ԱԱ ընտրական փուլում Հայաստանի ֆուտբոլի հավաքականը մեկնարկեց հաղթանակով

ԱԱ ընտրական փուլում Հայաստանի ֆուտբոլի հավաքականը մեկնարկեց հաղթանակով

PanARMENIAN.Net - Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն աշխարհի 2014 թվականի առաջնության ընտրական փուլում մեկնարկեց Մալթայի դեմ արտագնա խաղով:

Վալետայի «Տա Կալի» մարզադաշտում Հայաստանի ընտրանին վաստակեց առաջին երեք միավորը:

Ինչպես և առաջին խաղակեսում, երկրորդում ևս հայ ֆուտբոլիստները գործում էին ակտիվ և ամեն ինչ անում էին, որպեսզի գրավեն մրցակցի դարպասը: 51-րդ րոպեին նախ կարող էր գոլի հեղինակ դառնալ Մարկոս Պիզելլին, ապա հնարավորութունը ձեռքից բաց թողեց Հենրիկ Մխիթարյանը:

Ի տարբերություն առաջին կեսի, Մալթայի ֆուտբոլիստները մեկնարկային րոպեներին սկսեցին գործել ավելի վստահ, պահում էին գնդակը և մի քանի անգամ անհանգստացրին Հայաստանի պաշտպաններին:

Սակայն հայ ֆուտբոլիստներն ու գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը շարունակեցին պայքարել: Մինասյանը խաղադաշտ դուրս բերեց Արթուր Սարկիսովին, վերջինս էլ 70-րդ րոպեին Յուրա Մովսիսյանի գեղեցիկ փոխանցումից հետո բացեց խաղի հաշիվը` 1:0:

Գոլ խփելուց հետո Հայաստանի ընտրանին ավելի հանգիստ ու ազատ սկսեց գործել, իսկ մրցակիցը պատասխանում էր միայն խախտում կատարելով: Վերջին հինգ րոպեների ընթացքում հայերը կարող էին ևս մի քանի անգամ գրավել մրցակցի դարպասը, սակայն այդպես էլ չկարողացան:

Հայաստանի հավաքականը, չնայած բավականին դժվարությամբ, բայց կարողացավ նվազագույն` 1:0 հաշվով, հաղթանակ տոնել Մալթայի նկատմամբ:

Հայաստանի հավաքականը ընտրական փուլում վաստակեց առաջին երեք միավորները: Հաջորդ հանդիպումը հայկական թիմը կանցկացնի սեպտեմբերի 11-ին, իսկ մրցակիցը կլինի Բուլղարիան:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---