14  26.06.12 - ՀԱԿ հանրահավաքը Ազատության հրապարակում

ՀԱԿ-ի հանրահավաքի արդյունքները. «Բեսպրեդել», գայթակղություններ և մահացու հարված, իսկ ամռանը ընդդիմությունը կհանգստանա

ՀԱԿ-ի հանրահավաքի արդյունքները. «Բեսպրեդել», գայթակղություններ և մահացու հարված, իսկ ամռանը ընդդիմությունը կհանգստանա

PanARMENIAN.Net - Այսօր` հունիսի 26-ին, Երևանի Ազատության հրապարակում տեղի ունեցավ ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքը: Որոշ գնահատականների համաձայն` այս հանրահավաքը վերջին շրջանի ամենասակավամարդ և կարճատևն էր: Հնարավոր է` իրենցն են ասել արձակուրդների շրջանը, շոգն ու ընտրություններից հետո հանդարտված կրքերը:

Պայքարը «բեսպրեդելի» դեմ ըստ ՀԱԿ-ի

Ինչպես հանրահավաքի ժամանակ հայտնել է ՀԱԿ-ից պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, միայն Հայ ազգային կոնգրեսն է բարձրացնում 1999թ. հոկտեմբերի 27-ի և 2008թ. մարտի 1-ի հանցագործությունների բացահայտման հարցերը: Այդ մասին երեքշաբթի օրը` ընդդիմադիր ՀԱԿ-ի հանրահավաքի ժամանակ, ասել է ՀԱԿ-ից պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Ընդ որում նա նշել է, որ եթե իշխանությունները հոկտեմբերի 27-ի գործը համարում են դե-յուրե բացահայտված, ապա մարտի 1-ի անկարգությունների հետաքննությունը մինչ օրս շարունակվում է: Փաշինյանն իր խոսքում անդրադարձել է նաև «Հարսնաքար» ռեստորանում բժիշկներին ծեծի ենթարկելու հետ կապված աղմակահարույց պատմությանը` այն անվանելով «ներկայիս իշխանությունների գործունեությունը»: Այս կապակցությամբ նա ընդգծել է, որ «միայն ՀԱԿ-ն է ի վիճակի դադարեցնել Հայաստանում տիրող «բեսպրեդելը»:

ՀԱԿ` անակնկալ իշխանության համար

ՀՀՇ վարչության նախագահ, ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի անդամ Արամ Մանուկյանը հայկական ընդդիմության հանրահավաքի ժամանակ ՀԱԿ-ի կողմնակիցներին կոչ է արել ցանկացած պահին պատրաստ լինել նախագահական ընտրությունների անցկացմանը և չսպասել 2013թ. փետրվարին:

Մանուկյանը հայտնել է, որ ՀԱԿ-ի պատգամավորների գործունեությունը նոր խորհրդարանում անակնկալ էր գործող իշխանությունների համար: «Դա նրանց համար անակնկալ էր, նրանք ակնկալում էին, որ դժվար կլինի, բայց չէին սպասում, որ այսքան»,- հայտնել է նա: Մանուկյանի խոսքով` շատ պատգամավորներ և նախարարներ խորհրդարանում կառավարության ծրագրի քննարկումից հետո մոտեցան և իրենց գոհունակությունը հայտնեցին ՀԱԿ-ից պատգամավորների վարած աշխատանքի վերաբերյալ:

Ընդ որում Մանուկյանն ընդգծել է, որ առանց ժողովրդի աջակցության Կոնգրեսի պատգամավորները թույլ են և ոչինչ չեն կարողանա անել: «Յոթ հոգին այն թիվը չէ, որով կարելի է լուրջ փոփոխություններ կատարել խորհրդարանում… Նրանք վախենում են ձեզանից, ժողովո'ւրդ»,- ընդգծել է նա:

Մանուկյանը ցուցարարներին կոչ է արել հիշել, որ աշնանը ինչպես ներքաղաքական, այնպես էլ արտքաղաքական բնույթի նոր զարգացումներ են սպասվում, «իսկ ներկայիս իշխանությունները դիմակայելու իմունիտետ չունեն»:

Գայթակղություններն ու մահացու կռիվը

«Առջևում նախագահական ընտրություններն են, և շատ անելիք կա»,- հայտնել է ՀԱԿ-ի համակարգող Լևոն Զուրաբյանը: «Կասկածողներին, ովքեր գտնում են, որ իշխանություններին նույն հեշտությամբ կհաջողվի հաղթել նախագահական ընտրություններում, ինչպես դա տեղի ունեցավ խորհրդարանական ընտրություններում», Զուրաբյանը կոչ է արել հիշել այն մասին, որ, ժողովրդի կարծիքով, երկրում իշխանություն փոխելու համար իրական հնարավորությունը նախագահական ընտրություններն են, և «ընտրողներին դժվար է գայթակղել»:

«Աշնանը մենք պետք է պատրաստ լինենք ճակատագրական որոշումների, երկրում քաղաքական պատասխանատվությունը ստանձնելուն և վարչակարգին մահացու հարված հասցնելուն»,- հայտնել է Զուրաբյանը հավաքվածներին:

Նա անդրադարձել է նաև ՀԱԿ-ի աշխատանքին խորհրդարանում` հայտնելով, որ երեք օր շարունակ ժողովուրդն ականատեսն էր այն բանի, թե ինչպես էին ՀԱԿ-ի բոլոր պատգամավորները «լարվածության մեջ պահում վարչակարգի խորհրդարանն ու կառավարությունը», «ինչը վարչապետի դեպքում հանգեցրեց, ինչպես գրում են լրատվամիջոցները, կայուն դեպրեսիայի»:

Իր խոսքում Զուրաբյանը նաև Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին կոչ է արել հրաժարական տալ:

Ամռանը ընդդիմությունը կհանգստանա

Հանրահավաքի ժամանակ ելույթ ունեցած Հայ ազգային կոնգրեսի ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանը հայտնել է, որ ՀԱԿ-ի հերթական հանրահավաքը, հավանաբար, տեղի կունենա սեպտեմբերին, եթե այն ավելի վաղ անցկացնելու անհրաժեշտություն չծագի մինչ այդ: Նրա խոսքով` դա պայմանավորված է նրանով, որ քաղաքական զարգացումները կսկսվեն աշնանը, մասնավորապես, կապված նախագահական ընտրությունների մոտեցմամբ:

ՀԱԿ-ը «Բարգավաճ Հայաստանի» կողմից է

Լևոն Տեր-Պետրոսյանը նաև հանդես է եկել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պաշտպանությամբ` կտրուկ քննադատելով նրանց, ովքեր ԲՀԿ-ին «կեղծ ընդդիմություն» են համարում: Նրա խոսքով` կասկածամիտները որպես իրենց դիրքորոշման ապացույց հիմնականում բերում են երկու փաստարկ` «Բարգավաճի» ցանկացած գործողության ետևում տեսնում են «Ռոբերտ Քոչարյանի ականջները» և վերջինիս վերադարձի սպառնալիքով սարսափեցնում ժողովրդին, և հասարակությանն ամեն կերպ համոզում, որ «Բարգավաճ Հայաստանն» իրականում ընդդիմություն չէ, քանի որ այդ մասին ԱԺ կանոնակարգի պահանջին համապատասխան հայտարարություն չի արել։

Տեր-Պետրոսյանը գտնում է, որ դրանով իսկ այդ կասկածամիտները փորձում են ներկայացնել Սերժ Սարգսյանին` որպես չարյաց փոքրագույնը` հաշվի առնելով, որ Քոչարյանը հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից և մարտի 1-ին հեղված արյունից հետո Հայաստանի ամենամեծ չարիքն է:

Եվ իդիոտիզմների մասին

Տեր-Պետրոսյանն ընդգծել է, որ բոլոր այն կուսակցությունները, որոնք կառավարության մաս են կազմում, իշխանություն են, իսկ որոնք դուրս են կառավարությունից, ընդդիմություն են: Նրա խոսքով` ԱԺ կանոնակարգի` ընդդիմություն լինելու մասին հայտարարելու վերաբերյալ դրույթը պարզապես իդիոտիզմ է, որն առաջին իսկ հնարավորության դեպքում ընդդիմադիր պատգամավորների պահանջով պետք է վերացվի։

Տեր-Պետրոսյանը հավելել է, որ իբր անկախ ԶԼՄ-ներն ու քաղաքական ուժերը, այդ թվում նաև Հայ ազգային կոնգրեսից անջատված տարրեր անցյալ տարվա հոկտեմբերից սկսած պայքարել և, հակառակ իրենց կանխատեսումների չարդարացման, այսօր էլ շարունակում են պայքարել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ընդդիմացումը և քաղաքական մյուս ուժերի, հատկապես Կոնգրեսի հետ համագործակցությունը վիժեցնելու համար` «նպատակ հետապնդելով «Բարգավաճին» կրկին մղել Սերժ Սարգսյանի գիրկը»։

Տեր-Պետրոսյանը նշել է, որ այժմ իշխանությունը զանազան ճնշումների մեխանիզմներ է կիրառում «Բարգավաճ Հայաստանի» հանդեպ, և այս կապակցությամբ հայտնել է, որ տարիներ շարունակ ՀԱԿ-ը ենթարկվեց շատ ավելի դաժան ճնշումների, բայց «որևէ մտադրություն չունի դադարեցնել պայքարը ավազակապետական ռեժիմի դեմ՝ մինչև վերջնական հաղթանակ»: Նրա խոսքով, եթե այդ ամենից հետո «Բարգավաճ Հայաստանը» հնազանդություն հայտնի Սերժ Սարգսյանին, ապա դա կլինի նրա` որպես քաղաքական գործոնի վերջը:

ՀԱԿ-ի ղեկավարը նշել է, որ ԲՀԿ միակ ճանապարհն իրական ընդդիմություն դառնալն է, իսկ բոլոր մնացած քաղաքական ուժերը պետք է օգնեն նրան այդ գործում:

Լևոն Տեր-Պետրոսյանն առաջարկում է ԵԱՀԿ Մինսկի խումբը… լուծարել

Լևոն Տեր-Պետրոսյանը մեկնաբանել է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահների համատեղ հայտարարությունը Լոս-Կաբոսում (Մեքսիկա)` ընդգծելով, որ Հայաստանի իշխանությունները սխալ են հասկացել ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ֆրանսիայի ղեկավարների ուղերձը: Նրա խոսքով` ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների նախագահների վերջին համատեղ հայտարարության ոճն ավելի կոշտ է, քան նախորդների դեպքում: «Կարծես ուսուցիչները խոսում են մեղավոր երեխաների հետ»,- նշել է Տեր-Պետրոսյանը:

Նրա խոսքով` ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահները վրդովված են այն բանից, որ Սերժ Սարգսյանը և Իլհամ Ալիևը «վճռական քայլեր չեն կատարել», որոնք ձեռնարկելու կոչով իրենց երկրները հանդես են եկել Դովիլում, այլ կերպ ասած, վերջիններս չեն արձագանքել այդ կոչին; Հայաստանի և Ադրբեջանի նախագահները չեն կատարել նաև Հիմնարար սկզբունքների համաձայնեցումն արագացնելու վերաբերյալ 2012թ. հունվարի 23-ին Սոչիում ստանձնած իրենց պարտավորությունը; շարունակել են բանակցություններում պաշտպանել սեփական մաքսիմալիստական դիրքորոշումները; խստորեն չեն պահպանել 1994թ. հրադադարի համաձայնագիրը և վերջապես չեն խուսափել լարվածություն առաջացնող թշնամական հռետորաբանությունից։

Տեր-Պետրոսյանը նշել է, որ Արևմուտքի պաշտոնական շրջանակներին մոտ որոշ փորձագետներ արդեն խոսում են այն մասին, որ Մինսկի խումբը չի արդարացնում իր վրա դրված հույսերը, և անգամ նրա աշխատանքի կարճաժամկետ դադարեցումը կարող է դրական արդյունքների հանգեցնել: ՀԱԿ-ի ղեկավարը հավելել է, որ այդ փորձագետները գտնում են, թե հարկավոր է հրաժարվել միջնորդական գործողություններից և ուժեղ արտաքին ճնշում գործադրել կողմերի վրա, որպեսզի հաշտության պայմանագիր ձեռք բերվի: Որպես օրինակ նրանք, Տեր-Պետրոսյանի խոսքով, բերում են Բոսնիայի վերաբերյալ դեյտոնյան համաձայնագիրը:

Բոլորին դեմ

ՀԱԿ-ի ղեկավարը ընդդիմադիր ուժերին կոչ է արել շարունակել համագործակցությունը և կառավարության ծրագրերի քննարկման ժամանակ քվեարկել վերջինիս առաջարկած բոլոր օրինագծերի դեմ: Տեր-Պետրոսյանի խոսքով` ընդդիմությունը չպետք է ստանձնի իշխող մեծամասնության կողմից ընդունված օրենքների պատասխանատվությունը:

Ընդ որում նա ընդգծել է, որ ընդդիմությունը կարող է խորհրդարանական մեծամասնության հետ համաձայնեցված քվեարկել միայն Հայաստանի ազգային անվտանգության և արտաքին մարտահրավերների հետ կապված օրինագծերի դեպքում:

ՀԱԿ-ի ղեկավարը նշել է նաև, որ այժմ խորհրդարանում նոր քաղաքական իրողություն է ստեղծվել` նշելով, որ 1999 թվականից ի վեր Ազգային ժողովում այդքան ընդդիմադիր պատգամավոր չի եղել: Որպես իր խոսքերի ապացույց` նա հիշեցրել է, որ եթե խորհրդարանական առաջին իսկ քվեարկության ժամանակ կառավարության ներկայացրած ծրագիրն ստացել է 49 «դեմ» ձայն, ապա 2007 թվականին կառավարության ծրագիրն ստացել էր 0, իսկ 2008-ին` ընդամենը 3 «դեմ»։

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---