր` փողի գերի ծնողներին:

Մարինա Անանիկյան / PanARMENIAN News
28  17.05.12 - 65-րդ Կաննի կինոփառատոնը. Օր 1
25  18.05.12 - 65-րդ Կաննի կինոփառատոնը. Օր 2
31  19.05.12 - 65-րդ Կաննի կինոփառատոն. Օր 3
24  20.05.12 - 65-րդ Կաննի կինոփառատոն. Օր 4
31  21.05.12 - 65-րդ Կաննի կինոփառատոն. Օր 5
22  22.05.12 - 65-րդ Կաննի կինոփառատոն. Օր 6
33  23.05.12 - 65-րդ Կաննի կինոփառատոնը. Օր 7
42  24.05.12 - 65-րդ Կաննի կինոփառատոնը. Օր 8
21  25.05.12 - 65-րդ Կաննի կինոփառատոնը. Օր 9
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---