Ջանան Աթիլգանի. ԵՄ պաշտոնյաները հայտարարությամբ հանդես կգան Սաֆարովի արտահանձնման վերաբերյալ

Ջանան Աթիլգանի. ԵՄ պաշտոնյաները հայտարարությամբ հանդես կգան Սաֆարովի արտահանձնման վերաբերյալ

PanARMENIAN.Net - Ազգային ժողովի փոխնախագահներ Էդուարդ Շարմազանովը, Հերմինե Նաղդալյանը և ՀՀԿ խմբակցության անդամ Կարեն Ավագյանը սեպտեմբերի 3-ին հանդիպեցին Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի տարածաշրջանային ղեկավար Ջանան Աթիլգանի և հիմնադրամի երևանյան գրասենյակի նախագծի ղեկավար Լիանա Մարուքյանի հետ, հայտնում է ԱԺ մամլո ծառայությունը:

ԱԺ պատգամավորները բարձր գնահատեցին եվրոպական ժողովրդավարական, քրիստոնեական արժեքների տարածման ու ամրապնդման գործում հիմնադրամի կատարած մեծ աշխատանքն ու առաքելությունը:

Միաժամանակ նրանք ափսոսանք հայտնեցին, որ այս հանդիպումը համընկավ հայ սպա Գուրգեն Մարգարյանին դաժանորեն կացնահարած Ռամիլ Սաֆարովին ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ Հունգարիայի կողմից Ադրբեջանին հանձնելու և ապա հայրենի իշխանությունների կողմից մարդասպանին արդարացնելու ու հերոսացնելու աղաղակող իրադարձության հետ, ինչը հակասում է միջազգային ու եվրոպական իրավական ու բարոյական նորմերին: Հունգարիայի կատարած այդ արարքը իրավացիորեն հայ ժողովրդի ու եվրոպական հանրության վրդովմունքի պատճառ է դարձել, իսկ Ադրբեջանի անօրինական քայլը կրկին հաստատել նրա ֆաշիստական նկրտումները: ԱԺ պատգամավորները արձանագրեցին, որ իբրև պահպանողական կուսակցության անդամներ, իրենք ակնկալում են միջազգային առաջադեմ կազմակերպությունների արդարացի գնահատականը կատարված փաստի վերաբերյալ:

Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի տարածաշրջանային ղեկավար Ջանան Աթիլգանը կատարված փաստը մտահոգիչ համարեց իրենց համար ևս, քանի որ այն խոչընդոտում է նաև իրենց առաքելությանը: Նա հավաստիացրեց, որ այսօր-վաղը ԵՄ-ի բարձրաստիճան պաշտոնյաները հայտարարությամբ հանդես կգան կատարված փաստի վերաբերյալ, քանզի Եվրամիությունը պատասխանատու է իր անդամ երկրի վարած քաղաքականության համար: Տիկին Աթիլգանը Ադրբեջանի պահվածքը գնահատեց խիստ պրոբլեմատիկ և հավաստիացրեց, որ ինքը հասկանում ու կիսում է հայ ժողովրդի մտահոգությունը:

Հանդիպման ժամանակ քննարկվեց սեպտեմբերի 22-ին Եվրոպական ժողովրդական կուսակցության (EPP) նախաձեռնությամբ Վրաստանում տեղի ունենալիք համաժողովին Հայաստանի հանրապետական կուսակցության մասնակցության հարցը: ՀՀԿ խմբակցության պատգամավորները նշեցին, որ իրենք միշտ էլ ակտիվորեն են մասնակցել տարածաշրջանային ու միջազգային ծրագրերին, բայց կատարված վրդովեցուցիչ իրադարձությունները փոփոխություն են մտցրել տարածաշրջանային իրավիճակի մեջ ու հանգեցրել անվստահության ու անվտանգության պակասին: Ինչ վերաբերում է առաջիկայում այդ համաժողովին մասնակցելու առաջարկին, կուսակցությունը շուտով կքննարկի հարցը և կտա պաշտոնական պատասխան:

Տիկին Աթիլգանը տեղեկացրեց նաև, որ հիմնադրամը ցանկանում է Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր Բյորնզեն Վոլֆգանգի գրքի հայերեն թարգմանության ու հրատարակության ծրագիր իրականացնել ՀՀ Ազգային ժողովի հետ: ԱԺ փոխնախագահներ Էդուարդ Շարմազանովը և Հերմինե Նաղդալյանը ՀՀ Ազգային ժողովի և իրենց կուսակցության անունից պատրաստակամություն հայտնեցին մասնակցելու հիմնադրամի բոլոր տեղական ծրագրերին, իսկ ինչ վերաբերում է տարածաշրջանային միջոցառումներին, իրենք ձեռնպահ կմնան, քանի դեռ ԵՄ-ը և միջազգային հեղինակավոր կառույցներն արդարացի գնահատական չեն տվել հայ ժողովրդի անվտանգությանը սպառնացող անօրինական փաստի վերաբերյալ, հայտնում է ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:

Partner news
 Ուշագրավ
Գրիգորի Այվազյանը պատրաստվում է իր թեկնածությունն առաջադրել Ադրբեջանում հոկտեմբերին կայանալիք նախագահական ընտրություններին
ՀՀԿ-ի համար ամենաբարենպաստ պայմաններն են արմատական բարեփոխումներ կատարելու համար, կարծում է Խոսրով Հարությունյանը
Նա նկատեց, որ գազը մեկ տարուց ավելի թանկացել է, սակայն այդ մասին միայն ընտրություններից հետո հայտարարեցին
Այս առիթով Ստրասբուրգ է մեկնել ՀՀ Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը
Partner news