Այսօր Յուրմալայում կհայտարարեն «Նոր ալիք» մրցույթի հաղթողների անունները

Այսօր Յուրմալայում կհայտարարեն «Նոր ալիք» մրցույթի հաղթողների անունները

PanARMENIAN.Net - «Նոր ալիք 2012» Երիտասարդ կատարողների միջազգային մրցույթի հաղթողներին այսօր Յուրմալայում մրցանակներ կհանձնեն «Ձինտարի» համերգասրահում կայանալիք գալա-համերգի ժամանակ՝ նվիրված փառատոնի փակմանը: Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, մրցույթի փակման արարողությանը ելույթ կունենան պատվավոր հյուրեր՝ կանադացի երգչուհի Նելլի Ֆուռտադոն և կորեացի օպերային աստղ Սումի Ջոն:

«Նոր ալիք» մրցույթի երեք հաղթողները կստանան դիպլոմ, «Բյուրեղապակյա ալիք» մրցանակ սպիտակ բյուրեղապակուց և դրամական պարգև:

2012թ. մրցույթի մրցանակային ֆոնդը կազմում է 100 հազար եվրո և կբաշխվի հետևյալ կերպ՝ առաջին տեղ՝ 50 հազար եվրո, երկրորդ տեղ՝ 30 հազար եվրո և երրորդ տեղ՝ 20 հազար եվրո:

Հատուկ մրցանակներ կհանձնվեն հետևյալ անվանակարգերում՝ «Հանդիսատեսի համակրանք» մրցանակ «Ձինտարի» համերգասրահում sms քվեարկության արդյունքներով (հաղթողը կստանա «Ադամանդե ալիք» արժեքավոր մրցանակ «Սմոլենսկի ադամանդներ» ընկերությունից) և ՄՈՒԶ ՏՎ ալիքի մրցանակ: Հատուկ մրցանակ Ալլա Պուգաչովայից («Ոսկե աստղ» և 50 հազար եվրոյի չափով դրամական պարգև), որը Պրիմադոննան սահմանել է 2005 թվականին, այս տարի չի հանձնվի, քանի որ երգչուհին ներկա չէ:

Հայաստանը մրցույթում ներկայացնում է Սուրեն Առուստամյանը: «Բյուրեղապակյա ալիքի» համար պայքարում են 16 մասնակիցներ 14 երկրներից:

Փառատոնն ընթանում է Յուրմալա լատվիական քաղաքում հուլիսի 24-ից 29-ը:

Տարբեր տարիներին Հայաստանը մրցույթում ներկայացրել են երգիչներ Էմմին, Ռազմիկ Ամյանը, Մհերը և այլք: 2010թ. մրցույթում հաղթեց Հայաստանը ներկայացնող Սոնա Շահգելդյանը, իսկ 2011-ին հայաստանցի Էրիկն արժանացավ «Հանդիսատեսի համակրանք» մրցանակին:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---