ՀԱՅԱՍՏԱՆԻ, ԱԴՐԲԵՋԱՆԻ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ԱՍՏԱՆԱՅՈՒՄ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԽՆԴԻՐԸ

PanARMENIAN.Net - Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահներ Ռոբերտ Քոչարյանը, Վլադիմիր Պուտինը եւ Իլհամ Ալիեւը «դեմ առ դեմ»` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ Աստանայում քննարկել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդիրը: Առաջին 15 րոպեների ընթացքում հանդիպմանը ներկա են գտնվել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովը, Սթիվեն Մաննը եւ Անրի Ժակոլենը: Բանակցությունների ավարտից հետո Ռոբերտ Քոչարյանը եւ Իլհամ Ալիեւը հանդիպումը շարունակել են Ռուսաստանի նախագահի ներկայությամբ: Եռակողմ հանդիպումից հետո Ռոբերտ Քոչարյանը եւ Իլհամ Ալիեւը կրկին շարունակել են առանձնազրույցը: «Արդյունքներով պարծենալ չենք կարող: Մենք քննարկում ենք շատ բարդ խնդիրներ, որոնք մենք ժառանգել ենք»,- հայտարարել է Քոչարյանը հանդիպումից հետո: Միաժամանակ նա նշել է, որ երկու կողմերը համբերատարությամբ են վերաբերում երկխոսությանը, եւ բանակցային գործընթացը շարունակվում է: «Նախագահները ճշտել են որոշակի դիրքորոշումներ, ձեւավորվել են տեսակետներ, եւ այժմ մեզ ժամանակ է պետք կողմնորոշվելու համար»- հաղորդել է Քոչարյանը: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի խոսքերով, հանդիպման ժամանակ ինքը եւ Քոչարյանն ամփոփել են արտգործնախարարների բանակցությունների արդյունքները: «Ես դրական եմ գնահատում, որ անփոփոխ մակարդակով, մշտական ձեւաչափով ընթանում են արտգործնախարարների հանդիպումներ` Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ», -ասել է Ալիեւը: Ռոբերտ Քոչարյանն ու Իլհամ Ալիեւը հանդիպման ավարտից հետո հայտարարել են Ղարաբաղի խնդրի լուծման բացառապես քաղաքական միջոցների որոնման իրենց պատրաստակամության մասին: Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները հանդիպման ժամանակ հաստատել են «հրադադարի վերաբերյալ պարտավորությունների կատարումը»: Բանակցությունների ընթացքում նշվել է, որ Ռուսաստանն ու ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահության գծով նրա գործընկերները`ԱՄՆ եւ Ֆրանսիան կշարունակեն անհրաժեշտ աջակցություն ցույց տալ հակամարտության կարգավորման գործընթացին: Հիշեցնենք, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագաների նախորդ հանդիպումը տեղի էր ունեցել գարնանը Վաշինգտոնում, դրան հետեւել են ՀՀ եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումները:
 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---