Հունիսի 1-ին առաջին անգամ կանցկացվի TEDxKids@Yerevan միջոցառումը

Հունիսի 1-ին առաջին անգամ կանցկացվի TEDxKids@Yerevan միջոցառումը

PanARMENIAN.Net - Երևանում հունիսի 1-ին կկայանա տարածաշրջանում առաջին TEDxKids@Yerevan միջոցառումը: TEDxKids@Yerevan միջոցառումը պաշտոնապես արտոնագրված է միջազգային TED Conferences կազմակերպության կողմից և կրելու է «Մեր աշխարհը» խորագիրը:

Միջոցառման ընթացքում ելույթ կունենան 10-ից 16 տարեկան երեխաներ, ովքեր ընտրվել են ապրիլին և մայիսին կայացած լսումների արդյունքում: Երեխաները կխոսեն իրենց աշխարհի և իրականության, իրենց անհավանական հաջողությունների ու այն խնդիրների մասին, որոնք ժառանգել են ավագ սերնդից: Այսպես TEDxKids@Yerevan-ը որպես հարթակ կծառայի երիտասարդ սերնդին, որպեսզի բարձրաձայնեն իրենց հուզող և հետաքրքրող խնդիրներն ու հարցերը, ինչպես նաև իրենց յուրահատուկ հաջողությունները, հայտնագործությունները, ուսումնասիրություններն ու պատմությունները:

Երեխաները, ովքեր ընտրված են տարբեր մարզերից, կխոսեն ամենատարբեր թեմաներով` բիոնիկական ճարտարապետությունից, ծաղրի շղթայից, «աշխարհը շալակելուց», «Բեռլինի պատը» քանդելուց, սերիալների վատ ազդեցությունից մինչև առողջ սնունդ, քաղաքի մաքրություն, վախերի հաղթահարում և այլն: Ելույթները կլինեն TEDx բանախոսություններին հատուկ ձևաչափին և ոճին համապատասխան:

Առաջնորդվելով «Գաղափարներ, որոնք արժանի են տարածման» ոգով` TED-ը ստեղծել է TEDx-ը: TEDx-ը լոկալ, ինքնակազմակերպվող միջոցառումների ծրագիր է, որը միավորում է մարդկանց` քննարկելու TED-ի գաղափարներով կյանքի կոչված իրենց փորձը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---