Աշոտ Հովակիմյան. ՍԾՏՀ գագաթաժողովը Լեռնային Ղարաբաղի հակամարտության քննարկման տեղը չէ

Աշոտ Հովակիմյան. ՍԾՏՀ գագաթաժողովը Լեռնային Ղարաբաղի հակամարտության քննարկման տեղը չէ

PanARMENIAN.Net - Հունիսի 26-ին Ստամբուլում տեղի ունեցավ Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀ) հիմնադրման 20-ամյակին նվիրված հոբելյանական գագաթաժողովը, որին նախորդեցին ՍԾՏՀ Արտգործնախարարների խորհրդի հատուկ նիստն ու կազմակերպության Ավագ պաշտոնյաների կոմիտեի արտահերթ նիստը:

Ինչպես հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը, գագաթաժողովին ՀՀ պատվիրակությունը ղեկավարում էր և ելույթով հանդես եկավ ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը:

Իր ելույթում նախարարի տեղակալը ընդգծեց անցած 20 տարիների ընթացքում կազմակերպության շրջանակներում համագործակցության նվաճումներն ու առաջընթացը, մասնավորապես՝ ՍԾՏՀ նոր տնտեսական օրակարգի ընդունման փաստը:

Նա անդրադարձավ նաև միջազգային ասպարեզում կազմակերպության դերի և հեղինակության բարձրացման, ինչպես նաև միջազգային համագործակցության ժամանակակից պահանջներին կազմակերպության համապատասխանեցման անհրաժեշտությանը: Նշվեց ՍԾՏՀ-ում Հայաստանի Հանրապետության առավել ակտիվ ներգրավվածության և երկրի հեղինակության բարձրացման հանգամանքը:

Ի պատասխան գագաթաժողովին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ելույթում Հայաստանին հասցեագրված անհիմն մեղադրանքների, Աշոտ Հովակիմյանը նշեց. «Համաձայն ՍԾՏՀ հիմնարար փաստաթղթերի, այն պետք է մնա տնտեսական մանդատի և օրակարգի սահմաններում և չի կարող դառնալ քաղաքական քննարկումների ու մեղադրանքների ասպարեզ: ՍԾՏՀ գագաթաժողովը Լեռնային Ղարաբաղի հակամարտության քննարկման տեղը չէ: Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ բանակցությունների միակ համաձայնեցված միջնորդական ձևաչափը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունն է»:

Գագաթաժողովն ընդունեց ՍԾՏՀ հոբելյանական հռչակագիրը և ՍԾՏՀ կազմակերպության նոր տնտեսական օրակարգի վերաբերյալ ռազմավարական փաստաթուղթը:

Հունիսի 25-ին Աշոտ Հովակիմյանի գլխավորած պատվիրակությանն ընդունեց Թուրքիայի Հայոց պատրիարքական ընդհանուր փոխանորդ Արամ արքեպ. Աթեշյանը:

Partner news
 Ուշագրավ
Այնուհետև Մարտակերտ շրջկենտրոնում երկրի ղեկավարն անց է կացրել աշխատանքային խորհրդակցություն
Ադրբեջանական ազգային պլատֆորմը (ԱԱՊ) դիմում է հղել Եվրանեսթի Խորհրդարանական վեհաժողովին ԼՂՀ ներկայացուցիչների մասնակցության վերաբերյալ
Ուսումնարանի շրջանավարտները ազատ կտիրապետեն ռուսերենին ու անգլերենին, ինչպես նաև ադրբեջաներենին
Համանախագահները այցը կսկսեն Բաքվից, նրանք կհանդիպեն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, մայիսի 23-ին կժամանեն Երևան
Partner news