Թուրքիան արձագանքել է ֆրանսիական դասագրքերում Հայոց ցեղասպանության վերաբերյալ բաժնի ներառմանը

Թուրքիան արձագանքել է ֆրանսիական դասագրքերում Հայոց ցեղասպանության վերաբերյալ բաժնի ներառմանը

PanARMENIAN.Net - Պաշտոնական Անկարան իր «խստագույն բողոքն» է արտահայտել Ֆրանսիային այն առնչությամբ, որ այդ երկրի միջնակարգ դպրոցների դասագրքերում ներառվելու է Հայոց ցեղասպանության վերաբերյալ գլուխ: Ինչպես հաղորդում է Hurriyet-ը, իր գրավոր հայտարարությունում Թուրքիայի` ԵՄ հարցերով նախարար Էգեմեն Բաղիշը կոչ է արել Փարիզին «կրկին չփորձարկել երկկողմ հարաբերությունները»:

«Ես խորհուրդ կտայի ֆրանսիական իշխանություններին, փոխանակ իրենց էներգիան պատմական փաստերի աղավաղման վրա ծախսելու, ավելի շատ ջանքեր ներդնել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում` ԵԱՀԿ ՄԽ համանախագահության շրջանակներում»,-նշվում է հայտարարությունում:

Նա նաև կոչ է արել ֆրանսիական իշխանություններին «նայել իրենց պատմությանը, այլ ոչ թե զբաղվել հորինված փաստերի ստուգմամբ»:

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի աշխատակազմի որոշմամբ, պատմության և աշխարհագրության դասագրքերում այսուհետև կընգրկվի Հայոց ցեղասպանության մասին գլուխ: Ինչպես գրում են թուրքական ԶԼՄ-ները, Ֆրանսիայի կրթության նախարարի այդ որոշումը կարող է կրկին բացասական ազդել Ֆրանսիայի և Թուրքիայի հարաբերությունների վրա, որը Օլանդի նախագահության օրոք մեծ հույսեր ուներ վերականգնել Փարիզի հետ հարաբերությունները: Հայոց ցեղասպանությունը ներառված է նաև ֆրանսիական բուհերում համաշխարհային պատմության ուսումնասիրման ծրագրում:

Թուրքիայի կրթության նախարարության պաշտոնյաներն ի պատասխան հայտարարել են, որ մտադիր են մանրամասն ուսումնասիրել Հայոց ցեղասպանության մասին գլուխը «Թուրքիային վարկաբեկող պահերի» հետ կապված, նախքան Ֆրանսիային դիվանագիտական պատասխան ուղարկելը:

Հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատը կողմ քվեարկեց ցեղասպանությունների,այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին: Ընդհանուր առմամաբ քվեարկել են 213 սենատորներ, որոնցից 127-ը «կողմ», 86-ը «դեմ»:

Ցեղասպանության ժխտման համար նախատեսում է 1 տարվա ազատազրկում և 45 հազար եվրո տուգանք: Փետրվարի 29-ին Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը օրինագիծը ճանաչեց ոչ սահմանադրական: Գրեթե անմիջապես Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին հանձնարարեց կառավարությանը նախապատրաստել նոր օրինագիծ:

Նախընտրական արշավի ժամանակ նախագահ Սարկոզին խոստացավ, որ ընտրվելու դեպքում օրինագծի նոր խմբագրությունը կներկայացվի արդեն հունիսին:

Այժմյան նախագահ Ֆրանսուա Օլանդը ևս խոստացել է նպաստել օրինագծի ընդունմանը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---