
Նալբանդյան 106/1 հասցեի կառուցապատող «Ավագ Շին» ընկերությունը և այն ներկայացնող մոսկվաբնակ գործարար Գևորգ Մարդանյանը օրերս կրկին անհանգստացրել են Նալբանդյան 104 անհատական բնակելի տան բնակիչներին՝ փորձելով առանց համաձայնության ներխուժել գոտիավորման նախագծով որպես մշակութա-լուսավորչական նշանակության գոտի սահմանված տարածք և զավթել դրա մի մասը: Հիշեցնենք, որ գործարարը հայհոյանքներով և անպարկեշտ արտահայտություններով դուրս էր վռնդել Նալբանդյան, Թումանյան, Նալբանդյան, Սայաթ-Նովայի պողոտա և Ավագ Պետրոսյան փողոցների բնակիչներին իրեն օտարված Նալբանդյան 106/1 տարածքից և իրականացրել ծառահատումներ:
Ինչպես հայտնում է «Մեր քաղաքը» նախաձեռնությունը, այս պահին կառուցապատող ընկերության շինարարները ներխուժել են մշակութա-լուսավորչական գոտի և զավթել են Նալբանդյան 104 սեփական տան ընդհանուր օգտագործման տարածքը, որը գոտիավորման նախագծով դեռևս 2007 թվականից ի վեր հաստատվել է որպես մակութային քառակուսի:
Քանդակագործ Ղուկաս Չուբարյանի դուստր Անուշ Չուբարյանը պատրաստվում է տարածքում հիմնել իր հորը նվիրված մշակութային կենտրոն, ինչի համար իր պնդմամբ արդեն դիմել է համապատասխան ատյաններին: Անցյալ տարի նա այստեղ բացել է հանրային ցուցահանդես՝ «Չուբար քանդակների այգի» խորագրով: