ԲՀԿ-ն կրկին խոսում է Հմայակ Հովհաննիսյանի մասին, իսկ վերջինս նախընտրում է չմեկնաբանել

ԲՀԿ-ն կրկին խոսում է Հմայակ Հովհաննիսյանի մասին, իսկ վերջինս նախընտրում է չմեկնաբանել

PanARMENIAN.Net - ԲՀԿ լրատվական ծառայությունը հայտարարություն է տարածել, որում խոսվում է Հմայակ Հովհաննիսյանի ինքնաբացակի պատճառների և ԲՀԿ հետ ունեցած հարաբերությունների մասին: Հայտարարության մեջ մասնավորապես նշվում է.

«Այն, որ Հմայակ Հովհաննիսյանը ներկայացված է եղել ԲՀԿ համամասնական ցուցակում, բնականաբար, դա եղել է Գագիկ Ծառուկյանի առաջարկով, եւ այլ կերպ չէր էլ կարող լինել: Այս մասով Հմայակ Հովհաննիսյանն, իհարկե, չի ստում: Ինչ վերաբերում է մնացյալին, ապա գործիչը կարող էր մինչեւ վերջ անկեղծ լինել եւ խոստովանել, թե որոնք էին իրական պատճառները, որ վերջինս ինքնաբացարկի դիմում գրեց: Իսկ պատճառն այն էր, որ հերթական անգամ, ինչպես իր քաղաքական կարիերայի ողջ ընթացքում, Հմայակ Հովհաննիսյանը բացահայտեց քաղաքական լարախաղացի իր հմտությունները, փորձելով մանևրել քաղաքական տարբեր ուժերի միջեւ: Բնականաբար, կան այս ամենի փաստական ապացույցները, որոնք ներկայացվել են հենց իրեն եւ Հմայակ Հովհաննիսյանը, իր քաղաքական անպարկեշտությունն ապացուցող լրջագույն փաստերի ներքո, լուռ եւ ինքնակամ ներկայացրել է ինքնաբացարկի իր դիմումը:

Իհարկե, Հմայակ Հովհաննիսյանի դեպքում քաղաքական պարկեշտությունից խոսելը երեւի թե ավելորդ է, սակայն մարդ առնվազն տարրական երախտագիտության զգացում պիտի ունենա իրեն մշտապես եւ տևականորեն անշահախնդիր ֆինանսական եւ նյութական աջակցություն ցուցաբերած, իրեն քաղաքական դիակ դառնալուց փրկելու փորձեր արած գործչի հանդեպ: Սակայն, երեւի թե ճիշտ է հայտնի այն իմաստնությունը, որ քաղաքական անբարոյականությունը քրոնիկ ախտորոշում է, եւ ինչպես պարզվեց Հմայակ Հովհաննիսյանի դեպքում անբուժելի»:

PanARMENIAN.Net –ի թղթակիցը փորձեց պարզել Հմայակ Հավհաննիսյանը ծանոթ է արդյո՞ք հայտարարությանը և ինչպես կմեկնաբանի այն: Վերջինս նշեց, որ հայտարարության մասին իր մեկնաբանությունը ավելի ուշ կտա քաղաքագետների միությունը, իսկ ինքն անձամբ որևէ կերպ չի ցանկանում մեկնաբանել այն. «Քաղաքագետների միությունն ի սկզբանե դեմ է եղել, որ ես ընդգրկվեմ օլիգարխի ցուցակում և իրենք էլ կարձագանքեն դրան»:

Partner news
 Ուշագրավ
Նիստին գրանցվել է 104 պատգամավոր
Ռուսաստանի ԱԳՆ Համաեվրոպական համագործակցության վարչության պետ Իվան Սոլտանովսկուն ընդունեց Էդվարդ Նալբանդյանը
Partner news