26 սեպտեմբերի 2012 - 13:50 AMT
Հայկ Մակուչյան. Ռամիլ Սաֆարովն ադրբեջանական կողմի համար արդեն «օգտագործված նյութ» է

Հայ սպա Գուրգեն Մարգարյանին սպանած Ռամիլ Սաֆարովն ադրբեջանական կողմի համար արդեն «օգտագործված նյութ» է:

Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարարին կից կոլեգիայի քարտուղար Հայկ Մակուչյանը, ով Գուրգեն Մարգարյանի հետ միասին Բուդապեշտում մասնակցել է ՆԱՏՕ-ի զորավարժություններին:

«Սաֆարովն ինձ համար բութ առարկա է, որին օգտագործել են: Ցավոք սրտի, այդ համակարգը բազմացնում է նման բութ առարկաներ»,- հայտարարել է նա:

Մակուչյանը հերքել է նաև ադրբեջանական կողմի բոլոր պնդումները, որ Գուրգեն Մարգարյանը և նա իբր անարգել են ադրբեջանական դրոշը և վիրավորել Սաֆարովին: «Դա բացահայտ սուտ է»,- ասել է նա և հիշեցրել, որ դատարանում բոլոր վկաները հերքել են Սաֆարովի և նրա փաստաբանների պնդումները:

Ինչ վերաբերվում է հանգուցյալ Մարգարյանին, ապա, Մակուչյանի խոսքով, նա իր հիշողության մեջ կմնա որպես արտասովոր բարի մարդ, ով միշտ ցանկացել է օգնել իրեն շրջապատող մարդկանց:

Մակուչյանը նաև խորհուրդ է տվել արտասահման տարբեր միջոցառումների մեկնող հայերին զգոն լինել, անկախ նրանից, այդ միջոցառմանն ադրբեջանցի մասնակցում է, թե ոչ: