Պաշտպանության նախարարն ընդունել է Հայաստան ժամանած շուրջ 70 սփյուռքահայ երիտասարդների

Պաշտպանության նախարարն ընդունել է Հայաստան ժամանած շուրջ 70 սփյուռքահայ երիտասարդների

PanARMENIAN.Net - Հուլիսի 12-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում կայացել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հանդիպումը Հայկական բարեգործական ընդհանուր միության և «Դեպի Հայք» հիմնադրամի օժանդակությամբ Հայաստան ժամանած երիտասարդների հետ, հաղորդում է ՀՀ ՊՆ մամլո ծառայությունը:

Պաշտպանության նախարարը, ողջունելով ԱՄՆ-ից, Սիրիայից, Մեծ Բրիտանիայից, Ուրուգվայից, Ֆրանսիայից, ՌԴ-ից և Կանադայից Հայաստան ժամանած շուրջ 70 սփյուռքահայ երիտասարդներին և կարևորելով ՀՀ-ում նմանատիպ միջոցառման անցկացումը՝ նշել է, որ ամեն տարի Հայաստան այցելող պատանիները միշտ էլ ցանակալի հյուր են եղել պաշտպանության նախարարությունում:

Իր խոսքում Սեյրան Օհանյանը մասնավորապես ասել է. «Հայրենաճանաչողական, կրթական ու մշակութային ասպարեզներում աշխատանքների ծավալումն անծանոթ չէ Հայաստանի պաշտպանական գերատեսչությանը: Պաշտպանության նախարարությունը, բացի իր բուն՝ զինվորական խնդիրների կատարումից, այսօր մեծածավալ ծրագրեր է իրականացնում կրթության և գիտության նախարարության ու նրա տարածքային կառույցների, սփյուռքի նախարարության, մշակույթի նախարարության, Հայաստանում գործող մի քանի տասնյակ հասարակական, երիտասարդկան և ուսանողական կազմակերպությունների ամենատարբեր հիմնադրամների հետ»:

Այնուհետև պաշտպանության նախարարը պատասխանել է երիտասարդների հարցերին, որոնք հիմնականում վերաբերում էին աշխարհաքաղաքական խնդիրներին, ինչպես նաև ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին, Ադրբեջանի կողմից հնչող ռազմատենչ հայտարարություններին, ՀՀ զինված ուժերի պատրաստությանը: Հանդիպման ավարտին հիմնադրամի անդամները Սեյրան Օհանյանին շնորհակալություն են հայտնել ջերմ ընդունելության համար՝ հույս հայտնելով, որ նմանատիպ միջոցառումները շարունակական բնույթ կկրեն:

Հանդիպումից հետո երիտասարդները մեկնել են Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ, ծանոթացել ուսումնական հաստատության առօրյային:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---