Ալիևի վարչակազմը փորձում է արդարանալ ԱՄՆ առջև![]() 1 սեպտեմբերի 2012 - 14:50 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահի աշխատակազմը «իր վերաբերմունքն է հայտնել» ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի մամլո ծառայության հայտարարության հանդեպ հայ սպային կացնահարած Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելու վերաբերյալ: Ինչպես հայտնում է ԱՊԱ-ն, Ադրբեջանի նախագահի աշխատակազմի իրավապահ մարմինների հետ աշխատանքի բաժնի պետ Ֆուադ Ալեսկերովն ասել է հետևյալը. «Դատապարտված անձնաց պատիժը կրելու համար արտահանձնման կարգը կարգավորվում է Դատապարտյալների փոխանցման մասին եվրոպական կոնվենցիայով, որը ընդունվել է ԵԽ-ում 1983թ.: Հունգարիան և Ադրբեջանը վավերացրել են այդ կոնվենցիան: Ըստ Կոնվենցիայի, պայմանավորվող կողմերից մեկի տարածքում դատապարտված անձը կարող է փոխանցվել մյուս պայմանավորվող կողմին կայացված պատիժը կրելու համար: Կոնվենցիան կարող է իրականացվել նաև այն դեպքում, երբ դատապարտյալն արդեն կրում է պատիժը: Ռամիլ Սաֆարովի արտահանձնման մասին որոշում կայացնելիս Հունգարիան, ինչպես նաև Ադրբեջանը, պահպանել են Կոնվենցիայի բոլոր դրույթները: Ադրբեջանական կողմը ներկայացրել է անհրաժեշտ իրավական տեղեկատվություն դատավճռի հետագա իրականացման համար: Ստացված տեղեկատվության հիման վրա հունգարական կողմը համաձայնվել է արտահանձնել Ռամիլ Սաֆարովին: Ինչ վերաբերում է Սաֆարովին ներում շնորհելուն, ապա պետք է նշել, որ հունգարական դատարանի դատավճիռը պայմանական ազատման ժամկետը սահմանել է դատավճռի կայացումից 30 տարվա ընթացքում: Այդ սահմանափակումը չի տարածվում դատապարտյալին ներում շնորհելու կամ համաներման արդյունքում ազատ արձակելու վրա: Սաֆարովին ներում է շնորհվել ըստ Ադրբեջանի Սահմանադրության և օրենսդրության՝ հաշվի առնելով Կոնվենցիայի դրույթները: Կոնվենցիան նախատեսում է, որ Կողմերից յուրաքանչյուրը կարող է ներում շնորհել, համաներում հայտարարել կամ կրճատել պատիժը ըստ այդ երկրի Սահմանադրության ու իրավական ակտերի: Ըստ Ադրբեջանի Սահմանադրության, ներման շնորհումը Ադրբեջանի նախագահի բացառիկ իրավունքն է: Ըստ Ադրբեջանի ՔՕ, ցմահ ազատազրկման դատապարտված անձանց հանդեպ ներում կարող է կիրառվել ցմահ բանտարկությունը 25 տարի ազատազրկմամբ փոխարինելով: Սաֆարովը ազատազրկման մեջ էր 2004թ. փետրվարի 19-ից, այսինքն նա պատիժը կրել է 8,5 տարի: Ներման ակտը պետք է դիտարկել որպես ցմահ ազատազրկման փոխարինում այն պատժաչափով, որը նա արդեն կրել է: Հաշվի առնելով այս ամենը Ռամիլ Սաֆարովը ազատ է արձակվել: Այդպիսով, ինչպես Հունգարիայի կողմից Սաֆարովի արտահանձնումը, այնպես էլ դրան հաջորդած նրա ներումը լիովին համահունչ են Դատապարտյալների փոխանցման մասին եվրոպական կոնվենցիային ու Ադրբեջանի օրենսդրությանը»: ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի մամլո քարտուղար Թոմի Վիետտորը մեկնաբանել է հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանության համար Հունգարիայում ցմահ բանտարկության դատապարտված Ռամիլ Սֆարովին Հունգարիայի կողմից Ադրբեջանին հանձնելու և նրան ներելու Ադրբեջանի որոշումը: «Նախագահ Բարաք Օբաման լրջորեն մտահոգված է այն հաղորդագրությամբ, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը անհապաղ ներում է շնորհել Ռամիլ Սաֆարովին Հունգարիայից վերդառնալուց անմիջապես հետո: Մենք մեր հիասթափությունն ենք հայտնել Ադրբեջանի իշխանություններին Սաֆարովի վերաբերյալ նրանց որոշման առնչությամբ, որը հակասում է լարվածության նվազեցմանը տարածշրջանում և հաշտեցման հաստատմանը: ԱՄՆ-ն նաև բացատրություններ է ակնկալում Հունգարիայից Սաֆարովին Ադրբեջանին արտահանձնելու վերաբերյալ»: ԱՄՆ Պետդեպարտամենտը նույնպես դատապարտել է Ռամիլ Սաֆարովի էքստրադիցիան ու ներումը: «ԱՄՆ-ն չափազանց մտահոգված է Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելու որոշման մասին տեղեկությամբ: Մենք նաև մանրամասն տեղեկատվություն ենք ակնկալում Հունգարիայից Սաֆարովի էքստրադիցիայի մասին»: Ցմահ բանտարկության դատապարտված Սաֆարովը արտահանձնվել է Ադրբեջանին, որտեղ նրան անհապաղ ներում է շնորհել Ադրբեջանի նախագահը: ![]() Գուրգեն Մարգարյան 2004 թ. փետրվարի 19-ին ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը գիշերը կացնահարում է Գուրգենի Մարգարյանին, երբ նա քնած էր: Երկուսն էլ մասնակցում էին Բուդապեշտում ՆԱՏՕ-ի ,Գործընկերություն հանուն խաղաղությանե ծրագրի շրջանակներում կազմակերպված անգլերենի դասընթացներին: Սաֆարովն առաջին հարցաքննության ժամանակ իր արարքի պատճառներն այսպես է բացատրել. «Ես ափսոսում եմ, որ ոչ մի հայ մինչ այժմ չեմ սպանել...Բանակն ինձ գործուղեց այս դասընթացներին, եւ այստեղ ես իմացա, որ մեզ հետ դասընթացներում նաեւ երկու հայ կա: Ասեմ, որ իմ մեջ ատելություն ծագեց հայերի հանդեպ: Սկզբում բարեւում էինք, այսինքն` նրանք էին բարեւում, սակայն ես չէի պատասխանում: Սպանության պատճառն այն է, որ նրանք անցան մեր մոտով եւ ժպտացին մեր երեսին: Այդ պահին ես որոշեցի սպանել նրանց, այսինքն լուսադեմին կտրել նրանց գլուխները»: Partner news Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1000 կրակոց Այնուհետև Մարտակերտ շրջկենտրոնում երկրի ղեկավարն անց է կացրել աշխատանքային խորհրդակցություն Ադրբեջանական ազգային պլատֆորմը (ԱԱՊ) դիմում է հղել Եվրանեսթի Խորհրդարանական վեհաժողովին ԼՂՀ ներկայացուցիչների մասնակցության վերաբերյալ Ուսումնարանի շրջանավարտները ազատ կտիրապետեն ռուսերենին ու անգլերենին, ինչպես նաև ադրբեջաներենին Partner news |