Սեպտեմբերին Հայաստանում կմեկնարկի Շիրակացու 1400-ամյակին նվիրված միջոցառումների շարքը

Սեպտեմբերին Հայաստանում կմեկնարկի Շիրակացու 1400-ամյակին նվիրված միջոցառումների շարքը

PanARMENIAN.Net - Այս տարի սեպտեմբերից Հայաստանում կնշվի Անանիա Շիրակացու 1400-ամյակը: Այդ մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայկական աստղագիտական ընկերության համանախագահ Արեգ Միքայելյանը: Նրա խոսքով, այն ընդգրկված է ՀՀ մշակույթի նախարարության հոբելյանների շարքում, ինչպես նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի տոնակատարությունների շարքում:

«Անանիա Շիրակացին մոռացության էր մատնված չգիտես ինչու»,-ասաց Միքայելյանը:

Միքայելյանն ասաց, ոչ Շիրակացու ծննդյան կոնկրետ տարեթիվն անհայտ է: Տարբեր աղբյուրներում նշված է 7-րդ դարը, 605-610 թթ-ը կամ 612-613 թթ-ը:

Հոբելյանի կապակցությամբ մշակվել է լայնածավալ ծրագիր: Միքայելյանը կատակում է, որ ԱԺ ընտրությունները կես տարի ուշացրեցին միջոցառումները, այնինչ միջոցառումների փաթեթն անցած տարի էր մշակվել:

Սեպտեմբերի 15-23-ը Բյուրականում տեղի է ունենալու միջազգային «ամառային դպրոց»: Միքայելյանն ուրախությամբ նշեց, որ դպրոցին մասնակցելու համար արդեն դիմել են 18 երկրներից 82 երիտասարդներ: «Այժմ մենք ընտրություն ենք կատարում: Հավանաբար կհրավիրենք 30 հոգու, կլինեն նաև հայ երիտասարդ աստղագետներ»,-հավելեց բանախոսը: Սպասվում է նաև Շիրակացուն նվիրված նստաշրջան:

Դպրոցը լինելու է աստղագիտական թեմայով, չնայած որ, Շիրակացին զուտ աստղագետ չի եղել: Պահպանվել են նույնիսկ նրա գրած շարականները:

Միքայելյանը ցավով նշեց, որ Անանիա Շիրակացու նման ակնառու մարդու գործունեությունը լավ չէ լուսաբանված և ուսումնասիրված: Գլխավոր խնդիրը նոր գրքերի հրատարակումն է:

ՀՀ ԳԱԱ հիմնարար գրադարանին հանձնարարվել է Շիրակացու մասին գրականության թվայնացումը, որպեսզի ստեղծվի թվային մեծ շտեմարան:

Աստղագիտական ընկերության կայքում արդեն բացվել է նրան նվիրված էջը, որտեղ զետեղված են նրա կենսագրությունը, գրականության ցանկը, միջոցառումները և այլն:

Միքայելյանը նաև պատմեց, որ համացանցում նույնպես չկան նրան նվիրված համապատասխան տվյալներ, կամ եղածն էլ շատ կցկտուր է: Նրա կարծիքով այս տարին հիանալի առիթ է լուսաբանելու և ներկայացնելու համար հասարակությանը Շիրակացուն ամբողջությամբ:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---