4 սեպտեմբերի 2012 - 18:16 AMT
Հայերը մանրադրամ են նետել Բուլղարիայում Հունգարիայի դեսպանատան առջև

Բուլղարիայի հայ համայնքի շուրջ 50 ներկայացուցիչներ Սոֆիայում Հունգարիայի դեսպանատան առջև բողոքի ցույց են անցկացրել հայ սպա Գուգրեն Մարգարյանի դաժան սպանության համար Հունգարիայում ցմահ ազատազրկման դատապարտված Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին արտահանձնելու և այնտեղ նրան ներում շնորհելու դեմ, հայտնում է Focus գործակալությունը:

Ակցիայի մասնակիցները նամակ են փոխանցել դեսպանության աշխատակիցներին: Ցուցարարները կրում էին «Խայտառակություն Հունգարիային» և «Արդարադատություն» գրություններով պաստառներ և մանրադրամ էին նետում դեսպանատան առջև:

Բուլղարիայի հայ համայնքը մտադիր է նաև բողոքի ևս մեկ ակցիա անցկացնել սեպտեմբերի 11-ին, երբ կայանալու է Հայաստան-Բուլղարիա ֆուտբոլային խաղը:

2004թ. փետրվարի 19-ին լեյտենանտ Գուրգեն Մարգարյանը Բուդապեշտում գազանաբար կացնահարվեց ադրբեջանցի սպա, ավագ լեյտենանտ Ռամիլ Սաֆարովի կողմից: Երկուսն էլ Բուդապեշտում մասնակցում էին ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում կազմակերպված անգլերեն լեզվի դասընթացներին: 2006թ. ապրիլի 13-ին մարդասպանը Բուդապեշտում դատապարտվեց ցմահ բանտարկության՝ 30 տարվա ընթացքում առանց ներման իրավունքի:

Օրերս Սաֆարովն արտահանձնվել է Ադրբեջանին, որտեղ նրան ներում և մայորի կոչում, բնակարան և 8 տարվա աշխատավարձ է շնորհվել երկրի նախագահի կողմից: Ի պատասխան դրան, Հայաստանը խզել է դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ:

Մինչդեռ հունգարական կողմը հայտարարում է, որ Ադրբեջանն ավելի վաղ երաշխավորել է, որ Սաֆարովի ցմահ ազատազրկման վերաբերյալ դատավճիռը կարող է փոփոխվել դատարանի միջոցով` դատավճիռը 25 տարի կրելուց հետո միայն: