
Հուլիսի 5-8 կայացավ ՀՅԴ Հայաստանի կազմակերպության 17-րդ Գերագույն ժողովը: Ժողովը քննարկեց Գերագույն մարմնի հաշվետվությունը, առկա քաղաքական իրավիճակը, ընդունեց որոշումներ առաջիկա գործունեության հիմնական ուղղությունների վերբերյալ, ընտրեց Գերագույն մարմնի նոր կազմ: Ինչպես ասվում է ՀՅԴ Հայաստանի Գերագույն ժողովի հաղորդագրության մեջ, ՀՅԴ Հայաստանի կազմակերպության 17-րդ Գերագույն ժողովը հայտարարություն է ընդունել:
Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «ՀՅԴ Հայաստանի կազմակերպությունը հուլիսի 5-8 Լոռիում գումարեց իր 17¬րդ Գերագույն Ժողովը: Քննարկելով ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի գործունեությունը, անցած երկամյակում երկրում տեղի ունեցած քաղաքական ու հասարակական զարգացումները, խորհրդարանական ընտրությունների արդյունքներն ու հաջորդած իրադարձությունները, Ժողովը կատարել է իրավիճակի արժևորում և նախանշել առաջիկա երկու տարիներին Հայ Յեղափոխական Դաշնակցության Հայաստանյան գործունեության հիմնական ուղենիշները, ռազմավարությունն ու անելիքները»:
«Գերագույն Ժողովը ընթացավ միասնականության և համախմբվածության մթնոլորտում: Կուսակցությունը վճռական է Դաշնակցության ավանդույթների, հեղափոխական, ընկերվարական, ժողովրդավարական, ազգային ծրագրային հենասյունների վրա խարսխված իր գործուեությունը ծավալել երկրում ազատության ու արդարության, ազգային մեր խնդիրների լուծման համար պայքարում:
ՀՅԴ հայաստանյան կազմակերպությունը, համահայկական կառույցով շարունակելու է իր երթը մեր երկրի ազգային ռազմավարական խնդիրների լուծման, ծառացած մարտահրավերների հաղթահարման, Հայության արդար դատի հաղթանակի համար` մերժելով պարտվողական կեցվածքները, պարտադրելով վերջնականապես հրաժարվել հայ¬թուրքական նվաստացուցիչ արձանագրություններից:
Գերագույն Ժողովը վերահաստատում է երկրում ամբողջական իշխանափոխություն իրականացնելու՝ գործող իշխանությունների հեռացման և վերջիններիս սպասարկող առկա արատավոր համակարգի վերացման քաղաքական ուղեգիծը:
ՀՅԴ-ն վճռական է այս գործում շարունակել իր ընթացքը եւ հետամուտ լինել ստանձնած առաքելությանը` մեր երկրում հաստատել արդարություն և ազատություն»,-ասվում է ՀՅԴ Հայաստանի Գերագույն ժողովի հայտարարության մեջ: