Բացվել է պատանի երաժիշտների «Նոր անուններ» 2-րդ միջազգային փառատոնը

Բացվել է պատանի երաժիշտների «Նոր անուններ» 2-րդ միջազգային փառատոնը

PanARMENIAN.Net - Մայիսի 29-ին տեղի ունեցավ «Նոր անուններ» պատանի երաժիշտ-կատարողների 2-րդ միջազգային փառատոնի բացումը: Փառատոնը կշարունակվի մինչև հունիսի 1-ը:

Այս տարի փառատոնին մասնակցելու են մինչև 18 տարեկան շուրջ քառասուն շնորհալի պատանի երաժիշտներ աշխարհի տարբեր երկրներից (Հայաստան, Վրաստան, Ֆրանսիա, Ռուսաստան, Մալթա, Ուզբեկստան, Կորեա), ովքեր երևանյան ունկնդրին կներկայանան ինչպես նվագախմբային, այնպես էլ մենանվագ կատարումներով: Փառատոնի այս տարվա մասնակիցների թիվը շուրջ մեկ տասնյակով ավելի է անցած տարվանից: Տարբերվում է նաև աշխարհագրությունը:

Համերգները կկայանան Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյան) և Հայաստանի պետական կամերային նվագախմբի (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյան) հետ համագործակցությամբ: Մասնակիցների մեծ մասը միջազգային և հանրապետական մրցույթների ու փառատոների բազմակի դափնեկիրներ և տարբեր հիմնադրամների կրթաթոշակառուներ են, ովքեր բազմիցս ելույթներ են ունեցել աշխարհի հայտնի բեմերում:

Փառատոնային օրակարգը կներառի նաև մշակութային ծրագիր մասնակիցների համար (այցելություններ Երևանի կարևորագույն մշակութային հուշարձանները, զբոսանք Սևանա լճում, այց Մայր Աթոռ Սբ. Էջմիածին), որը պատանի երաժիշտներին թույլ կտա ոչ միայն առավել մտերմանալ, այլև օտարազգի մասնակիցերին կներկայացնի Հայաստանը և հայ մշակույթը:

Արդեն երկրորդ տարին փառատոնի գլխավոր հովանավորն է ՎիվաՍել-ՄՏՍ-ը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---