Բակո Սահակյան. Ինձ համար չկա ավելի պարտավորեցնող ուժ, քան իմ ժողովրդի վստահությունը

Բակո Սահակյան. Ինձ համար չկա ավելի պարտավորեցնող ուժ, քան իմ ժողովրդի վստահությունը

PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության վերընտրված նախագահ Բակո Սահակյանը հանդես է եկել ուղերձով 2012թ. հուլիսի 19-ին կայացած նախագահական ընտրությունների կապակցությամբ: Ուղերձում մասնավորապես ասվում է.

«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի հինգերորդ ընտրություններն արդեն իսկ կայացած իրողություն են: Այս ընտրությունները դարձան մեր ժողովրդի նոր հաղթանակը իրավական պետության կառուցման և ազգային իղձերի իրականացման ճանապարհին, նրա բարձր քաղաքացիական կեցվածքի ու իմաստնության ևս մեկ դրսևորումը: Արցախի ժողովուրդը կրկին վերահաստատել է իր հավատարմությունը միջազգային նորմերին ու սկզբունքներին և ազատ, անկախ ու արդար պետություն կառուցելու ուղու անշրջելիությանը:

Ես խորին երախտագիտություն եմ հայտնում Արցախի բոլոր քաղաքացիներին` ընտրություններին մասնակցելու համար, նրանց, ովքեր իրենց ձայնը տվել են իմ օգտին` բարձր վստահություն հայտնելով ինձ, և նրանց, ովքեր պաշտպանել են նախագահի մյուս թեկնածուներին: Որպես Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ` ինձ համար չկա ավելի մեծ ու պարտավորեցնող ուժ, քան իմ ժողովրդի վստահությունը և պատասխանատվությունը մեր երկրի ապագայի հանդեպ: Եվ մենք պատրաստակամ ենք ու վճռական այդ ապագայի կերտման գործում»:

«Երախտագիտություն եմ հայտնում նաև միջազգային դիտորդներին, ովքեր հետևել են այս ընտրությունների ընթացքին և որակել որպես միջազգային չափանիշներին համապատասխան, ազատ, արդար ու թափանցիկ ընտրություններ: Նրանց կարծիքը, գնահատականներն ու առաջարկությունները չափազանց կարևոր են մեր պետության կայացման, ժողովրդավարական ինստիտուտների զարգացման համար:

Այս հինգ տարիների ընթացքում մեր երկրում իրականացվել է մեծածավալ աշխատանք, սակայն անելիքներն էլ դեռ շատ են: Մենք հետևողական ենք լինելու առկա հիմնախնդիրները լուծելու, թերությունները վերացնելու, բացթողումները շտկելու գործում: Կարվի հնարավոր ամեն ինչ պետության հետագա զարգացման ու զորացման, Պաշտպանության բանակի մարտունակության ամրապնդման, մեր ժողովրդի կենսամակարդակի շարունակական բարձրացման, Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության ընդլայնման ու խորացման ուղղությամբ: Վստահ եմ, որ համատեղ ուժերով մենք կկարողանանք հաջողությամբ իրականացնել մեր համազգային նպատակներն ու ձգտումները և անպայման կարձանագրենք նոր հաղթանակներ: Շարունակենք սկսածը` հանուն Արցախի, հանուն մեր ապագայի»,-ասվում է Բակո Սահակյանի ուղերձում:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---