ՀԲ-ն 12 մլն դոլար է հատկացրել Հայաստանին հարկային վարչարարության բարելավման համար

ՀԲ-ն 12 մլն դոլար է հատկացրել Հայաստանին հարկային վարչարարության բարելավման համար

PanARMENIAN.Net - Համաշխարհային բանկի գործադիր տնօրենների խորհուրդն այսօր հաստատել է 12 միլիոն ԱՄՆ դոլար գումարով վարկ Հայաստանի Հարկային վարչարարության արդիականացման ծրագրի (ՀՎԱԾ) համար: Ծրագիրը կօժանդակի Պետական եկամուտների կոմիտեին (ՊԵԿ) արդիականացնելու իր բիզնես գործընթացները, ընդլայնելու էլեկտրոնային կառավարման կիրառումը, այդ թվում՝ հարկային հաշվետվությունների էլեկտրոնային ներկայացումը, և ներդնելու հարկային պարտավորությունների կատարման առավել հասցեական, ռիսկի վրա հիմնված ռազմավարություն, որը հենվում է հարկային պարտավորությունների կամավոր կատարման վրա:

Հայաստանի կառավարությունը գիտակցում է, որ եկամտային կատարողականի կատարելագործման համար պահանջվում են թե' հարկային վարչարարության և թե' հարկային քաղաքականության բարելավումներ և հանձն է առել իրականացնել հարկային վարչարարության համապարփակ բարեփոխումներ: Հարկային քաղաքականության բարեփոխումներն ուղղորդելու նպատակով կառավարությունը հրապարակել է ռազմավարական փաստաթուղթ՝ ուրվագծելով հարկային քաղաքականության միջնաժամակետ՝ 2012-2014 թթ. քաղաքականության միջոցառումները:

«Կառավարությունը, զարգացման գծով գործընկերների՝ մասնավորապես ԱՄՀ-ի, ՄՖԿ-ի, ԱՄՆ ՄԶԳ-ի և Համաշխարհային բանկի օժանդակությամբ, արդեն իրականացրել է իր եկամուտների վարչարարության բարելավմանն ուղղված քայլեր,- ասել է Համաշխարհային բանկի Երևանի գրասենյակի ղեկավար Ժան-Միշել Հափին: - Հիմնվելով նշված ջանքերի վրա՝ սույն ծրագիրն ապահովում է Հայաստանում եկամուտների վարչարարության համակողմանի արդիականացմանն օժանդակելու շրջանակն ու ֆինանսավորումը: Սույն գործառնությունն առանցքային է Համաշխարհային բանկի՝ Հայաստանի հետ գործընկերության ռազմավարության ընթացիկ փաստաթղթում և կենտրոնանում է ներքին տնտեսության մրցունակությունը բարձրացնելու վրա»:

Վերջին տնտեսական անկման պայմաններում ՊԵԿ-ը պահպանել է եկամուտների հավաքման մակարդակը: Սակայն Հայաստանում շուրջ 16.3 տոկոս կազմող հարկեր-ՀՆԱ (առանց սոցիալական վճարների) հարաբերակցությունը շարունակում է ցածր մնալ` եկամտի մակարդակի համեմատ: Հիմնական հանրային ծառայություններում և ենթակառուցվածքում ներդրումների համար հարկաբյուջետային հնարավորությունների ստեղծման, Կառավարության՝ աղքատության նվազեցման և տնտեսական աճի նպատակների իրագործման համար պահանջվում է եկամուտների հավաքման հետագա աճ: Միաժամանակ անհրաժեշտ է հարկային վարչարարության արդիականացում՝ գործարար միջավայրը բարելավելու և մասնավոր հատվածի զարգացումն ու աճը բարելավելու համար:

Առաջարկվող ծրագրի միջոցով կավելանա հարկատուների կողմից պարտավորությունների կամավոր կատարումը, կնվազեն հարկերից խուսափումը և հարկային պարտավորությունների կատարման ծախսերը, ինչպես նաև կբարձրանա ՊԵԿ-ի վարչարարական արդյունավետությունը: Նշված նպատակները կիրագործվեն` ա) ՊԵԿ-ի գործառնություններին օժանդակելու համար արդի, ինտեգրված տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրմամբ, բ) ՊԵԿ-ի և մյուս մարմինների միջև տվյալների փոխանակման բարելավմամբ՝ ռիսկի կառավարումը և հարկային պարտավորությունների կատարմանն ուղղված աշխատանքների հասցեականությունը կատարելագործելու նպատակով, գ) արդյունավետությունը և օպերատիվությունը բարելավելու և էլեկտրոնային կառավարումն ընդլայնելու համար բիզնես գործընթացների վերակազմակերպմամբ և ավտոմատացմամբ, դ) էլեկտրոնային կառավարման ընդլայնմամբ, այդ թվում` հաշվետվությունների էլեկտրոնային ներկայացումը և էլեկտրոնային վճարումները՝ մասնավոր հատվածի համար հարկային պարտավորությունների կատարման բեռը թեթևացնելու նպատակով:

«Սույն գործառնությամբ էական ներդրումներ են կատարվելու ՊԵԿ-ի հիմնական տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների ենթակառուցվածքում, - ասել է Սեբաստիան Էքարդը՝ Համաշխարհային բանկի ծրագիրը նախագծող թիմի ղեկավարը: - Տեղեկատվական տեխնոլոգիաների օժանդակության բարելավումը հարկային վարչարարության բարեփոխումների հետագա փուլի իրականացումը և ՊԵԿ-ի կատարողականի բարելավումը հնարավոր դարձնող կարևոր գործոն է»:

Ծրագրի կայուն իրականացումն ապահովելու համար այն վերահսկվելու է նախագահի աշխատակազմի, կառավարության աշխատակազմի, ֆինանսների նախարարի և ՊԵԿ-ի նախագահի բարձրաստիճան ներկայացուցիչներից կազմված հանձնաժողովի կողմից, որը կկայացնի առանցքային ռազմավարական որոշումներ և կկատարի ծրագրի իրականացման ընդհանուր ընթացքի մշտադիտարկում:

Ծրագիրը կիրականացվի ՊԵԿ-ի, Համաշխարհային բանկի, ԱՄՆ ՄԶԳ-ի և զարգացման մյսւս գործընկերների ռազմավարական գործընկերությամբ: Զգալի հավելյալ տեխնիկական աջակցությունը կֆինանսավորվի ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից՝ «Հարկային բարեփոխումների» ծրագրի շրջանակում: Համաշխարհային բանկի և ԱՄՆ ՄԶԳ ծրագրերը կգործեն սերտ համագործակցությամբ:

Ծրագրի ընդհանուր գումարը 15.1 միլիոն ԱՄՆ դոլար է, որից 3.1 միլիոն ԱՄՆ դոլարը ֆինանսավորելու է Հայաստանի կառավարությունը: 12 միլիոն ԱՄՆ դոլար գումարով ՄԶԸ վարկի մարման ժամկետը 25 տարի է, այդ թվում 5 տարին՝ արտոնյալ:

1992 թվականին Համաշխարհային բանկին և 1993թ. ՄԶԸ-ին անդամակցելուց ի վեր Հայաստանի նկատմամբ ՄԶԸ և ՎԶՄԲ ընդհանուր հանձնառությունները կազմում են 1, 624 միլիոն ԱՄՆ դոլար:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---