9 հուլիսի 2012 - 14:57 AMT
Կ. Կոսաչով. Հայաստանը ընկալվում է Ռուսաստանում որպես բարեկամ, գործընկեր և դաշնակից

Հուլիսի 5-ին Հայաստանում ՌԴ դեսպանատանը տեղի ունեցավ ՌԴ նախագահի ԱՊՀ երկրների հետ կապերի գծով հատուկ ներկայացուցիչ, «Ռուսհամագործակցություն» դաշնային գործակալության ղեկավար Կոնստանտին Կոսաչովի հանդիպումը Հայաստանի ՈԿԿ-ների, ինչպես նաև մեդիա ռեսուրսների ներկայացուցիչների հետ:

Գործակալության ղեկավարը մանրամասն պատմեց Ռուսաստանում առկա իրավիճակի մասին, ներկայացրեց գերակա ուղղությունները: Անդրադառնալով հայ-ռուսական հարաբերություններին՝ Կոնստանտին Կոսաչովն ասաց, որ «Հայաստանը միշտ պահանջված է Ռուսաստանում որպես բարեկամ, գործընկեր և դաշնակից»:

«Հսկայական հարթակ է ստեղծված երկու ժողովրդների շահերից ելնելով աշխատելու համար»,-ասել է նա: Որպես «Ռուսհամագործակցության» գործունեության ոլորտ նա նշեց ԱՊՀ միասնական տարածքի վերականգնումը՝ Հայաստանում պարարտ հող տեսնելով բոլոր ոլորտներում գործակցության համար: «Ես Հայաստանից մեկնում եմ, ավելի մեծ լավատեսությամբ, քան եկել եմ: Սա իմ առաջին այցը չէ Հայաստանը, հուսով եմ, որ նաև վերջինը չի լինի»,-ասել է Կոսաչովը:

Հանդիպման ժամանակ Հայաստանի ռուսաց լեզվի ուսուցիչների ասոցիացիայի նախագահ, ՀՀ կրթության ու գիտության նախարարության գլխավոր մասնագետ Լիլիա Բալասանյանը պարգևատրվեց «Ռուսհամագործակցության պատվո նշանով»: