Ներելով Սաֆարովին՝ Բաքուն լուրջ փաստարկ տվեց հայկական կողմին Ղարաբաղի շուրջ բանակցություններուևմ

Ներելով Սաֆարովին՝ Բաքուն լուրջ փաստարկ տվեց հայկական կողմին Ղարաբաղի շուրջ բանակցություններուևմ

PanARMENIAN.Net - Ադրբեջանական իշխանությունները, ներում շնորհելով հայ սպայի մարդասպան Ռամիլ Սաֆարովին, լուրջ փաստարկ տվեցին հայկական կողմին Ղարաբաղի շուրջ բանակցություններում: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է «Կովկաս» ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: Ըստ նրա, ինչպես էլ գործեն ՀՀ իշխանությունները, «այս դեպքը ծանր կշռաքար է հայկական կողմի նժարին Ղարաբաղի շուրջ բանակցություններում»:

«Ահա ա՞յս պետությանն են մեզ առաջարկում փոխզիջումների գնալ: Ա՞յս պետությանն են առաջարկում Լեռնային Ղարաբաղին հանձնել իր քաղաքացիներին: Ա՞յս պետությունն է ինչ-որ ինքնավարության տեսակներ առաջարկում այն մարդկանց, որոնց, հավանաբար, մտադիր է սպանել»,-հայտարարել է քաղաքագետը:

Ըստ նրա, Ադրբեջանի իշխանությունները, ազատ արձակելով Սաֆարովին, միանգամայն հակառակ արդյունքի հասան: «Չգիտեմ, թե ինչի էին նրանք ուզում հասնել, հավանաբար, վերջինը, ինչ կցանկանային, դա Ադրբեջանին վնասելն էր»,-ասել է Իսկանդարյանը:

«Քնած մարդու զազրելի կենցաղային սպանության համար մեղադրվող, չապաշխարհած մարդասպանը, որը դատավարության ժամանակ պդնում էր, թե ափսոսում է, որ միայն մեկին հաջողվեց սպանել, հավանաբար, «փրկագնի» դիմաց, արտահանձնվում է Ադրբեջանին, և հակառակ բոլոր օրենսդրական նորմերին, ինչպես միջազգային, այնպես էլ բուն Ադրբեջանի, այդ մարդասպանն ազատ է արձակվում: Գործնականում նա հերոս է հռչակվում»,-ասել է Իսկանդարյանը:

Ըստ փորձագետի, եթե մինչև երեկ այդ իրադարձությունը կարելի էր մեկնաբանել որպես երկու մարդկանց միջև տեղի ունեցած դեպք, ապա Սաֆարովին ազատ արձակելով ադրբեջանական պետությունը ստանձնում է այդ սպանության պատասխանատվությունը: «Ադրբեջանական պետությունը արդարացրեց մարդասպանին: Ադրբեջանի պաշտոնյաները, իշխող կուսակցության ներկայացուցիչները, արդարադատության ու ՊՆ ներկայացուցիչները մեկնաբանում են այդ սպանությունը որպես «արդարության ակտ»,-ասել է նա:

Իսկանդարյանը նաև հավելել է, որ գիշերն ուսումնասիրել է ադրբեջանական ԶԼՄ-ների լրահոսը Սաֆարովի գործով և նշել է, որ «հասարակական կարծիքն այդ երկրում ուղղակի տարակուսանք է առաջացնում, առնվազն շատ մեծ ափսոսանք»:

2004թ. փետրվարի 19-ին լեյտենանտ Գուրգեն Մարգարյանը Բուդապեշտում գազանաբար կացնահարվեց ադրբեջանցի սպա, ավագ լեյտենանտ Ռամիլ Սաֆարովի կողմից: Երկուսն էլ Բուդապեշտում մասնակցում էին ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում կազմակերպված անգլերեն լեզվի դասընթացներին:

2006թ. ապրիլի 13-ին մարդասպանը Բուդապեշտում դատապարտվեց ցմահ բանտարկության՝ 30 տարվա ընթացքում առանց ներման իրավունքի:

Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով Գուրգեն Մարգարյանը 2005թ. փետրվարի 19-ին հետմահու պարգևատրվեց «Արիության համար» մեդալով՝ ծառայության ընթացքում դրսևորած արիության ու ինքնազոհողության համար:

Գուրգեն Մարգարյան

2004 թ. փետրվարի 19-ին ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը գիշերը կացնահարում է Գուրգենի Մարգարյանին, երբ նա քնած էր: Երկուսն էլ մասնակցում էին Բուդապեշտում ՆԱՏՕ-ի ,Գործընկերություն հանուն խաղաղությանե ծրագրի շրջանակներում կազմակերպված անգլերենի դասընթացներին: Սաֆարովն առաջին հարցաքննության ժամանակ իր արարքի պատճառներն այսպես է բացատրել. «Ես ափսոսում եմ, որ ոչ մի հայ մինչ այժմ չեմ սպանել...Բանակն ինձ գործուղեց այս դասընթացներին, եւ այստեղ ես իմացա, որ մեզ հետ դասընթացներում նաեւ երկու հայ կա: Ասեմ, որ իմ մեջ ատելություն ծագեց հայերի հանդեպ: Սկզբում բարեւում էինք, այսինքն` նրանք էին բարեւում, սակայն ես չէի պատասխանում: Սպանության պատճառն այն է, որ նրանք անցան մեր մոտով եւ ժպտացին մեր երեսին: Այդ պահին ես որոշեցի սպանել նրանց, այսինքն լուսադեմին կտրել նրանց գլուխները»:

2006թ. ապրիլի 13-ին Բուդապեշտի առաջին ատյանի դատարանը դատապարտում է Սաֆարովին ցմահ բանտարկության առանց ներման իրավունքի 30 տարվա ընթացքում: 2007թ. փետրվարին Վճռաբեկ դատարանը դատավճիռն ուժի մեջ է թողնում:

Partner news
 Ուշագրավ
ՀՀԿ խմբակցության ղեկավարն ԱԺ ամբիոնից պատասխանեց այս օրերին ընդդիմության ներկայացուցիչների հնչեցրած քննադատություններին
«Եթե իշխանությունների մեջ կան մարդիկ, ովքեր այդպես չեն անի, մենք նրանցից պետք է ձերբազատվենք»,- ասաց նա
Քննարկմանը հրավիրված են ԱԺ պատգամավորները, վարչապետը, Էներգետիկայի և բնական պաշարների նախարարը, ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը
«Ձեզ այնքան կծեծեն դալաններում, որ ոչ միայն Ազգային ժողով չեք անցնի, այլև կարտագաղթեք»,-ասաց նա
Partner news