«ՇԵԼԼ» տրիոն իր 15-ամյակը կնշի տոնական համերգով

«ՇԵԼԼ» տրիոն իր 15-ամյակը կնշի տոնական համերգով

PanARMENIAN.Net - «ՇԵԼԼ» տրիոն իր հիմնադրման 15-ամյակը նշելու է տոնական համերգով: Այդ մասին մամլո ասուլիսի ժամանակ ասաց տրիոյի դաշնակահարուհի Շուշան Հակոբյանը: Համերգը կայանալու է հուլիսի 8-ին, Երևանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը: Համերգի առաջին մասում տրիոն կատարելու է Բեթհովենի, Դվորժակի և Բաբաջանյանի տրիոներից հատվածներ: Համերգի երկրորդ բաժնում իրենց գործընկերներին կշնորհավորեն Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի երգիչներն ու Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի երաժիշտները: Նրանք կկատարեն նեապոլիտանական երգեր, Աստոր Պիացոլլայի տանգոները, կկազմվի սեպտետ (յոթնյակ):

Չնայած տրիոն ունի պետական կարգավիճակ, դաշնակահարուհու խոսքով, խնդիրներ կան կազմակերպչական հարցերում: Խումբը չունի պրոդյուսեր, և ամեն ինչ անում են երաժիշտները:

1997թ-ին Երևանի Կոմիտասի անվան Պետական կոնսերվատորիայի շրջանավարտ երիտասարդ երաժիշտների՝ Շուշան Հակոբյանի (դաշնամուր), Եկատերինա Ջանփոլադյանի (թավջութակ) և Լիլիթ Զաքարյանի (ջութակ) նախաձեռնությամբ ստեղծվեց տրիոն՝ իր անունը վերցնելով երաժիշտների անվանատառերից՝ «ՇԵԼԼ»։ Իր ստեղծագործական կյանքի ընթացքում տրիոն իրականացրել է բազում համերգային ծրագրեր, հանդես է եկել Հայաստանի տարբեր մարզերում և քաղաքներում, եղել ԱՄՆ-ում, 1999թ-ին մասնակցել է Բելինիի անվան մրցույթին Իտալիայում։ 2000թ-ին ներկայացրել է հայ մշակույթը Լիբանանում հայկական մշակույթի տասնօրյակի շրջանակներում։ Նույն թվականին Օդեսայում մասնակցել է «Երկու օր երկու գիշեր» փառատոնին, ինչպես նաև հյուրախաղերով շրջագայել է Ավստրիայում։ 2001թ-ին «ՇԵԼԼ» տրիոն դարձյալ Օդեսայում մասնակցել է Improvisational Kinds of Art փառատոնին։ 2001թ-ի մայիսին Փարիզում Պ. Լանտիեյի անվան կամերային երաժշտության մրցույթին «ՇԵԼԼ» տրիոն արժանացել է առաջին մրցանակի։ 2002թ-ին մասնակցել է Մոսկվայում կայացած Հայկական մշակույթի օրերին և Մոսկովյան աշուն փառատոնին։ Տրիոյի գործունեությունը ոգեշնչում է նաև հայ ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործական երևակայությունը, որոնք գործեր են գրում հատկապես այս խմբի համար։ 2003թ-ից տրիոն գործում է իբրև Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի կոլեկտիվ։ Տրիոն իր ակտիվ մասնակցությունն ունի Հայաստանի ներկա մշակութային կյանքին` հանդես գալով մենահամերգներով ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ մարզերում: 2006 թ-ից եռյակի թավջութակահարն է Լևոն Առաքելյանը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---