
Հակակոռուպցիոն ծրագրի 75%-ն արդեն կատարվել է: Այդ մասին այսօր Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնեց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: «Ծրագիրը մեկնարկել է 2010 թվականին և իրագործման ավարտին մնացել է 3 ամիս: Մատնանշված են կոնկրետ թիրախներ, որտեղ կոռուպցիոն ռիսկեր կան, և որոնց դեմ ուղղված է ծրագիրը: Մասնավորապես, մասնագիտական կրթության ուսումնական հաստատություններում ընդունելության քննությունները վերացվել են, հարցազրույց է պահպանվել միայն նեղ մասնագիտական քոլեջների, արվեստի, մշակույթի, բժշկական հաստատությունների ընդունելության համար: Դրա արդյունքում կոռուպցիան ռիսկերը կտրուկ նվազել են»,- նշեց նա:
Կրթության նախարարը խոսեց նաև բուհական ընդունելության քննությունների շարունակական փոփոխությունների մասին` շեշտելով, որ այս տարի քննություններն ընթացել են աննախադեպ օբյեկտիվ և նվազագույն կոռուպցիոն ռիսկերով: «Ընդունելության քննությունների շտեմարանային եղանակը բերեց նրան, որ քննությունները դարձան կանխատեսելի, սոցիալական հավասարություն հաստատվեց, նվազեց կրկնուսույցների դերակատարությունը և պահանջարկը, ծնողներն էլ ավելի հանգիստ էին վերաբերվում: Այս տարվա ընդունելության քննությունները ցույց տվեցին, որ այս ոլորտում կարող ենք շոշափելի ձեռքբերումներ ունենալ»,- ասաց նախարարը` հաղորդելով, որ մյուս տարի շտեմարանային եղանակով կկազմակերպվեն բոլոր առարկայական քննությունները:
Արմեն Աշոտյանը նշեց նաև հակակոռուպցիոն ծրագրի շրջանակներում բուհերի գործունեության մեջ լրջագույն փոփոխությունների իրականացման մասին` վերացնելու կամ նվազեցնելու նախկին ընթացակարգերում առկա կոռուպցիոն ռիսկերը: «Պետական ավարտական քննությունների ընթացակարգի փոփոխության շնորհիվ կոռուպցիոն ռիսկերը նվազեցվեցին, ուսանողներին իրավունք տրվեց բողոքարկել պետական ավարտական քննության արդյունքները, քանի որ քննության ընթացքը ձայնագրվում, որոշ բուհերում նաև տեսագրվում էր: Կտրուկ պարզեցվել է ուսանողների` բուհից բուհ տեղափոխությունը, վերականգնումը բուհում»,- ասաց նա` հավելելով, որ կոռուպցիոն ռիսկերի նվազեցման նպատակով վերանայվել են շուրջ 100 իրավական ակտեր: