Հայաստանի պետական և մասնավոր հատվածները պատրաստ են եվրոպարտատոմսերի թողարկմանը

Հայաստանի պետական և մասնավոր հատվածները պատրաստ են եվրոպարտատոմսերի թողարկմանը

PanARMENIAN.Net - Հայաստանի համար հիմա ժամանակն է կազմակերպել եվրոպարտատոմսերի առաջին էմիսիան: Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասել է «Ամերիա» ընկերությունների խմբի ներդրումային և բանկային գործարքների բաժնի տնօրեն Առնո Մոսիկյանը: «Դա կդառնա ֆինանսավորման այլընտրանքային աղբյուր, քանի որ հիմա մենք կախված ենք միայն միջազգային կառույցների ֆինանսներից»,- ասել է նա: Նրա խոսքով, այդ արժեթղթերի էմիսիան պարտքի կառավարման արդյունավետ միջոց է և ընդհանուր առմամբ լավ գործիք մասնավոր ընկերությունների համար` իրենց հետագա պարտքի կառավարման համար:

«Ամերիա» ընկերությունների խումբը «Տրոյկա Դիալոգի» իր գործընկերների հետ միասին և «Սբերբանկը» սեպտեմբերի 6-ին կազմակերպել են սեմինար-քննարկում եվրոպարտատոմսերի և դրանց շուկայի թեմայով, որին մասնակցել են Հայաստանի ֆինանսների նախարարության, ՀՀ Կենտրոնական բանկի, ֆոնդային բորսայի աշխատողներ, ինչպես նաև բանկի կորպորատիվ հաճախորդներ:

Անդրադառնալով սեմինարին` մասնագետը նշել է, որ այն արդի է հենց նրանով, որ Հայաստանը դեռ եվրոպարտատոմսերի էմիսիայի փորձ չունի, իսկ ահա հարևան Վրաստանում արդեն իրականացվել է հինգ թողարկում: «Դա կարևոր է մասնավոր հատվածի զարգացման համար արտաքին շուկաներից լրացուցիչ կապիտալ ներգրավելու առումով»,- ասել է նա:

Առնո Մոսիկյանն առաջին էմիսիան կապում է պետական պարտատոմսերի հետ, որի ծավալը կարող է կազմել 200-500 մլն դոլար, 5 տարի մարման ժամկետով: Դրա հետ կապված նա նշել է, որ Հայաստանի մասնավոր հատվածը` խոշոր ֆինանսական կազմակերպությունները, այդ թվում նաև պետությունը, լիովին պատրաստ են թողարկման:

Մոսիկյանը հավելել է, որ «Ամերիա» ընկերությունների խմբի ղեկավարությունը յուրաքանչյուր պահի կարող է որոշում ընդունել եվրոպարտատոմսերի թողարկման մասին:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---